Երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Եվրախորհրդարանում։ Նրա խոսքի մեծ մասը հանգում էր Եվրոպայի ու ընդհանուր առմամբ Արևմուտքի հասցեին արված հաճոյախոսություններին։ Նա ներկաներին պատմեց, թե ինչպես է Հայաստանը գնահատում արևմտյան ստանդարտներով ժողովրդավարությունը, որն, ըստ նրա, կփրկի երկիրը։ Ներկաներին հավաստիացրեց Եվրամիության հետ մերձենալու այնաստիճան պատրաստակամությանը, «որքան Եվրամիությունը հնարավոր համարի»:
Անդրադառնալով Արցախից փախստականների թեմային՝ Նիկոլը ոչ միայն շնորահակալություն հայտնեց եվրոպացիներինցուցաբերած օգնության համար, այլև նշեց, որ նրանց հետ միասին հայաստանյան կառավարությունը քանիցս զգուշացրել է միջազգային հանրությանը Արցախում էթնիկ զտումների վտանգի վերաբերյալ: Ստացվում է՝ Եվրամիությունն ու դրա անդամ պետությունները չե՞ն պատկանում միջազգային հանրությանն ու Ադրբեջանի վրա ազդելու գործիքներ չունեի՞ն: Այսինքն Փաշինյանն ի՛նքը երեկ խոստովանե՞ց, որ այս բոլոր ու բազմաթիվ կառույցները՝ Եվրամիությունը, Եվրախորհրդարանը, Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպայի խորհուրդը կարող են միայն զգուշացնել ու մտահոգություն հայտնել: Եվ այդ դեպքում ինչո՞վ են այդ բոլորը տարբերվում նրանցից, ում Հայաստանի վարչապետը փորձում է մեղադրել տեղի ունեցած աղետի մեջ:
Նայց այս հարցերը Փաշինյանին չեն հետաքրքրում: Նրա համար կարևորը՝ տեղ ու ճանաչում ստանալ «քաղաքակիրթ» աշխարհում, որն, ի դեպ, արդեն երկրորդ շաբաթն է, ինչ խրախուսում է Իսրայելի կողմից Գազայի հատվածի խաղաղ բնակչության անմարդկային ռմբակոծումները: Ու հենց այդ «քաղաքակիրթ» աշխարհից Նիկոլը ոչ միայն բարոյական, այլև նյութական աջակցություն է ակնկալում: Նա այդ մասին ուղիղ տեքստով ասաց՝ հղում կատարելով արցախցի փախստականներին օգնելու անհրաժեշտությանը. «Մենք միջազգային օգնության կարիք ունենք, այդ թվում՝ բյուջետային աջակցության տեսքով»:
Իսկ ո՞ւր է հայկական տնտեսության շռնդալից աճը: Որտեղ է ՀՆԱ-ի 12% աճը: Որտե՞ղ են այն միջոցները, որոնք Հայաստանն ամեն տարի ուղղում էր Արցախի բյուջե ու որոնք լիովին կարելի էր օգտագործել ի աջակցություն փախստականներին: Մի՞թե երկրի տնտեսությունն այնքան վատ վիճակում է, որ առանց արտասահմանյան ներհոսքի չի կարող գոյատևել: Թե՞ դա էլ Հայաստանին Հավաքական Արևմուտքից կախման մեջ դնելու ծրագրի մի մասն է:
Այս առումով մտահոգիչ են Ուկրաինայի փորձը հիշեցնող հեռանկարները: Զելենսկիին էլ էին ծափողջույններ շռայլում միջազգային հնարավոր կառույցների անվերջ նիստերի ժամանակ, նրա երկիրը ժողովրդավարության օջախ կոչում, միլիարդավոր դոլլարներ ու եվրո ներդնում:
Բայց այդ էյֆորիան երկար չձգվեց: Երեկվա դաշնակիցներն Ուկրաինայի նախագահին բարեհունչ պատրվակներով աստիճանաբար հրաժարվում են ընդունել: Ակտիվ տարածում է գտել կատակը, թե նա առաջին հրենա է, ում մերժեցին ընդունել Իսրայելում: Ամերիկյան և եվրոպական հասարակությունների հոգնածությունն Ուկրաինայի անվերջ ֆինանսավորումից և պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումը հանգեցրին նրան, որ արևմտյան երկրներից ստացվող տրանշերը զգալիորեն կրճատվեցին։ Մինչդեռ հենց ուկրաինական իշխանություններն անգամ ընդունում են, որ երկրում անգամ սոցիալական վճարումները ձևավորվում են արևմտյան օգնության շնորհիվ: Ու եթե վաղը-մյուս օրը ֆինանսական հոսքերը դադարեն, Ուկրաինան պարզապես կդադարի գոյություն ունենալ: Ի՞նչ է դա, եթե ոչ ինքնիշխանության լիակատար կորուստ, երբ քո պետության ճակատագիրը որևէ կերպ կախված չէ քեզանից, այլ գտնվում է արտաքին խաղացողների ձեռքերում:
Ցավոք, Փաշինյանն ամբողջ ուժով ձգտում է կրկնել ուկրաինական սցենարը: Նա հավատարմության երդում է տալիս Արևմուտքին, պատրաստակամություն ցուցաբերում՝ կատարել վերջինիս բոլոր պայմաններն՝ ի պատասխան ակնկալելով ֆինանսական հոսքեր ստանալ դեպի Հայաստանի տնտեսություն: Ազդեցությունը նկատելի կլինի, բայց՝ կարճաժամկետ: Ինչ-որ մի պահի մենք կհասկանանք, որ մեր երկիրը մեզ այլևս չի պատկանում, բայց արդեն ուշ կլինի:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան