Երեկ տեղի ունեցավ մի շատ կարևոր և խորհրդանշական միջոցառում, որի մասին մենք չենք կարող չխոսել։ Սահմանամերձ Ոսկեպար գյուղում ակցիա է տեղի ունեցել Ոսկեպար, հարակից Կիրանց, Բաղանիս գյուղերի բնակիչների, հոգևորականների և հայրենասիրական տարբեր ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Շատ մարդիկ եկել են երկրի տարբեր անկյուններից։ Միջոցառումը կազմակերպվել է «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից և կոչված է համախմբելու հասարակությանը՝ պաշտպանելու հայրենի հողը՝ տարածքային հնարավոր զիջումների մասին իշխանությունների հայտարարությունների ֆոնին:
Ոսկեպարի գյուղապետ Իշխան Աղբալյանը ակցիայի ժամանակ հայտարարեց, որ գյուղի բնակիչները վճռական «ոչ» են ասում իշխանությունների միակողմանի զիջումներին: «Գյուղի բնակիչները կռվել են 90-ականներին, պատրաստ են կռվել նաև հիմա՝ հանուն իրենց հողի և իրենց երկրի», — վստահեցրեց նա:
Հանրահավաքին ելույթ ունեցած պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը հիշեցրեց, որ Ոսկեպար գյուղը 1991-1993թթ. դարձել է Հայաստանի հաղթանակի խորհրդանիշը, և որ հիմա մեր երկիրը վտանգված է. «Իմացեք, վտանգված է մեր պետությունը: Մենք վտանգի տակ ենք։ Կորցնելով այս տավուշյան շրջանը, Ոսկեպար գյուղը՝ կորցնելու ենք մեր պետականությունը։ Հավատացեք, մենք կորցնելու ենք մեր պետականությունն ու անկախությունը»։
Շատերը կհիշեն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ելույթը, ով Ոսկեպարը հայերի համար հաղթանակի խորհրդանիշ է անվանել և քննադատել Հայաստանի ղեկավարությանը սեփական քաղաքացիներին նոր պատերազմով վախեցնելու փորձերի համար. «Եթե գյուղացիները մասնակցում են այս միջպետական հանձնախմբին, վաղը-մյուս օրը կասեն՝ դուք արեցիք: Պատասխանատվությունը գյուղացիների վրա է լինելու: Եթե չհամաձայնվեք և պատերազմ եկավ մեր ժողովրդի գլխին, կասեն՝ էլի դուք արեցիք, բա դուք հանձնախմբի մեչ եիք: Բոլոր առումներով մեզ է մեղադրանք լինելու»։ «Մեզ ասում են [իշխանությունները], որ մենք մեկ միլիմետր անգամ չենք զիջելու հայրենիքի տարածքից, Հայաստանի Հանրապետությունից։ 400 քառ. կմ եք զիջել: Զիջել եք ամբողչ 12 000 քառ. կմ Արցախ: Մեկ միլիմետր չեք զիջել, շատ-շատ եք զիջել և շատ-շատ պատրաստվում եք զիջելու»։
Բագրատ սրբազանը հիշեցրեց, որ 2021 թվականին քարոզարշավի ժամանակ Փաշինյանը եկել էր Ոսկեպար, և այդ ժամանակ տարածքներ հանձնելու մասին խոսք չկար։ Նա դիմեց երկրի ղեկավարությանը. «Եկել ենք ասելու՝ վերցրեք ձեր աղետն ու գնացեք, այդքան բան»:
Նշենք, որ օրերս Նիկոլը խորհրդարանում ելույթի ժամանակ հիշել էր Ոսկեպարի 6-7-րդ դարերի Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ հայտարարելով, որ հող հանձնելու դեմ հանդես եկած հոգևորականները նույնիսկ այդ եկեղեցում չեն եղել: Մինչդեռ 2017 թվականին եկեղեցին բարերարների օգնությամբ վերանորոգվել է։ Եվ այդ ժամանակվանից ի վեր, ամեն տարի, հոգևորականները ծառայում էին դրանում: Եվ Տեր Բագրատը բազմիցս պատարագ է մատուցել Ոսկեպարի եկեղեցում։ Ստացվում է, որ Նիկոլը կրկին բացահայտ ստում է։
Սա է մեր այսօրվա իշխանության դեմքը՝ կապիտուլյանտներն ու ստախոսները, որոնք պատրաստ են սեփական իշխանությունը պահպանելու համար գնալ ցանկացած զիջման։ Իսկ մենք չենք կարող չհիշեցնել, թե ինչ զիջումների մասին է խոսքը։ Վտանգված է ոչ միայն Տավուշի 4 գյուղերի ճակատագիրը։ Նիկոլը պատրաստ է հանձնել հայկական պաշտպանության թերևս ամենաուժեղ գիծը, կարևորագույն միջպետական մայրուղին, որի կորուստը կհանգեցնի մեր տարածքների շրջափակմանը՝ Արցախի նմանությամբ, և գազամուղի վերահսկողությունը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՄԵՆՔ ՁԵԶ ՀԵՏ ԵՆՔ