Վերջին շրջանում սառած հայ-ռուսական հարաբերություններն ամրության հերթական ստուգումն են անցնում, այժմ՝ Ուկրաինայի պատճառով:
Ուրբաթը մեկնարկեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությամբ, ով ցանկություն հայտնեց Ռուսաստանի հետ խնդիրները կարգավորել երկխոսության միջոցով ու ընկերական միջավայրում:
Կարող էր թվալ, որ մեր ղեկավարությունը որոշել է չափավորել հակառուսական հռետորաբանության խանդավառությունն ու հարթել հակասությունները: Բայց քիչ ավելի ուշ այդ կասկածները փարատեց Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ Ուկրաինայի պաշտոնական դեմքերի հետ բանակցություններով պայմանավորված Հայաստանի ցուցադրական ոչ բարեկամական քայլերի մասին հայտարարությանը: Խորհրդարանի խոսնակը Ռուսաստանին մեղադրեց այն բանում, որ վերջինս ցանկանում է Հայաստանին ուղղորդել՝ ո՛ւմ հետ շփվել, իսկ ո՛ւմ հետ՝ ոչ, իր դաշնակցությունը պարտադրել՝ առանց միջազգային գործընկերների ընտրության ազատություն տալու:
Այս համայնապատկերում գրեթե հաշտեցնող էր արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի հայտարարությունը, ով որևէ դատապարտելի բան չէր տեսել Մալթայում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հանդիպման մեջ: Ըստ նրա՝ դա ընդամենը անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումների համար հարթակ էր:
Ընդհանուր առմամբ, Հայաստանի պաշտոնական դեմքերի հայտարարություններում ամեն բան հանգում է նրան, որ ոչ մի հակառուսական քայլ չի արվել, իշխանությունները սովորական միջազգային գործունեություն են ծավալում, իսկ Ռուսաստանը սարսափ է առաջացնում ու հենց ինքն է դաշնակցային հարաբերություններին հակառակ գործում:
Բայց մի քանի նրբություն կա: Նախ, Մալթայի միջոցառումը կոչվում էր «Ուկրաինայի խաղաղության բանաձևը»՝ նվիրված հենց Կիևի պատկերացումներին այն մասին, թե ինչպես պիտի ավարտվի ռուս-ուկրաինական ռազմական առճակատումը: Իսկ այն պետք է ավարտվի, ոչ ավել, ոչ պակաս, Ռուսաստանի (եթե ինչ՝ Հայաստանի դաշնակցի) ռազմական պարտությամբ: Ու այստեղ Հայաստանին հարվածի տակ են դնում հենց ուկրաինացիները, ովքեր՝ հայտնելով Գրիգորյանի ու Երմակի հանդիպման մասին, «բարձր են գնահատել Հայաստանի միացումն Ուկրաինայի խաղաղության բանաձևին աջակցող պետությունների շրջանակին» և ընդգծել են «Ուկրաինայի ու Հայաստանի միջև երկկողմ հարաբերություններում նոր համատեքստը»: Հետաքրքիր է, այդ ի՞նչ համատեքստ է:
Երկրորդ՝ անցած տարվա փետրվարից մինչև Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի Կիև մեկնելը Հայաստանը հայ-ուկրաինական հարաբերությունների ամրապնդման կարիք առանձնապես չէր զգում։ Հանդիպումներ չեն եղել ո՛չ երկկողմ, ո՛չ էլ միջազգային միջոցառումների շրջանակներում։ Բայց հանկարծ, ինչ-ինչ պատճառներով, անհրաժեշտություն առաջացավ այդ հարաբերությունները շտապ զարգացնել: Կասկածելի զուգադիպությամբ դա համընկավ նաև Հայաստանի կառավարության այլ գործողությունների հետ, որոնք, մեղմ ասած, Ռուսաստանի հանդեպ այնքան էլ բարեկամական բնույթ չեն կրում։ Օրինակ՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը։
Եվ երրորդ՝ այդ ինչո՞վ կարող է Ուկրաինան հետաքրքրել Հայաստանին: Պետություն, որն արդեն ավելին քան լիարժեք կախված է արտաքին ֆինանսավորումից, որի պաշտոնական դեմքերն իրենք էլ ընդունում են, որ առանց արևմտյան օգնության երկիրը մեկ շաբաթ անգամ չի ձգի, որի տնտեսությունը լիարժեք անկում է ապրում, պետություն, որի մասին, ի վերջո, գրեթե մոռացան պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից անմիջապես հետո:
Կարծես թե միակ բանը, որով կարելի է բացատրել հայ-ուկրաինական բարեկամության այս հանկարծակի ձգտումը, ԱՄՆ-ին և ԵՄ-ին իրենց հավատարմության ցուցադրումն է, և այն, թե ում կողմն է ընդունել Հայաստանը Ռուսաստանի և Արևմուտքի գլոբալ հակամարտությունում։
Ըստ էության, հայաստանյան իշխանություններն իրենց գործողություններով ինքնակամ մեր երկիրը հանձնեցին որպես այդ հակամարտության զինադաշտ: Ու, ցավոք, այդ որոշման դառը պտուղները քաղելու են ոչ թե ներկայիս ղեկավարներն, այլ մենք՝ Հայաստանի հասարակ քաղաքացիները:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան