Ութ ժամ՝ ոչ մի բանի մասին

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի քաղաքացիների հետ ութժամյա ուղիղ եթեր է անցկացրել, որը հեռարձակվել Է YouTube-ով: Մենք արդեն չենք զարմանում, թե ինչպես է վարչապետը մանրանրբորեն խուսանավում սուր հարցերից։ Անգամ այս եթերում՝ ակնհայտորեն նախապես նախապատրաստված հարցերով, Նիկոլը հաջողացնում էր «….ի պատասխան ձեր հարցին ես չեմ ասի «այո», բայց նաև չեմ ասի «ոչ», բայց իմ «ոչ» ասելը չի նշանակելու «այո»» տիպի գոհարներ շաղ տալ։

Բարձրացված հարցերից մեկը ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության ճակատագիրն է։ Փաշինյանը հայտարարեց, որ երկիրը որոշում կկայացնի կազմակերպությունից դուրս գալու հարցով՝ ելնելով «Հայաստանի պետական շահերից». «Եթե այս պահին որևէ որոշում կայացրել կամ չենք կայացրել, մեր ուղենիշը, որի նկատմամբ կողմնորոշվում ենք, Հայաստանի պետական շահն է»: Եկեք հասկանանք, թե ինչպես է նա պատկերացնում մեր ու ձեր շահերը:

Ըստ Փաշինյանի՝ երկրի՝ կազմակերպությանն անդամակցությունը անհրաժեշտ աջակցություն մեզ չի տալիս, բայց միևնույն ժամանակ խոչընդոտ է ստեղծում այլ պետություններից օգնություն ստանալու համար: Նրա խոսքով, այլ միջազգային գործընկերները Հայաստանին մերժել են զենք մատակարարել միայն այն պատճառով, որ երկիրը ՀԱՊԿ անդամ է: Սակայն Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտման ինստիտուտի (SIPRI) տվյալներով ՝ 2003 թվականից (երբ ստեղծվեց ՀԱՊԿ-ը) մինչև 2022 թվականը Ռուսաստանից և Բելառուսից բացի մեր երկրի համար զենք մատակարարողներ են եղել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հնդկաստանը, Հորդանանը, Սլովակիան, Ուկրաինան, Չեռնոգորիան։ Չգիտես ինչու՝ այդ պետությունները խնդիր չեն տեսել ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հարցում։ Եվ կազմակերպությունն ի՛նքը չի խոչընդոտել Հայաստանի՝ այլ աղբյուրներից ռազմական նշանակության արտադրանքի ստացմանը։

Բնականաբար, այս տեղեկատվությունը լռեցվում է, և որևէ մեկի համար այլևս գաղտնիք չէ, որ պետական քարոզչամեքենան վերջին տարիների իրադարձություններն օգտագործել է կազմակերպության իմիջը խարխլելու համար։ Անշուշտ, ՀԱՊԿ-ին կարո՛ղ են հարցեր լինել։ Միայն թե դրանց կառուցողական քննարկման և լուծման փոխարեն Հայաստանի իշխանությունները գնացին այլ ճանապարհով. «քաղաքական գնահատականների մասին» այս բոլոր հիստերիկաներն ու մանիպուլյացիաները, պաշտոնական ներկայացուցչի հետկանչը, ՀԱՊԿ առաքելության փոխարեն եվրոպական դիտորդական առաքելություն հրավիրելը… Այս ամենը տեղավորվում է մի տրամաբանության մեջ՝ վարկաբեկել կազմակերպությունը և, ի վերջո, դուրս գալ դրանից:

Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը կարծում է, որ Հայաստանի իշխանություններն Արևմուտքի կամակատարներն են, որոնք գործում են «իրենց քաղաքական շահերի ուղղությամբ»: Իսկ մեր ղեկավարությունը, ստացվում է, պատրաստ է «սեփական հայրենիքը, հողը, ժողովուրդը զոհաբերելու ու մատաղ անելու թշնամուն՝ հանուն արևմտյան ինչ-որ խոստումների և արևմտյան հավակնությունների»:

«Գնալ նման քայլի՝ չունենալով փաստական ամրագրված երաշխիքներ, այսպես կոչված, իրենց արեւմտյան գործընկերներից, որոնց խոստումների ներքո Արցախը հայաթափվեց եւ հանձնվեց Ադրբեջանին, նրանք չեն կարող բացահայտել այդ վերջնանպատակը, որին ուղղված են այդ բոլոր քայլերը», — ասում է Աղաջանյանը:

Կարծում ենք, որ նպատակը միանգամայն պարզ է։ Արևմուտքը Հայաստանին օգտագործում է Ռուսաստանի հետ իր առճակատման մեջ, իսկ Փաշինյանը կատարում է իր տերերի բոլոր հանձնարարությունները. ամեն կերպ փչացնում է Մոսկվայի հետ հարաբերություններն ու վարկաբեկում նրա ինտեգրացիոն կառույցները, առաջին հերթին ՝ ՀԱՊԿ-ը։ Ավելին, մեր իշխանությունն ինքն է գեներացնում տեղեկատվական առիթներ ու սադրանքներ կազմակերպում, որպեսզի հետո դաշնակիցներին մեղադրի պարտավորությունները չկատարելու մեջ:

Արևմուտքի ներկայացուցիչներն անգամ չեն թաքցնում իրենց մտադրությունները։ Օրինակ, ամերիկացի լրագրող Ջոն Վարոլին վերջերս տված հարցազրույցում պատկերավոր ներկայացրել է Հայաստանի նկատմամբ իր երկրի իրական վերաբերմունքը. «Մեր վերջնական նպատակը Հայաստանին օգնելը չէ՛։ Բացարձա՛կ։ Դուք մեզ անհրաժեշտ ոչինչ չունեք: Ադրբեջանում շատ բան կա, որ մեզ պետք է։ Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանն ամերիկյան պրոտեկտորատի տակ լինի»։ Ամերիկացին ուղիղ հայտարարում է. ԱՄՆ-ն թքած ունի Հայաստանի վրա։

Նմանաօրինակ պատկեր է ստեղծվում ռուսական սպառազինության առաքման հարցում։ Հենց ուղիղ եթերում Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ-ի հանդեպ պետական պարտքի մի մասը դուրս գրելու հաշվին կարելի է օգտագործել ռազմական սարքավորումների համար նախատեսված գումարները, որոնք ռուս գործընկերներն ի վերջո Հայաստան չեն հասցրել։ Ճիշտ է, վարչապետը լռեց այն մասին, որ Ռուսաստանն այդ զենքը ժամանակին է արտադրել և կարող էր հասցնել, միայն թե Հայաստանն այն չընդունեց, անտեսեց։ Եվ հիմա նեղացյալի դիրք է ընդունել: Ահա այսպիսի ղեկավարներ մենք ունենք, ովքեր չեն ամաչում ուղիղ եթերում ստել երկրի բնակիչներին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև