Վերջերս արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանն ու Ռուսաստանն այլևս նույն լեզվով չեն խոսում. ԱԳ ղեկավարն այդպիսով փորձում էր ձախողված միջազգային համագործակցության մեղքը բարդել Մոսկվայի վրա: Բայց կարևոր է հիշեցնել, որ մեր ժողովուրդների սերտ և փոխշահավետ հարաբերությունների պատմությունը դարեր է ձգվում։ Մանավանդ որ հենց ա՛յս օրը ՝ 1992 թվականի ապրիլի 3-ին, Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունը։ Եվ ԱԳՆ-ն երեք տարուց պակաս ղեկավարող Միրզոյա՛նը չէ, որ պիտի գնահատականներ տա մեր երկրների հարաբերություններին։
Միրզոյանը գուցե և դադարել է հասկանալ ռուսաց լեզուն, բայց Ռուսաստանում գրեթե 2 մլն հայեր չեն կարող նույնը պնդել։ Պատահական չէ, որ ամենամեծ հայկական համայնքը ձևավորվել է հենց ՌԴ-ում։ Մեր ժողովուրդների միջև հարաբերությունների պատմությունն ավելի քան հազար տարվա պատմություն ունի։ Եթե հայացք նետենք դարերի խորքը, ապա չենք կարող չհիշել, թե ինչպե՜ս սյունյաց մելիք Իսրայել Օրին, եվրոպական տերություններից մերժում ստանալով Հայաստանին օգնելու հարցում, գնաց Պետրոս I-ի մոտ: Կայսրը նրան թույլ տվեց Ամստերդամից Ռուսաստան բերել 20 հազար ռուբլու զենք և զինամթերք՝ նախատեսված հայ զինվորների համար: Շատերն են հիշում Պետրոս I-ի խոսքերը. «Հայերին որքան հնարավոր է սիրաշահե՛լ և թեթևացնե՛լ պատշաճ կերպով, որպեսզի ավելի շահագրգիռ լինեն այստեղ գալու»։ Ավելի ուշ արդեն Եկատերինա II-ը հրամայել է. «Ազնիվ հայ ազգին պահպանել մեր Կայսերական ողորմության և բարեհաճության մեջ»:
Հենց 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմում Ռուսաստանի հաղթանա՛կն էր, որ թույլ տվեց հայերին վերակենդանացնել պետականությունը, որի վրա այսօր մակաբուծում են Փաշինյանն ու նրա հանցակիցները։ Խորհրդային տարիներին Հայաստանը ծաղկեց. նա ստացավ ատոմակայանը՝ մեր էներգետիկայի հենարանը, ամբողջությամբ վերակառուցվեց Երևանը, սկսվեց մետաղամշակման, մեքենաշինության, քիմիական, թեթև և սննդարդյունաբերության զարգացումը։ Այլ կերպ ասած՝ ա՛յն ամենն, ինչ այժմ ունի հայկական տնտեսությունը, հիմնադրվել է խորհրդային տարիներին։
Չնայած Նիկոլ Փաշինյանի կառավարության արտաքին քաղաքական կոնյունկտուրային և ակնհայտ արևմտամետ վեկտորին՝ Այսօր Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերը, որի հետ համագործակցությունը նպաստում է մեր տնտեսության աճին և քաղաքացիների բարեկեցությանը: Թվերն ինքնին խոսուն են. 2023 թվականին առևտրաշրջանառության ծավալներն աճել են 43%-ով (մինչև 7,3 մլրդ դոլար)։ Ընդ որում, արտահանման և ներմուծման ծավալները գրեթե հավասարվել են։ Սա խոսում է այն մասին, որ Ռուսաստանը շահավետ շուկա է մեր արտադրողների համար, ինչը չի՛ կարելի ասել Եվրոպայի մասին։ Եթե ՌԴ մենք արտահանել ենք 3,4 մլրդ դոլարի ապրանք, ապա Եվրամիության բոլոր երկրներ՝ ընդհանուր առմամբ ընդամենը 710 մլն դոլարի։ Ընդ որում, ապրանքաշրջանառության 17% աննշան աճի դեպքում ԵՄ արտահանումը նվազել է 8%-ով։ Ու ԱՄՆ-ի հետ առևտրի 45% աճի դեպքում արտահանումը նվազել է 40%-ով՝ հասնելով 48 մլն դոլարի: Մի խոսքով՝ մեր ապրանքները եվրոպացիներին և ամերիկացիներին հետաքրքի՛ր չեն: Մինչդեռ Ռուսաստանը նաև Հայաստանի տնտեսության գլխավոր ներդրողն է։ Կուտակված ռուսական ներդրումները կազմում են 2,2 մլրդ դոլար, իսկ դա օտարերկրյա բոլո՜ր ներդրումների 40%-ն է։
Ռուսական ընկերությունները Հայաստանում հսկայական հարկեր են վճարում և ներդրումային ծրագրեր իրականացնում։ Ավանդապես երկրի խոշորագույն հարկատու «ԳեոՊրոՄայնինգն» անցած տարի վճարել է 175 մլն դոլար, «Գազպրոմ Արմենիան»՝ 119,9 մլն դոլար, մեր երկրում իր ներկայությունը սրընթաց ավելացրած Wildberries առցանց առևտրի օպերատորը՝ ևս 65,4 մլն դոլար: Հարկերից զատ Հայկական երկաթուղիները շահագործող ռուսական ՀԿԵ ընկերությունը ենթակառուցվածքների և շարժակազմի պահպանման և զարգացման համար ներդրել է 441 մլն դոլար, իսկ «Գազպրոմը» երկրի գազաէներգետիկ համակարգում ներդրել է ավելի քան 790 մլն դոլար: Ակնհայտ է, որ այդ ներդրումները նպաստում են բնակչության կյանքի բարելավմանը։
Չի կարելի չնշել նաև այն փաստը, որ մեր երկրների միջև երկարամյա բարեկամական հարաբերությունների ֆոնին Ռուսաստանը մշտապես հնարավորինս արտոնյալ պայմաններով է հումք և էներգառեսուրսներ մատակարարել Հայաստան։ Եթե եվրոպական շուկաներում բնական գազի գինը գնահատվում է 1000 խմ-ի դիմաց 400 դոլար, ապա Հայաստանը երկար տարիներ ռուսական գազը գնում է նույն ծավալի դիմաց 165 դոլարով։ Ումի՞ց և որքա:ն գումարով են Փաշինյանն ու Միրզոյանը պատրաստվում գազ գնել, եթե մտադիր են շարունակել փչացնել Մոսկվայի հետ հարաբերությունները։ Չզարմանաք, եթե մեր իշխանության ղեկին գտնվող ենիչերները որպես գազ վաճառող դիտարկում են Ադրբեջանըին: Այս կլինիկական անադեկվատների դեպքում ամե՜ն ինչ հնարավոր է:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան