Հայաստանի դաշնակիցները: Հորինված ու իրական

Վերջին շրջանում Հայաստանի ղեկավարությունն ավելի ու ավելի քիչ է թաքցնում իր հակառուսական հայացքները: Օգտագործում է Ռուսաստանին քննադատելու համար ցանկացած առիթ, իսկ եթե նմանը չկա՝ ինքն է ստեղծում:
Դրա վառ օրինակներից է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մերձավոր, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի արձագանքը, որը բացասական գնահատեց Ռուսաստանի ներկայացուցիչ Աննա Եվստիգնեևայի ելույթը: Ինչպես հայտարարեց խորհրդարանի խոսնակը՝ «դաշնակիցը կարող էր ավելի հասցեական հայտարարություն անել, բայց դա արեցին երկրներ, որոնք Հայաստանի հետ սերտ հարաբերություններ չունեն»։
Անիրազեկ ընթերցողի համար նման գնահատականը կարող է լիովին արդարացի թվալ, հատկապես՝ ծավալված հիստերիայի ու Հայաստանի իշխանության ներկայացուցիչների՝ Հայաստանի բոլոր խնդիրներում ու դժբախտություններում Ռուսաստանին մեղադրելու ձգտման ֆոնին: Բայց իսկապե՞ս ամեն ինչ այնպես է, ինչպես նկարագրում է Սիմոնյանը:
Հասկանալու համար բավական է մտնել ՄԱԿ-ի կայք ու ծանոթանալ հենց այդ նիստի նյութերին: Կայացած միջոցառման արդյունքների ընդհանուր նկարագրմանը հպանցիկ հայացք նետելիս անգամ պարզ է դառնում, որ ելույթների ճնշող մեծամասնությունը բավական զուսպ էր, Ադրբեջանի հասցեին առանց կոշտ դատապարտումների ու հայտարարությունների:
Իսկ հիմա ավելի մանրամասն: Վերջին շրջանում «Հայաստանի մեծ բարեկամ» դարձած Ֆրանսիան, որը տարբեր մակարդակներով հակաադրբեջանական քանի-քանի՜ խիստ բանաձև է ընդունել (ի դեպ, դրանցից ոչ մեկը չի իրագործվել), ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստի շրջանակներում անհանգստություն հայտնեց վերջին իրադարձությունների կապակցությամբ: Ֆրանսիայի ներկայացուցիչ Նատալի Բորդհերսթ Էսթիվալը կոչ արեց անվերապահորեն վերականգնել տեղաշարժն ու տեղափոխումները դեպի Լեռնային Ղարաբաղ: Ուշադրությո՛ւն դարձրեք. չպահանջեց, այլ՝ կո՛չ արեց: Նա նաև կոչ արեց Հայաստանին ու Ադրբեջանին ստեղծել միջավայր, որը նպաստավոր կլինի բանակցություններում հաջողության հասնելու համար, ու առաջընթաց գրանցել բացառապես երկխոսության ճանապարհով՝ առանց ուժի կիրառման: Որևէ մեկն այս խոսքերում տեսա՞վ «հասցեական հայտարարություն» կամ պատժամիջոցներ կիրառելու պահանջ:
Անցանք առաջ: ԱՄՆ ներկայացուցիչ Ռոբերտ Վուդը հայտարարեց, որ Լաչինի միջանցքի շրջափակումն արգելակում է խաղաղության գործընթացն ու խաթարում միջազգային հանրության վստահությունը դրա հանդեպ: Նա կոչ արեց Ադրբեջանին ու միջանցքի համար պատասխանատու մյուսներին վերականգնել ազատ տեղաշարժը: Ուշադրությո՛ւն դարձրեք. կրկին կո՛չ արեց, ոչ թե պահանջեց: ԱՄՆ ներկայացուցիչը նաև ընդգծեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարաձայնությունները պիտի լուծվեն խաղաղ բանակցությունների ճանապարհով: Ու կրկին՝ ո՛չ մի կոշտ ու անզիջում պահանջ, ո՛չ մի սպառնալիք ու վերջնագիր:
Կա նաև Մեծ Բրիտանիան, որը հավակնում է դառնալ համաշխարհային առաջնորդ ու պաշտպանել ազգային շահերն իր աշխարհագրական տեղանքի սահմաններից շատ հեռու: Թագավորության ներկայացուցիչ Ջեյմս Կարիուկին հայտարարեց, որ իր երկիրը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի փակումով: Նա ընդգծեց, որ շրջափակման հետևանքով ծանր իրավիճակում հայտնված քաղաքացիական անձանց անխոչընդոտ վերադարձին առաջնահերթ ուշադրություն է պետք հատկացնել: Կարիուկին նաև նշեց, որ միայն դիվանագիտության միջոցով կարելի է հասնել կայուն խաղաղության: Այստեղ անգամ որևէ կոչ չի եղել, ո՜ւր մնաց՝ պահանջներ:
Չինաստանը հզոր տերություն է, որի քաղաքականությանն այսպես թե այնպես, կամա թե ակամա անդրադառնում է ողջ աշխարհը: Չինաստանի ներկայացուցիչ Գեն Շուանն առհասարակ ողջունեց Ռուսաստանի Դաշնության աշխատանքը Լաչինի միջանցքի շուրջ վեճերի վերաբերյալ, ինչպես նաև կոչ արեց Հայաստանին ու Ադրբեջանին՝ միմյանց ընդառաջ գնալ ու լուծել վեճն ինչպես հարկն է՝ միջազգային իրավունքի համաձայն:
Վերջին շրջանում հայաստանյան իշխանությունների որոշակի հույսեր կապվում են Հնդկաստանի հետ: Իսկ ի՞նչ ասաց ՄԱԿ-ի ԱԽ-ում Հնդկաստանի ներկայացուցիչ Ռավինդրա Ռագութթախալին: Իսկ նա ասաց մոտավորապես նույնն, ինչ մյուսները: Հայտարարեց, որ Լաչինի միջանցքի շրջափակումը տագնապ է առաջացնում, քանի որ կարող է հումանիտար ճգնաժամ հրահրել: Աջակցելով տարածաշրջանում շարունակվող միջնորդությանը՝ կայուն խաղաղ լուծման հասնելու համար հնդիկը կողմերին կոչ արեց օգտագործել դիվանագիտական ուղիները:
Հանուն արդարության պետք է նշել, որ նիստի ընթացքում հնչեց մի ելույթ, որի բովանդակությունն ու ուղերձը, թերևս, մոտ էին Սիմոնյանի՝ «հասցեական գնահատական» բնորոշմանը: Խոսքը Իռլանդիայի մասին է, որի ներկայացուցիչ Մարտին Գալլաղերը հայտարարեց. «Ադրբեջանը պիտի անմիջապես ու անվերապահորեն վերականգնի ազատ և անվտանգ տեղաշարժը միջանցքի երկայնքով՝ հրադադարի մասին 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համապատասխան»: Ճի՛շտ է, այնուհետ նա ավելացրեց. «Հիմա զսպվածության ու դեէսկալացիայի, հռետորաբանությունը թուլացնելու, սպառնալիքներից ու հրահրումներից խուսափելու ու հաշտեցման ջանքերը շարունակելու ժամանակն է»: Այնպես որ այստեղ էլ բավական վիճելի է պնդումը, թե իռլանդացին կոշտ ելույթ է ունեցել ընդդեմ Ադրբեջանի:
Իսկ ի՞նչ է արել Ռուսաստանի Դաշնությունը, որն, ըստ Սիմոնյանի, չի հայտնել իր դաշնակցային դիրքորոշումը: Իսկ Ռուսաստանի Դաշնությունը միակն էր ելույթ ունեցողների թվում, որը հստակ զեկուցեց ձեռնարկված կոնկրետ միջոցառումների վերաբերյալ. «Վերջին օրերի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը կանոնավոր կապեր է հաստատել Հայաստանի ու Ադրբեջանի հետ, ինչի արդյունքում գազամատակարարումը դեպի Լեռնային Ղարաբաղ վերականգնվել է, Լաչինի միջանցքը մասնակի բաց է տեղաշարժի համար ու համաձայնեցված են Լեռնային Ղարաբաղի հանքավայրեր Ադրբեջանի կողմից այցելությունների պարամետրերը»: Բացի այդ, Ռուսաստանի ներկայացուցիչը կոչ է արել կողմերին՝ զերծ մնալ լարվածությունը ուժգնացնող քայլերից ու պահպանել 3 երկրների առաջնորդների 4 հայտարարություններում գրանցված պայմանավորվածությունները: Թերևս, ավելի կոնկրետ չի լինում:
ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստի հիմնական մասնակիցների ելույթների համառոտ ամփոփումից հետո Ալեն Սիմոնյանին ուզում ենք հարցնել. «Պարոն խոսնակ, ամեն դեպքում ներկայացված պատվիրակներից ո՞վ արեց հասցեական հայտարարություն: Ո՞վ դատապարտեց Ադրբեջանին ու նրանից որևէ բան պահանջեց: Հենց պահանջե՛ց, այլ ոչ թե կոչ արեց: Ի՞նչն է Արցախի համար ավելի օգտակար՝ ողբն ու մտահոգությո՞ւնը, թե՞ կոնկրետ գործողությունները»:
Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության համար առավել կարևոր է գեղեցիկ պատկերը, որում արևմտյան երկրների ներկայացուցիչները կսեղմեն հայ քաղաքական գործիչների ձեռքերը, կհավաստեն իրենց հավերժական բարեկամությունն ու ընդհանուր արժեքներին հավատարմությունը՝ չձեռնարկելով առկա խնդիրների լուծման ոչ մի իրական միջոց: Իսկ ի՜նչ կլինի ժողովրդի հետ՝ Սիմոնյանի ու իր նմանների համար մեծ հաշվով միևնույն է: Կարևորը՝ ժամանակին բռնել հայփը ու ռուսատյացության թրենդի ալիքի վրա աքացի տալ սեփական դաշնակցին, որը միակն է, ով ուզում է, կարող է և օգնում է:
Բայց այ Սիմոնյանն ու ընկերներն ուզո՞ւմ են արդյոք դա:

Comments (1)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև