Ո՞ւր է նա մեզ տանում

Երեկ Եվրախորհրդարանում ելույթ ունենալիս Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը՝ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ:

Հեշտ է նման հայտարարություններ անել արևմտյան կուրատորների բարձր ծափահարությունների ու քաջալերանքի ներքո: Միայն թե մենք չենք մոռացել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ վերջերս կատարած հայտարարությունը Հայաստանի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին, թեև ավելի ուշ նրա խոսքերը հերքեցին: Այդուամենայնիվ, լայն հասարակության համար դա տեղեկատվական վախեցնող հոսք էր: Գուցե դա պատասխան էր Ռուսաստանի նախագահի հայտարարությանը, թե Մոսկվան իր հարթակում պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանագրի կնքմանը: Բլինքենի հայտարարության տողատակերում կարելի է կարդալ, որ Ռուսաստանում պայմանագրի կնքման դեպքում ԱՄՆ-ն կարող է աչք փակել Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի հարձակման վրա: Ահա այսպիսի ինքնատիպ շանտաժ Արևմուտքի կողմից։

Այժմ Հարավային Կովկասի համար բացահայտ պայքար է ընթանում, ու Նիկոլ Փաշինյանն, ով ժամանակին մեծ-մեծ խոստումներ էր տալիս Հայաստանի բնակիչներին, այլևս որևէ կերպ չի կարող ազդել իրավիճակի վրա: Խաղին են միացել Արևմուտքի դիվանագիտական ծանրքաշայինները, ովքեև Փաշինյանին կփոշիացնեն ճիշտ այն պահին, երբ նա այլևս անպիտան դառնա:

Բայց ահա թե ինչն է հետաքրքիր: Եվրախորհրդարանում իր ելույթում Փաշինյանը փաստացի ասաց, որ Ռուսաստանը փորձել է իշխանափոխություն անել Հայաստանում, բայց չի կարողացել: Վարչապետը հայտարարեց. «Այն ժամանակ, երբ 100 հազար հայեր Լեռնային Ղարաբաղից փախչում էին Հայաստան, անվտանգային ոլորտի մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլև Հայաստանում իշխանափոխություն անելու, ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում»: Իհարկե, ո՜չ մի օրինակ չբերեց ուղղակի այն պատճառով, որ դրանք պարզապես չկան: Ընդհակառակը Ռուսաստանի պաշտոնական դեմքերը մշտապես ընդգծել են Հայաստանի պաշտոնական իշխանությունների հետ աշխատելու պատրաստակամությունը, և նախագահ Պուտինն անգամ Փաշինյանի բազմաթիվ արարմունքներից հետո ասել է, որ նրա հետ շփման խնդիրներ չկան: Իսկ եթե Նիկոլն ի նկատի ունի ռուսաստանցի առանձին քաղաքագետների կամ լրագրողների հայտարարությունները, ապա դրանք չեն կարող դաշնակցի պաշտոնական տեսակետ համարվել: Հակառակ դեպքում, եթե առաջնորդվենք այդ մոտեցմամաբ, ապա «Բաղրամյան 26» տելեգրամ-ալիքը և նմանօրինակները վաղուց արդեն խզել են դաշնակցային բոլոր հարաբերությունները: Ու հայկական ղեկավարության ակնհայտ շրջադարձը Արևմուտքին արդեն վաղուց անզեն աչքով տեսանելի է:

Ի դեպ, մեր իշխանությունները վավերացրեցին Հռոմի ստատուտը՝ հիմնավորելով, որ Միջազգային քրեական դատարանի միջոցով կկարողանան իրենց ոճիրների համար պատասխանատվության ենթարկել Բաքվին ու Անկարային: Մի քանի շաբաթ է անցել: Որևէ մեկը լսե՞լ է այն մասին, թե մեր երկիրն այդ շինծու դատարան է դիմել: Գուցե Փաշինյա՞նն է հայց ներկայացրել Ալիևի դեմ:  Ա՜յ մենք էլ չենք լսել: Փոխարենը՝ Մոսկվայի հետ հարաբերությունները լրջորեն փչացվել են:

Վերադառնանք Արևմուտքի տված երաշխիքներին: Ի՞նչ է այս շրջադարձը տալիս մեր բնակիչներին: Չէ որ Արևմուտքը մեր անվտանգությունը չի՛ ապահովում, ՀԱՊԿ-ից դուրս գալու այլընտրանք չի՛ առաջարկում: Փաշինյանը Եվրախորհրդարանում ԵՄ դիտորդական առաքելությունն անվանեց «կարորագույն իրադարձություն, որով Եվրամիությունը առաջին անգամ ներգրավել է Հայաստանի անվտանգային օրակարգում»: Իսկ ի՞նչ են արել այդ դիտորդներն այս տարվա փետրվարից ի վեր: Ի՞նչ են կարողացել կանխել կամ ամրապնդել: Միակ բանը, որով նրանք հիշվել են, իրենց հեռադիտակներն էին, ադրբեջանցիների գնդակոծություններից հետո առաջին շարքերում փախչելու իրենց ունակությունն ու այդ նույն ադրբեջանցիներին իրենց դիտորդական վայրից տեղեկությունների փոխանցումը:

Իսկ ի՞նչ աջակցություն է մեզ ցուցաբերել Արևմուտքը նախկինում: Եկեք համեմատենք: Իսրայելի և Պաղեստինի միջև ռազմական գործողությունների մեկնարկից մեկ շաբաթ անց Եվրամիությունը մարդասիրական օդային կամուրջ գործարկեց դեպի Գազա օգնություն հասցնելու համար: Առաջին երկու թռիչքը կկատարվի արդեն այս շաբաթ: Մինչդեռ արցախցիները, ովքեր ինը ամսից ավել շրջափակման մեջ էին գտնվում, ոչ մի անգամ Եվրամիության որևէ երկրի կողմից մարդասիրական օգնություն չստացան. բնակիչներին կերակրում էին աջակցության խոստումներով ու շրջափակումը վերացնելու պահանջներով: Միայն ինը ամիս անց ֆրանսիացիները մարդասիրական օգնությամբ բեռնված բեռնատարներ ցուցադրաբար ուղարկեցին: Բայց այդ օգնությունն այդպես էլ չհասավ հասցեատերերին, ովքեր ավելի ուշ լքեցին իրենց տները: Ավելին, ֆրանսիական բեռներով բեռնատարերն անգամ չհամբերեցին ու չսպասեցին Լաչինի միջանցքն անցնելու հնարավորությանը, և դրա ֆոնին ֆոտոսեսիայից հետո՝ հաջորդ օրը, մեկնեցին Գորիս:

Հիշեցնենք նաև, որ Եվրամիությունն Ադրբեջանի դեմ որևէ պատժամիջոց չի կիրառել։ Ավելին, Ադրբեջանից Եվրամիություն ապրանքների ներմուծումը պահպանվում է և նույնիսկ աճում։ Բաքուն շարունակում է մնալ Եվրոպայի առանցքային էներգետիկ գործընկերներից մեկը։

Որքա՞ն կարելի է ծաղրել մեր ժողովրդին, որն այժմ ամոթ է զգում այն բանի համար, որ թույլ է տվել Փաշինյանին՝ իշխանության գալ։ Որևէ մեկը դեռ կասկածո՞ւմ է, որ նրա կառավարությունը մեզ սպանդի է տանում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև