Հայաստանի քաղաքական ղեկավարության շրջանում մեծ տարածում է գտնում երկիր մուտք գործելն արգելելու պրակտիկան: Ու եթե այլ երկրներում այդ միջոցն օգտագործում են այն մարդկանց հանդեպ, ովքեր կարող են վտանգ ներկայացնել ազգային անվտանգության համար, ապա մեզ մոտ ավելի ու ավելի հաճախ հարվածի տակ են ընկնում սփյուռքի ներկայացուցիչներն ու հայ ազգի իրական բարեկամները՝ մարդիկ, որոնք մշտապես գործել են հանուն Հայաստանի ու նրա բնակիչների բարգավաճման:
Ռեպրեսիվ արգելքների ցանկում վերջինը Վիկտոր Կրիվոպուսկովն է: Նա զբաղեցնում է Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության ղեկավարի պաշտոնը և հայտնի է իր հայանպաստ դիրքորոշմամբ, ինչը երբևէ չի թաքցրել: Կրիվոպուսկովը «Խռովահույզ Ղարաբաղ» գրքի հեղինակն է, Հայաստանի Գրողների միության պատվավոր անդամ, ու, իմիջիայլոց, պերսոնա նոն գրատա՝ Ադրբեջանում:
Վիկտոր Կրիվոպուսկովը մշտապես պնդել է, որ Հայաստա՛նը չի սկսել պատերազմն ու զավթիչ չի՛ եղել , այլ միայն ստիպված է եղել արձագանքել Ադրբեջանի ագրեսիային դեռ 90 թվականին: Շատ հոդվածներում, ելույթներում ու իր գրքում նա հավատարիմ է մնում այդ դիրքորոշմանը: Որքա՜ն անճար քաղաքական գործիչ պետք է լինել՝ ամենահայամետ հասարակական գործիչներից մեկի մուտքն արգելելու համար:
Մինչ այս մեր երկիր մուտքն արգելել էին Կոնստանտին Զատուլինին՝ «Լազարյան ակումբի» հիմնադրին ու Ռուսաստանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշման հեղինակին: Ուշագրավ է, որ, Զատուլինին՝ ինչպես Կրիվոպուսկովին, արգելված է մուտքը և՛ Հայաստան, և՛ Ադրբեջան:
Ավելի ուշ Հայաստան մուտք գործելն արգելեցին նաև լրագրող Արամ Գաբրիելյանովին, ով քանիցս քննադատել էր Փաշինյանի ու նրա կառավարության գործողությունները: Առանց պատճառների պարզաբանման՝ արգելվեց նաև ԱՄՆ-ից ՀՅԴ անդամ Արենի Մարկոսյանի և Նիդերլանդներից «Դաշնակցության» ներկայացուցիչներ Մասիս և Սյունե Աբրահամյանների մուտքը երկիր: Հայաստանում անցանկալի անձ են ճանաչել նաև այլ դաշնակների. ֆրանսահայկական համայնքի առաջնորդներից Մուրադ Փափազյանին՝ «2021 թվականին Փարիզում վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյան վրա հարձակման համար», ու Ֆրանսիայում դաշնակների երիտասարդական միության ներկայացուցիչ Նժդեհ Գարագավորյանին՝ առանց պատճառների պարզաբանման:
Այն անձանց ցանկը, որոնց մուտքը երկիր արգելել են, տպավորիչ է։ Նրանց բոլորին միավորում է մի բան. Հայաստանի՝ կապիտուլյացիա արած, Արցախը հանձնած ու հայրենակիցների ճակատագրի վրա թքած ունեցող իշխանությունների ձախողված և հակահայկական քաղաքականության քննադատությունը։
Փաշինյանն իրեն այնպես է պահում, ինչպես նույն իրավիճակում վարվեց Իլհամ Ալիևը, երբ հրաժարվեց ընդունել երկու խոշոր քաղաքական գործչի՝ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին ու Բելգիայի ԱԳՆ ղեկավար Հաջա Լաբիբին՝ իրենց՝ իբրև թե հայամետ դիրքորոշումների պատճառով: Այդպիսով Հայաստանի վարչապետը մեծ նվեր է անում Ադրբեջանի իշխանություններին՝ փակելով հայամետ տրամադրություններ ունեցող բոլոր հասարակական գործիչների բերանները:
Վերջերս տված իր հարցազրույցում Վիկտոր Կրիվոպուսկովն ասաց. «Հենց «Ղարաբաղ» բառն են արտաբերում, իմ սիրտն արյուն է լալիս»: Ու մեր սիրտն էլ է արյուն լալիս: Բայց մեր քաղաքական ղեկավարության «թուրքերին» դա հասու չէ:
Հետևություննե՜ր արեք, հարգելի ընթերցողներ:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
՞Չեին տեսել պատից կախ,հիմա տեսնում են ճակատից կախ՞,կարծում են հավերժ են: