Հռոմի ստատուտի վավերացում։ Նոր հույս թե՞ «կրակոց ոտքին»

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը մարտի 24-ին երկրի Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել Հռոմի ստատուտը և փաստացի Ազգային ժողովին թույլ է տվել այն վավերացնել Հայաստանի վրա Միջազգային Քրեական դատարանի իրավասության հետագա տարածմամբ։

Այդպիսի որոշումը բազմաթիվ հարցեր է առաջացնում դրա նպատակահարմարության և պատեհաժամության վերաբերյալ։ Չնայած Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը շտապեց հանրությանը հավատացնել, որ դա կօգնի Հայաստանին միջազգային հարթակներում իր օրակարգը առաջ տանել և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել։

Բառերով, իհարկե, գեղեցիկ է։ Սակայն գործնականում մենք արդեն ունենք ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքով անարգել երթևեկության ապահովման վերաբերյալ։ Ինչպե՞ս է դա օգնել Հայաստանին և Արցախին։ Ադրբեջանը այդ պահանջները կատարե՞լ է։ Ով տեղյակ չէ, կարող է «Բաղրամյան 26»-ի Տելեգրամի ալիքում ծանոթանալ ամենօրյա հրապարակումներին, որտեղ ճշտապահորեն հաշվում են, թե քանի օր է Բաքուն արհամարհում Միջազգային դատարանի վճիռը։

Բայց, չգիտես ինչու գործող, իշխանություններին սատարող Տելեգրամ-ալիքը չի խոսում միջազգային հանրության կողմից ադրբեջանական կողմի նկատմամբ ՄԱԿ-ի հարթակում ընդունված որոշման իրականացման համար ստիպողական  քայլերի ձեռնարկման մասին։

Ինչ-որ բան հուշում է, որ նույն բախտին է արժանանալու նաև Միջազգային Քրեական դատարանի որոշումը, եթե, իհարկե, այն ընդունվի Ադրբեջանի նկատմամբ։

Եվ այստեղ կարևոր է հաշվի առնել այն փաստը, որ ՄԱԿ-ի լիազորությունները ոչ ոք չի վիճարկում, այդ կազմակերպությունը ընդունված է բոլոր պետությունների կողմից։ Ինչը չի կարելի ասել Միջազգային Քրեական դատարանի մասին, որի իրավասությունները ընդունում են ոչ բոլոր երկրները։ Այդ թվում նաև ԱՄՆ-ն, որի աջակցության և ծանրակշիռ խոսքի հետ այդքան հույսեր է կապում Հայաստանի ներկայիս իշխանությունը։

Երկրորդ կարևոր ասպեկտը նրանում է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը իր որոշումը կայացրել է Միջազգային Քրեական դատարանի կողմից Վլադիմիր Պուտինի ձերբակալության օրդերի տրման մասին հրապարակումից մեկ շաբաթ հետո։ Այդպիսի «զուգադիպությունը» բավականին կասկածելի է և դրա քաղաքականացված լինելու մասին մտքեր է առաջ բերում։

Ավելին, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը հայտարարել է, որ Երևանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումից հետո Ռուսաստանի նախագահը պետք է ձերբակալվի, եթե գա Հայաստան։ Եվ դա դեռևս դաշնակից Ռուսաստանի մասին ասում է ոչ թե ինչ-որ հակառուսական անձ Ազգային – դեմոկրատական բևեռից, այլ Հայաստանի պաշտոնական իշխանության ներկայացուցիչը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները սիրում են կրկնել, որ Հայաստանը Ռուսաստանից սպասում է ներկա իրավիճակի և Ադրբեջանի գործողությունների քաղաքական գնահատականի և Մոսկվայի կողմից միանշանակ աջակցության։ Բայց իր իսկ ձեռքերով և հայտարարություններով այդ թիմը ամեն ինչ անում է, որ այդպիսի գնահատական և աջակցություն չլինի։

Ինչպե՞ս ռուսական առաջնորդը կարող է գնալ Հայաստան  իշխանությունների հետ բանակցություններ վարելու համար, եթե նրան այնտեղ փաստացի ուղղակիորեն սպառնում են ձերբակալությամբ։ Ինչպե՞ս Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը կարող է ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարել՝ պաշտպանելով  Հայաստանի տեսակետը, եթե նրա պետության ղեկավարին հայ «դաշնակիցը» պատրաստվում է ձերբակալել։ Եվ վերջապես ո՞ր ռուս խաղաղապահը կպաշտպանի հայերին, որոնց ղեկավարները սպառնում են ռուսական առաջնորդին։

Այդպիսի անմիտ որոշումներով և հայտարարություններով (չնայած, գուցե և գիտակցված) Հայաստանի իշխանությունները «կրակում են իրենց ոտքին»։ Ավելի ճիշտ, ոչ թե իրենց, այլ հայ ժողովրդի ոտքին, որին առաջարկում են հույս դնել «Ադրբեջանի միջազգային քննադատության և քրեական հետապնդման» մշուշոտ հեռանկարի վրա՝ նոր հակամարտության վտանգի պայմաններում տարածաշրջանում մենակ մնալով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև