Ժողովրդագրական վիճակը Հայաստանում

Հայաստանի համար 2020 թվականը աղետալի էր ու ահռելի բացասական ազդեցություն ունեցավ երկրի ժողովրդագրական վիճակի վրա: Փորձագետները կարծում են, որ այս ժողովրդագրական անդունդից հնարավոր է դուրս գալ միայն հատուկ մշակված ազգային ծրագրի միջոցով:

Հայաստանում բնակչության բնական աճի ցուցանիշները նախորդ 2 տարիների համեմատ մի փոքր բարելավվել են: Սակայն այդ բարելավումները չեն կարող շարունակական լինել 2020 թվականի՝ ժողովրդագրության համար աղետալի հետևանքների (խոսքը 44-օրյա պատերազմի ու COVID-19-ի մասին է) պատճառով: Փորձագետները կարծում են, որ 2020 թվականի իրադարձությունները մուլտիպլիկատիվ ազդեցություն կունենան, ինչը կարտահայտվի երկարաժամկետ հեռանկարում:

Ավելի վաղ Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեն երկրում ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ նոր տվյալներ էր հրապարակել: Այդպիսով, հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ծնվել է 22 964 երեխա, մահացել՝ 18 554 մարդ: Ամուսնությունների ու ամուսնալուծությունների թիվը համապատասխանաբար կազմել է 10 880 և 2 981:

Վերլուծելով նոր վիճակագրական տվյալները՝ պատմաբան, ժողովրդագրագետ Միքայել Մալխասյանը նշել է, որ վերջին տարիներին ժողովրդագրական տվյալները բավական մտահոգիչ են: Իրավիճակը բարդացել է համավարակի ու 44-օրյա պատերազմի ֆոնին: Այդ համատեքստում 2020 և 2021 թվականները ամենածանրն էին:

«Հրապարակված տվյալների համաձայն՝ 2022 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում բնական աճը կազմել է 4410 մարդ, կամ՝ 0,15%: Բացի այդ, կայունացել են մահացության ցուցանիշները»,- ասել է Մալխասյանը:

Նրա խոսքով՝ 2022 թվականի 8 ամիսների ընթացքում մահերի ընդհանուր թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 11%-ով, իսկ 2020 թվականի համեմատ՝ 3%-ով: Ընդհանուր առմամբ 2021 թվականին մահացության ցուցանիշը կազմել է 34 658, ինչը 32,4%-ով ավել էր 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Փորձագետը կարծում է, որ դրա վրա ազդեցում է կորոնավիրուսային վարակով պայմանավորված համաճարակաբանական իրավիճակը: Ներկայումս COVID-ից մահացության մասնաբաժինը նվազել է ու կազմում է 4%: Բացի այդ, վիճակագրության վրա ազդեցություն են ունեցել պատերազմի հետևանքները:

Տագնապալի են ծնելիության ցուցանիշները, քանի որ 2022 թվականի 8 ամիսների արդյունքում այն նվազել է 2,2%-ով: 2021 թվականի ընթացքում երկրում ծնվել է 36 585 երեխա (2020 թվականի համեմատ աճը կազմում է 0,6%` խմբ.):

Այդպիսով, 2020 թվականին ծնելիությունը մահացությունից ցածր էր, 2021 թվականին բնական աճը կազմել է մոտ 2 հազար, ինչն այնքան էլ շատ չէ:

Պատերազմը, COVID-ը ու դրանց հետևանքները

Մալխասյանը վստահ է, որ 44-օրյա պատերազմի հետևանքները մուլտիպլիկտիվ բնույթ են կրում: Իրավիճակն ավելի է բարդացնում վերջին տարիներին ամուսնալուծությունների աճի պահպանվող միտումը: 2022 թվականին ամուսնալուծությունների թիվը 2020 և 2021 թվականների համեմատ ավելացել է համապատասխանաբար 40,14 և ավելին քան 3%-ով:

Այսվֆ տարվա ընթացքում երկրում գրանցվել է 41%-ով ավելի շատ ամուսնություն, քան 2020 թվականի նույն ժամանակահատվածում, և 3,4%-ով ավելի քիչ, քան 2021 թվականին:

Փորձագետը հիշեցրեց, որ ժողովրդագրական ցուցանիշների վրա է ազդում նաև այն փաստը, որ Հայաստանը ծերացող բնակչություն ունի: Մասնավորապես, մինչև 2020 թվականի պատերազմը բնակչության 20%-ը կազմում էին 0-14 տարեկան քաղաքացիները, 67,5%-ը՝ 15-64 տարեկանները, 12%-ը՝ 65 տարեկանից բարձր անձինք:

«Պատերազմի ժամանակ զոհերի գերակշիռ մասը վերարտադրողական տարիքի տղամարդիկ էին: Երկարաժամկետ հեռանկարում դա բնակչության արական ու իգական կազմի դիսբալանսի է բերելու, ինչը բացասական ազդեցություն կունենա ամուսնությունների քանակի ու, հետևաբար, ծնելիության վրա»,- ասել է Մալխասյանը:

Փորձագետը նշել է նաև այն փաստը, որ 44-օրյա պատերազմում զոհվել են 2000-2002 թվականներին ծնված տղաները: Այդ տարիները մեր պատմության մեջ բնորոշվել են ամենացածր ծնելիությամբ: Նա չի բացառում, որ թշնամին, սանձազերծելով պատերազմը, հավանաբար հաշվարկել է այդ հանգամանքը և հույս ունեցել, որ զորամասերում զինծառայողների թիվը սովորականի համեմատ քիչ կլինի: Նա վստահ է, որ այս իրադարձությունների հետևանքով առաջացած ժողովրդագրական անդունդը ապագայում լուրջ խնդիրների կհանգեցնի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև