Արմեն և Սերգեյ Սմբատյանների ձերբակալման լուրը ինձ շոկի ենթարկեց: Այս մասին ասել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի ժողովրդական արտիստ, Խաղաղության Արտիստ (ՅՈՒՆԵՍԿՕ), Ֆրանսիայի Պատվավոր լեգեոնի ասպետ, Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Վլադիմիր Սպիվակովը:
«Արմեն և Սերգեյ Սմբատյանների ձերբակալման և նրանց առավել մեծ չափով կազմակերպված խարդախության մեղադրանքի առաջադրման մասին լուրը ինձ շոկի ենթարկեց։ Ես խորը թախիծ եմ ապրում և չեմ կարող չկիսվել Հայաստանի իմ սիրելի հանդիսատեսի հետ, որի հետ կապված եմ արդեն 40 տարի։ Դա ոչ միայն ստեղծագործական,այլ նաև բարեկամական, մարդկային կապ է, այդ պատճառով ես չեմ կարող լռել օրը ցերեկով տեղի ունեցող անարդարության մասին։
Հայ ազգը, ինչպես մեր մոլորակի ցանկացած ազգ, երկարացնում է իր գոյությունը, աճում և զարգանում է առաջին հերթին սերնդեսերունդ փոխանցվող մշակույթի շնորհիվ։ Մշակույթի մարդկանց առաքելությունը Հայրենիքի վերամբարձ կերպարի ստեղծումն է։ Իմ աչքերի առաջ Սերգեյ Սմբատյանը, ում ես ճանաչում էի մանկուց, տղայից դարձավ Լուսավորիչ, ով փառաբանում էր իր Հայրենիքը, դարձավ հայկական մեծագույն մշակույթի կրողը։ Ավելին, զրոյից ստեղծելով հրաշալի սիմֆոնիկ նվագախումբը իր արտիստական կազմակերպչական տաղանդի, բազմաթիվ համերգների, հյուրախաղերի շնորհիվ մաեստրո Սմբատյանը արդեն շատ տարիներ այդ մշակույթի գլխավոր պրոպագանդիստներից մեկն է համաշխարհային ասպարեզում։ Նրա նվագախմբի հետ ելույթ են ունեցել համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտներ։ Եվ ես համոզված եմ, որ հայ հանդիսատեսը պետք է հպարտանա այդպիսի արտիստով։
Երկու խոսք Ֆեմիդայի` արդարադատության աստվածուհու մասին։ Ինչպես հայտնի է, նրա աչքերը կապված են։ Այլաբանությունը հասկանալի է բոլորը հավասար են օրենքի առաջ։ Բայց ոչ ոք ոչ մի երկրում անմեղության կանխավարկածը չի չեղարկել։ Եվ պատիժը պետք է համապատասխանի հանցագործությանը։ Արմեն և Սերգեյ Սմբատյանների մեղքը ապացուցված չէ։ Դատարանը դեռ երկար պետք է քննի այդ գործը։ Ռազմական խռովության կամ սպանության նման քրեական հանցագործություններ չկատարած մարդկանց առանց մեղքն ապացուցելու բանտ նստեցնելը անմեղության կանխավարկածի կոպիտ խախտում է։
Բոլորին հասկանալի է, որ Արմեն և Սերգեյ Սմբատյանները հայ հասարակության համար որևէ վտանգ չեն ներկայացնում։ Ավելին, Սերգեյ Սմբատյանի ձերբակալությունը բացասական ասպեկտ է ստեղծում և վնասում է աշխարհում հայկական մշակույթի հեղինակությանը։ Ինձ համար շատ ցավալի է դա գիտակցելը։
Կոչ եմ անում նրանց, ումից դա կախված է, խափանման միջոցը փոխել բոլոր ցիվիլ երկրներին հատուկ մարդասիրական նորմերին համապատասխան»
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Ամոթ այս սրբապիղծ իշխանություններին…