206 տարի առաջ այս օրը ծնվել է ականավոր ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին։ Նրա պատմությունը լավագույն օրինակն է, թե ինչպե՛ս է ծագումով հայն արտասովոր բարձունքների հասել Ռուսաստանում և ձեռք բերել համաշխարհային ճանաչում: Այվազովսկու տաղանդը տեսել են անգամ նրանք, ովքեր կապված չեն եղել արվեստի հետ։ Հայ մեծ նկարչի ծննդյան օրը պատմում ենք նրա ոգեշնչող պատմությունը:
Ապագա նկարիչը արտասովոր երեխա էր։ Նա նրբանկատորեն զգում էր պոեզիան և ինքնուրույն սովորել էր ջութակ նվագել, սակայն մանկուց նրա հիմնական կիրքը նկարչությունն էր։ Սնանկացած հայ վաճառականի ընտանիքից երեխայի տաղանդին առաջինը ուշադրություն դարձրեց Թեոդոսիայի քաղաքապետ Ալեքսանդր Կազնաչեևը։ Նա նկատեց, թե ինչպես է Հովհաննեսը նկարում ոչ միայն ալբոմներում, այլև ավազի, ցանկապատերի ու տների վրա։ Քաղաքագլուխը տղային առաջարկեց իր երեխաների հետ նկարել սովորել ճարտարապետ Յակով Կոխի մոտ։ 10 տարեկանում Հովհաննեսն արդեն լավ էր պատկերում նավակներն ու նավերը։ Սիմֆերոպոլ տեղափոխվելուց հետո Կազնաչեևը 13-ամյա տղային տեղավորեց Սիմֆերոպոլի գիմնազիայում, իսկ ավելի ուշ հոգաց, որ պետական ծախսերով ընդունվի Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի Կայսերական ակադեմիա։
Ակադեմիայի նախագահ Ալեքսեյ Օլենինը օգնեց զարգացնել Հովհաննեսի տաղանդը։ 1836 թվականին ակադեմիական ցուցահանդեսում նա ցուցադրեց Այվազովսկու մի քանի ծովանկար։ Այնտեղ նկարչին նկատեց և բարձր է գնահատեց ռուս գեղանկարիչ Կառլ Բրյուլովը. «Ես տեսա ձեր նկարները ցուցահանդեսում և հանկարծ շրթունքներիս վրա զգացի ծովի աղի համը… Ակնհայտ է, որ դուք օժտված եք բնապատկերի տպավորությունները պահպանող բացառիկ հիշողությամբ: Դա կարևոր է իսկական նկարչի համար»։ Նույն ցուցահանդեսում Այվազովսկին ծանոթացավ Ալեքսանդր Պուշկինի հետ ու հետագայում նկարեց բանաստեղծին նվիրված բազմաթիվ կտավներ:
Հովհաննեսն արդարացրեց իր բարերարների սպասումները: 1837 թվականին նա ստացավ Գեղարվեստի ակադեմիայի մեծ ոսկե մեդալ և Ղրիմ ու Եվրոպա անվճար ճանապարհորդության իրավունք։ Այդ ուղևորությունից առաջ ծովակալ Միխայիլ Լազարևը Այվազովսկուն հրավիրեց ուրվագծել դեսանտի իջեցումը կովկասյան ափին, որտեղից էլ նկարչի բերած էսքիզները հետագայում դարձան համաշխարհային արվեստի գլուխգործոցներ:
Ռուս Մեծ իշխան Կոնստանտին Նիկոլաևիչի թույլտվությամբ 1845 թվականի գարնանը ծովային գլխավոր շտաբի գեղանկարիչ Հովհաննես Այվազովսկին մեկնեց Փոքր Ասիայի ափեր: Այնուհետև նրա ճանապարհին էին Օսիան, Դաղստանը, Վրաստանն ու Հայաստանը։ Ուր էլ գնար արվեստագետը՝ միշտ հանդիպում էր տեղի հայերի հետ և օգնում նրանց՝ գումար հատկացնում դպրոցների ու եկեղեցիների պահպանման համար, անձնական կրթաթոշակներ նշանակում։
Հայաստանի և Ռուսաստանի շատ քաղաքներում տեղադրվել են Այվազովսկու հուշարձանները, նրա պատվին անվանակոչվել են փողոցներ և սոցիալական կարևոր օբյեկտներ: Վերջերս Երևանի ազգային պատկերասրահում բացվեց նկարչի ավելին քան 50 կտավի և գրաֆիկական աշխատանքների մշտական ցուցահանդես: Մեր հավաքածուն աշխարհում երկրորդն է Թեոդոսիայի հավաքածուից հետո։
Այվազովսկուն թաղել են Ղրիմում՝ հայրենի Թեոդոսիայում, միջնադարյան հայկական Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ Սպիտակ մարմարից տապանաքարի վրա գրաբար փորագրված են պատմիչ Մովսես Խորենացու խոսքերը՝ «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան