Մարդասիրական օգնություն, թե՞ սադրանք

Երեկ հայկական բոլոր լրատվամիջոցներն ու տելեգրամյան ալիքներն իրար հերթ չտալով հաղորդում էին Արցախ մեկնող մարդասիրական ավտոշարասյան մասին։ Դրա տեղաշարժը վերահսկվում էր ամբողջ ճանապարհի ընթացքում և տեղեկացվում էր հանրությանը, թե ավտոշարասյունը ո՛ր բնակավայրերն է անցել։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների՝ Մոսկվայում ավելի վաղ կայացած բանակցությունների ֆոնին այս գործողությունը կարող էր թվալ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունք։ Բայց, ըստ մոսկովյան բանակցություններին մոտ կանգնած աղբյուրների, Արարատ Միրզոյանը Արցախ օգնություն ուղարկելու հարց չի բարձրացրել, իսկ ռուսական կողմի առաջարկներին նրա պատասխանը լռությունն է եղել։

Երևի շատ հայեր թեթևացած շունչ քաշեցին. վերջապես գործը մեռյալ կետից շարժվեց, և արցախցիների ճակատագիրը թեկուզ մի փոքր, բայց կթեթևանա:

Ընդ որում, բոլոր հաղորդագրություններում նշվում էր, որ մարդասիրական բեռը կհասցվի Կոռնիձոր, որտեղից դրա ուղեկցումը կստանձնեն ռուս խաղաղապահները: Միայն հենց Արցախից են տեղեկություններ ստացվել, որ խաղաղապահների հետ այդ հարցում ո՛չ միայն չեն պայմանավորվել, այլև՝ նույնիսկ չեն տեղեկացրել իրենց մտադրությունների մասին ։

Արցախում հումանիտար ճգնաժամի կառավարման հայկական աշխատանքային խմբի ներկայացուցիչները՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի նախագահությամբ, լիակատար վստահությամբ պնդում էին, որ Ադրբեջանի կողմից որևէ խնդիր և խոչընդոտ չի առաջանա, չէ՞ որ դա մարդասիրական բեռ է:

Այս հավաստիացումներն էլ ստեղծեցին ձեռնարկված մարդասիրական ակցիայի հաջողության պատրանք։ Իրականությունն այլ էր։

Արդյունքը կանխատեսելի է՝ շարասյունը լռվել-կանգնել է Կոռնիձորում:  Հայաստանի իշխանություններն անմիջապես հայտնեցին, որ դիմել են ռուս խաղաղապահներին և սպասում են նրանց պատասխանին։ Օրինաչափ  հարց է առաջանում՝ չարժե՞ր արդյոք դա անել նախօրոք՝ դեռևս մարդասիրական բեռի ձևավորման կամ գոնե Երևանից դուրս գալու փուլում։

Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը ենթադրում է, որ այս ամբողջ իրավիճակը միտումնավոր ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի կողմից՝ խաղաղապահ զորախումբը վարկաբեկելու նպատակով։ Սրանով վարչապետը ցանկանում էր ցույց տալ, որ Հայաստանն իր հերթին արեց հնարավոր ամեն ինչ արցախցիների տառապանքը մեղմելու համար, սակայն արդյունքի չհաջողվեց հասնել ոչ այնքան Ադրբեջանի, որքան՝ ռուս խաղաղապահների պատճառով, որոնք չեն կատարում իրենց ստանձնած պարտավորությունները։  Դժվար է այս հարցում չհամաձայնել Աբովյանի հետ։ Չէ որ, իսկապես, ձեռք բերված պայմանավորվածության մասին մենք ոչինչ չլսեցինք, ոչինչ չասվեց բանակցությունների մասին՝ շարասյան անարգել անցումն ապահովելու մասով։

Այս ամբողջ պատմության մեջ ցավալին այն է, որ արցախահայությունն այժմ դարձել է ոչ միայն Ադրբեջանի, այլև Նիկոլ Փաշինյանի քաղաքական ինտրիգների պատանդը։ Նրանց իրականում ծաղրել են՝ քթի առաջ թափահարելով մարդասիրական օգնությունը՝  նախապես իմանալով, որ այն չի հասնի հասցեատերերին։

Ու արդյունքում ի՞նչ: Փաշինյանը ևս մեկ անգամ ափսոսանք կհայտնի, որ խաղաղապահներն ի վիճակի չեն կատարել իրենց ստանձնած պարտավորությունները կամ ընդհանրապես նրանց կմեղադրի Արցախում իրավիճակը սրելու մեջ: Կասի, թե Հայաստանն անում է հնարավոր ամեն ինչ, բայց արդյունքի հասնել թույլ չի տալիս «նախկինների» թողած ժառանգությունը։ Կրկին հանդես կգա Ստեփանակերտի և Բաքվի ուղիղ երկխոսության օգտին։

Ո՞վ է շահում: Փաշինյանը, ով, իբր, մտահոգվում է Արցախում հումանիտար իրավիճակով և անում ամեն հնարավոր բան, որպեսզի աղետը կանխի, իսկ գործնականում հետևողականորեն հանձնում է Արցախը: Հայաստանի արևմտյան գործընկերներն, ովքեր իրենց անհանգստության ու մտահոգությունների շնորհիվ հայերի աչքին ներկայանում են իբրև փրկիչներ, բայց իրականում մտադիր չեն գործուն քայլեր ձեռնարկել ու պատասխանատվություն կրել՝՝ սահմանափակվելով եվրոպացի դիտորդների աչքերով՝ հեռադիտակների միջոցով, շարասյան շարժին հետևելով: Եվ, իհարկե, Ադրբեջանը, որը կրկին ցույց տվեց իր վճռականությունն ու ուժը ։

Ո՞վ է տանուլ տալիս: Առաջին հերթին՝ արցախցիներն, ովքեր այդպես էլ մարդասիրական օգնություն չեն ստանում ու մնում են շրջափակման մեջ, և՝ հայերը բուն Հայաստանում, որոնց Փաշինյանը շարունակում է ծաղրաբանել՝ տեղեկատվական մանիպուլյացիաների նորանոր մեթոդներ հնարելով:

Աղբյուրը՝ Telegram
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ։

Comments (5)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև