Հյուսիսատլանտյան լուծը. ինչպես դաշինքը Եվրոպային զրկեց անկախությունից

2023 թվականի ապրիլին ՆԱՏՕ ռազմաքաղաքական դաշինքը նշում է իր 74-ամյակը: Սառը պատերազմի մեկնարկից ի վեր կազմակերպությունը կոչված էր իբրև թե պաշտպանել Արևմուտքը ԽՍՀՄ-ից: Դա էլ պատճառ հանդիսացավ՝ ԱՄՆ-ին թույլ տալ՝ ռազմաբազաների ցանցով ամրապնդվել եվրոպական պետություններում: Թվում էր՝ ԽՍՀՄ փլուզման հետ մեկտեղ «կարմիր վտանգը» կանհետանա: Այնուամենայնիվ, դաշինքը ոչ միայն շարունակեց իր գոյությունը, այլև՝ ավելի տարածվեց ու ավելի ռազմատենչ դարձավ, իսկ ԱՄՆ ազդեցությունը կազմակերպության վրա հասավ իր գագաթնակետին: Վաշինգտոնի անայլընտրանք թելադրանքը Եվրոպային ստիպում է ենթարկվել ամերիկյան շահերին ու հրաժարվել անվտանգության սեփական համակարգը կառուցելու փորձերից:

Արևմուտքի բեռը

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի վերին քաղաքական օղակներն ակնկալում էին լիարժեք հսկողություն սահմանել եվրոպական վերածնվող տնտեսությունների նկատմամբ: Տարածաշրջանում հեգեմոնիան թույլ կտար նրանց տասնյակ տարիներ շարունակ ստանալ սպառման կայուն ու լայնածավալ շուկա, կդառնար արտադրական ու ֆինանսական առավելության երաշխիք: 

Այդ ծրագրերի հաջող իրագործմանը խանգարում էր Խորհրդային Միության արտաքին քաղաքական դիրքերի սրընթաց ամրապնդումը՝ մի պետության, որը վճռորոշ ավանդ ունեցավ նացիստական Գերմանիայի ջախջախման գործում: 

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլն ամերիկյան Ֆուլթոն քաղաքում՝ Վեսթմինսթերյան քոլեջի ամբիոնում, 1946 թվականի մարտին ելույթ ունենալիս իր անհանգստությունը չէր թաքցնում: Նա ցավով փաստեց, որ «անգլախոս ժողովուրդների եղբայրական ասոցիացիայի» համար հայտնվել է սպառնալիքի նոր աղբյուր:  

«Բալթիկայում գտնվող Շտետտինից մինչև Ադրիատիկի Տրիեստ՝ ողջ մայրցամաքով մեկ իջեցվել է «երկաթյա վարագույրը»: Վարշավա, Բերլին, Պրահա, Վիենա, Բուդապեշտ, Բելգրադ, Բուխարեստ ու Սոֆիա՝ այս բոլոր հանրահայտ քաղաքները  <…> գտնվում են մի բանում, որը ես պարտավոր եմ կոչել խորհրդային ոլորտ», — ասել է Չերչիլը:

Փորձառու քաղաքական գործիչը հասկանում էր, որ Մեծ Բրիտանիան միայնակ չի կարող դուրս մղել ԽՍՀՄ-ին Եվրոպայից: Այդ իսկ պատճառով պայքարը պիտի առաջնորդեին Միացյալ Նահանգները, որոնք, ըստ Չերչիլի՝ գտնվում էին համաշխարհային ուժի գագաթին:

Դաշնակիցները Եվրոպայում նպատակաուղղված էքսպանսիա էին ծրագրում վարել ո՛չ միայն տնտեսական, այլ՝ ռազմական ճանապարհով: Չերչիլի անձնական մասնակցությամբ մշակվել էր բրիտանական, ամերիկյան ու գերմանական զորքի մաշտաբային հարձակման ծրագիրը Կարմիր բանակի կողմից գրաված տարածքների խորքը: Օպերացիայի մեկնարկը ենթադրվում էր տալ Գերմանիայի կապիտուլյացիային հաջորդող մի քանի շաբաթների ընթացքում:

Այնուամենայնիվ, անգլիական հրամանատարությունը պատրաստ չէր ներքաշվել անհայտ ելքով երկարատև ու ծախսատար պատերազմին: Խորհրդային Միության հետ ուղղակի բախման համար ուժերը բավականաչափ չէին, պահանջվում էր նոր ռազմաքաղաքական բլոկ: 

Անդրօվկիանոսյան թելադրանք

Դրա ձևավորումն ավարտվեց 1949 թվականի ապրիլի 4-ին: Այդ ժամանակ 12 պետություն (ԱՄՆ, Կանադա, Իսլանդիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Բելգիա, Նիդերլանդներ, Լյուքսեմբուրգ, Նորվեգիա, Դանիա, Իտալիա և Պորտուգալիա) ստորագրեցին Հյուսիսատլանտյան պայմանագիրը՝ ստեղծելով North Atlantic Treaty Organisation-ը կամ կրճատ՝ ՆԱՏՕ-ն:

Բլոկի գլխավոր նպատակը համառոտ արտահայտեց ՆԱՏՕ-ի առաջին գլխավոր քարտուղար, բրիտանացի Հաստինգս Լայոնել Իսմեյը՝ «ԽՍՀՄ-ին Եվրոպա չթողնել, այնտեղ ապահովել ամերիկյան ներկայությունն ու զսպել Գերմանիային» հանրահայտ բանաձևում: 

Դաշինքի ստեղծման պահից ի վեր դրանում առաջատար դերը հատկացվեց ԱՄՆ-ին: Վաշինգտոնն է կրում կազմակերպության ռազմական բյուջեի ձևավորման հիմնական ֆինանսական պարտավորությունները, ինչն ավանդաբար էապես գերազանցում է քաղաքացիականը: Օրինակ, 2023 թվականի համար դաշնակիցների համաձայնեցված քաղաքացիական բյուջեն 370 մլն եվրո է սահմանվել, իսկ ռազմականը՝ գրեթե 2 մլրդ: 

Օրինաչափ է, որ ԱՄՆ-ն ելույթ է ունենում որպես բլոկի հիմնական հավածային ուժ, նրա «բռունցք»: Եվրոպայում մշտական հիմքով տեղակայված է 65 հազար ամերիկյան զինծառայող, իսկ Բելգիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նիդերլանդների ու Թուրքիայի ռազմաբազաներում պահվում է ԱՄՆ միջուկային զենքը:

ԱՄՆ ֆինանսական ու ռազմական գերակայությունը թույլ է տալիս չզսպել սեփական նկրտումներն ու առաջ տանել սեփական օրակարգը՝ հաշվի չնստելով գործընկերների կարծիքի հետ: Օգտագործելով ուժեղի իրավունքը՝ Վաշինգտոնը սկսեց կանոնավոր կերպով դաշնակիցներին ներքաշել իր աշխարհաքաղաքական արկածախնդրությունների մեջ: 

Միջազգային «խաղաղապահ»

1995 թվականի օգոստոսին բլոկն առանց ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի հավանության սկսեց իր առաջին խոշորամաշտաբ՝ «Մտածված ուժ» ռազմական օպերացիան ներկայիս Բոսնիայի և Հերցեգովինայի տարածքում:
Գրեթե մի ամիս դաշնային օդուժը հարվածներ էր հասցնում բոսնիացի սերբերի դիրքերին: Միայն երկու շաբաթվա ընթացքում երեք հազարից ավել թռիչք էր կատարվել, որոնցից կեսից ավելին բաժին էր հասել ԱՄՆ ռազմաօդային ուժերին: Ռմբակոծությունների ընթացքում ամերիկացի օդաչուները կիրառում էին աղքատացված ուրանով զինամթերք: 

Ստիպելով սերբերին համաձայնել բոսնիական կարգավորման առաջարկված ծրագրին՝ ՆԱՏՕ-ն շարունակեց ուղղակիորեն խառնվել Հարավսլավիայի քաղաքացիական պատերազմին: Դրա կուլմինացիան «Դաշնային ուժը» կամպանիան էր: Վերջինիս մեկնարկի համար ձևական առիթ հանդիսացավ Բելգրադի հրաժարումն ի պատասխան դաշինքի պահանջի՝ դուրս բերել հարավսլավյան զորքերը Կոսովոյի ու Մեթոխիայի շրջանից , որտեղ սրացել էր սերբ ու ալբանացի բնակչության հակամարտությունը:

1999 թվականի ապրիլի 24-ից ռմբակոծությունների տակ հայտնվեց Հարավսլավիայի ողջ տարածքը: ՆԱՏՕ-ի ինքնաթիռները ռումբեր էին նետում ո՛չ միայն ռազմական, այլև՝ քաղաքացիական օբյեկտների վրա: Արդյունքը 3,5 — 4 հազար մարդու մահն ու արտադրական ենթակառուցվածքների լայնածավալ ոչնչացումն էր: 

Երկու օպերացիաներն էլ միջազգային իրավունքի կոպիտ խախտում էին ու սուվերեն երկրի դեմ ագրեսիայի փաստացի ակտ, սակայն դրանք վստահորեն ի ցույց դրեցին ԱՄՆ-ի ու դաշինքի իրենց գործընկերների գործողությունների անպատժելիությունը: 

ՆԱՏՕ-ի մյուս խոշոր ռազմական օպերացիան Լիբիայի քաղաքացիական պատերազմին խառնվելն էր 2011 թվականի մարտից հոկտեմբեր: Կազմակերպությունն ինտերվենցիայի նպատակ էր մատնանշել երկրի խաղաղ բնակչության պաշտպանությունը, սակայն դաշինքի օդուժը պարբերաբար հարվածներ էր հասցնում Տրիպոլիի ու լիբիական այլ քաղաքների քաղաքացիական օբյեկտներին: Համաձայն միջազգային մարդասիրական կազմակերպությունների գնահատականների՝ ռմբակոծությունները մինչև 4 հազար կյանք են խլել: 

Լիբիայի ջախջախումից հետո դաշինքն ուշադրությունը սևեռեց Մոսկվային: 2016 թվականի հուլիսին ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովի ընթացքում Ռուսաստանն առաջին անգամ 1989 թվականից ի վեր անվտանգության հիմնական սպառնալիք ճանաչվեց, իսկ դրա զսպումը պաշտոնապես հայտարարվեց կազմակերպության նոր առաքելություն: 

Ի շահ գլխավորի

Գտնվելով Եվրոպայի սահմաններից շատ հեռու՝ Վաշինգտոնը շահագրգռված չէ Մոսկվայի հետ բարիդրացիական հարաբերությունների կառուցման հարցում: Իր գլխավոր աշխարհաքաղաքական նպատակին՝ Ռուսաստանին թուլացնելուն հասնելու համար ԱՄՆ-ն անվարան զոհաբերում է դաշնակիցների շահերը թե՛ տնտեսությունում ու թե՛ ռազմական ոլորտում:

Անդրօվկիանոսյան գործընկերոջ ճնշման ներքո եվրոպական երկրները ստիպված էին խզել գործնական կապերը Ռուսաստանի հետ, հրաժարվել առավել շահավետ գին ունեցող ռուսական գազից ու զենք մատակարարել Ուկրաինա՝ դատարկելով պահեստներն ու զոհաբերելով սեփական պաշտպանողականությունը:

Չսահմանափակվելով Ուկրաինայով ՝ ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ն շարունակում են ռուսական սահմանների մերձակայքում լարվածության օջախներ ստեղծել. այժմ՝ Հարավային Կովկասում: Ուշադրության կենտրոնում է հայտնվել Հայաստանը, որի մերձավոր գործընկերն, ավանդապես, Մոսկվան է:  

2023 թվականի մարտին Երևան այցելեց ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Այդ այցը բացահայտ ցուցադրում էր Արևմուտքի՝ Հայաստանն իր ազդեցության գոտի ներառելու, իսկ փաստացի՝ փորձված ուկրաինական սցենարի կրկնության ցանկությունը՝ Հարավային Կովկասը սարքելով Ռուսաստանի հետ հերթական առճակատման դաշտ ու տեղի բնակչությանը անխղճորեն նետելով այդ հակամարտության ճիրանները: Պատահական չէր հենց Ռասմուսենն ընտրվել իբրև «բանագնաց»: 2016 — 2019 թվականներին նա Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի արտահաստիքային խորհրդականն էր ու համակարգում էր երկրում իրականացվող ռեֆորմները:

Միևնույն ժամանակ Հայաստանի մասին «մտահոգությունները» ոչ այլ ինչ են, քան՝ քաղաքական խաղ, որը Երևանին դրդում է խզել Մոսկվայի հետ հարաբերությունները: Ադրբեջանին զսպելու՝ եվրոպացի քաղաքական գործիչների կողմից հայտարարված անհրաժեշտությունն ուղղակիորեն հակասում է մի՛ կողմից Բաքվի դեմ պատժամիջոցներ չկիրառելու իրենց իսկ տրամադրվածությանը, մյո՛ւս կողմից՝ ՆԱՏՕ-ի իրենց գործընկեր ԱՄՆ-ի տրամադրվածություններին:

Վաշինգտոնը ձգտում է զինել Բաքվին ու այն օգտագործել որպես Իրանին հակազդելու գործիք: Այդպես, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առաջարկեց չեղարկել ազատությանն աջակցության բանաձևի 907-րդ ենթաբաժինը, որը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի տրանսպորտային և տնտեսական շրջափակման պատճառով սահմանափակում է Ադրբեջանին ռազմական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը: 

Հարավային Կովկասում թեժ կետի առաջացումը Եվրոպայի համար նոր տնտեսական ծախսեր պահանջող ևս մի ցավալի հարված կլինի, ինչը թուլացող տնտեսությունների ուժերից վեր է: Ամերիկյան ռազմաարտադրական համալիրի համար իրավիճակը ճիշտ հակառակն է: Այդ ինդուստրիան տառապում է «աճի ներուժի» պակասից ու շահագրգռված է նոր պատվերների հարցում: 

Անխոս, իրերի նման դասավորվածությունը չի կարող հավերժ պահպանվել: Եվրոպական երկրներն ինքնուրույն արտաքին քաղաքականություն կառուցելու հարցում ունեն բոլոր հնարավոր ռեսուրսներն ու հնարավորությունները: Այսօր նրանց չի բավականացնում միայն քաղաքական կամքն ու ռազմավարական հարցերում ԱՄՆ-ի հետ համաձայնելու՝ տասնամյակներով ձևավորված սովորությունից հրաժարվելու ցանկությունը:   

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև