Համաշխարհային իրադարձությունները փոփոխություններ են մտցնում ԵՏՄ գործունեության պայմանների մեջ․ Գոհար Բարսեղյան

 | 

Եվրասիական տնտեսական միության տնտեսությունը ժամանակակից Եվրասիայի ամենաիրատեսական ինտեգրացիոն նախագիծն է, որի ստեղծումը դարձավ պետությունների փոխշահավետ համագործակցության ուղղությունների եւ ձեւաչափերի համատեղ որոնման արդյունքը։ Այս մասին «Նոր պայմաններում ԵՏՄ-ի զարգացման հեռանկարները եւ երրորդ երկրների հետ համագործակցության հնարավորությունները՝ իրենց փոխակերպվող արտաքին տնտեսական ռազմավարությունների համատեքստում» խորագրով կլոր սեղանի ժամանակ ասել է ԵՏՀ Ինտեգրացիայի զարգացման վարչության տնօրեն Գոհար Բարսեղյանը։

Նրա խոսքով՝ Միության ստեղծման եւ ձեւավորման պատմությունն անքակտելիորեն կապված է համաշխարհային տնտեսական ճգնաժամների եւ արտաքին գործոնների հաղթահարման հետ, որոնք ազդել են անցած ճանապարհի վրա՝ դարձնելով այն ավելի երկար, բայց, միեւնույն ժամանակ, եզակի եւ անկրկնելի։ Դժվարությունների մեծ մասը հաջողությամբ հաղթահարվել է բացառապես համատեղ ջանքերով, ինչը հստակ խոսում է Միության՝ որպես ինտեգրացիոն ասոցիացիայի կենսունակության մասին։

«Մենք միշտ ելնում ենք նրանից, որ համաշխարհային տնտեսության զարգացման տրամաբանությունը, ինչպես նաեւ գլոբալ խնդիրների լուծումների որոնումը որոշվում է պետությունների միավորմամբ կամ խոշոր մեգաբլոկներով։ Ուստի, առաջին պլան են մղվում համաշխարհային տնտեսության այս մասնակիցների երկխոսության հարցերը։ Եվ այս համատեքստում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը գործում է ոչ թե մեկ կոնկրետ պետության շահերից ելնելով, այլ միավորում ու համադրում է անդամ բոլոր երկրների շահերը։ Մարտահրավերները, որոնց աշխարհը բախվել է վերջերս, ազդում են տարբեր ասպեկտների վրա: Միեւնույն ժամանակ, ընդհանուր անկայունությունն առաջին հերթին ազդել է համաշխարհային տնտեսության զարգացման աճող անորոշության վրա»,-նշել է նա։ Սրա արդյունքում, շարունակել է Բարսեղյանը, ձեւավորվում են տնտեսական զարգացման նոր կենտրոններ, փոխվում է գլոբալ որոշումներ կայացնելու տրամաբանությունը։

«Առաջին․ այս պահին շատերը նշում են միաբեւեռ աշխարհակարգի դարաշրջանի ավարտը, ինչպես նաեւ միջազգային հարաբերությունների ճարտարապետության մեջ ի հայտ եկած լուրջ փոփոխությունները։ Մենք ԵՏՄ-ում ի սկզբանե ելնում էինք նրանից, որ տարածաշրջանային ինտեգրումը նպաստում է բազմաբեւեռ աշխարհի ձեւավորմանը։ Կենտրոնանալով դրա վրա՝ ստեղծվեց եւ մշակվեց մեր եվրասիական նախագիծը։ Միաժամանակ, մենք շարունակում ենք արձանագրել, որ աշխարհի այլ տարածաշրջաններում երկրները ինտեգրումը դիտարկում են որպես տնտեսությունների մրցունակության բարձրացման լրացուցիչ հնարավորություններ։ Այնպիսի ասոցիացիաներում, ինչպիսիք են ԱՍԵԱՆ-ը, ՄԵՐԿՈՍՈւՐԸ, Խաղաղօվկիանոսյան դաշինքը եւ Անդյան համայնքը, ինտեգրումը խորացնելու ջանքերը միայն հաստատում են այս թեզը: Այս համատեքստում ԵՏՄ-ի համար մեծանում է օտարերկրյա պետությունների եւ ասոցիացիաների հետ գործընկերային դաշինքների կառուցման կարեւորությունը, եւ ես կցանկանայի նշել Միության միջազգային շփումների ցանցը, որն ընդգրկում է աշխարհի տարբեր տարածաշրջաններ»,-ասել է Բարսեղյանը։

Երկրորդ թեզը Գոհար Բարսեղյանն անվանել է այն, որ ներկայիս աշխարհատնտեսական պայմաններում Միությունը համակարգված կերպով քարոզում է կապերի ցանցի զարգացում ինչպես պետությունների, այնպես էլ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների հետ։ «Միջազգային գործունեության ձեւավորված ենթակառուցվածքը ցույց է տալիս, որ Միությունը ամուր ինտեգրված է համաշխարհային տնտեսությանը։ Ավելին, երկխոսությունը ենթադրում է ուշադրություն գործընկերների ինտեգրացիոն նախաձեռնություններին։ Այստեղ մենք ունենք նաեւ հաջողված օրինակներ։ Խոսքն, առաջին հերթին, ԵՏՄ-ի զարգացման եւ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախաձեռնության համատեղման մասին է։

Հարկ․Հարկ է նշել նաեւ Մեծ Եվրասիական գործընկերության հայեցակարգի ձեւավորումը, որի էությունը հենց տարբեր արագությունների ինտեգրացիոն նախագծերի զարգացման սիներգիայի մեջ է։ Նշեմ նաեւ, որ Եվրասիայում գոյություն ունեցող նախագծերն առճակատման բնույթ չեն կրում եւ դա է պատճառը , որ ունեն ներդաշնակեցման մեծ ներուժ: Առանց դրա դժվար է պատկերացնել մասնակից երկրների կայուն սոցիալ-տնտեսական զարգացումը», նշել է նա։

Երրորդ թեզն ասոցիացիայի շրջանակում տնտեսության տարբեր ոլորտների ինտեգրման խորությունն է։ Այնուամենայնիվ, առանց ԵՏՄ-ի հզոր ինտեգրացիոն միջուկի, ինչպես նշել է Բարսեղյանը, անհնար է որեւէ բովանդակալից միջազգային նախաձեռնություն իրականացնել երրորդ երկրների կամ ասոցիացիաների հետ։ «Ակնհայտ է, որ Միության նպատակներին հասնելու համար բավարար չեն ինտեգրման ձեռք բերված մակարդակի վրա հիմնված տնտեսական աճի խթանման առկա գործիքները։ Անհրաժեշտ է դրանք կատարելագործել, դարձնել ավելի ճկուն եւ հարմարվող՝ ապահովելու ներքին զարգացում, խորացնել համագործակցությունը մեր երկրների միջեւ, ինչպես նաեւ ամրապնդել ԵՏՄ-ի՝ որպես անկախ սուբյեկտի դիրքերը համաշխարհային հարթակում։

Բարսեղյանը նշել է, որ այսօր ստեղծվել են տնտեսական պայմաններ Միության հետագա զարգացման համար, որոշվել են ռազմավարական առաջնահերթություններ։ Այնուամենայնիվ, համաշխարհային տնտեսական եւ քաղաքական ընթացիկ իրադարձություններն իրենց ուրույն շտկումներն են անում Միության գործունեության պայմանների մեջ։

«Ներկայիս իրողությունները հաստատել են Միության ներսում միասնական ներքին շուկայի ձեւավորման, ներմուծման փոխարինման քաղաքականության, ենթակառուցվածքների, արդյունաբերական համագործակցության զարգացման, ԵՏՄ-ում արժեշղթաների ստեղծման, պարենային անվտանգության, ինչպես նաեւ ԵՏՄ կայուն եւ անխափան արտադրական գործունեության կարեւորությունը։ Հիմնական գործիքը տնտեսությունների փոխլրացումն ու փոխադարձ ամրապնդումն է։ Ինտեգրումից դուրս դժվար թե հնարավոր լինի հասնել նման արյդունքի, ինչը նշանակում է, որ եվրասիական ինտեգրացիոն գործընթացին մասնակցելու տնտեսական գրավչությունը չափազանց բարձր է»,-հավելել է Բարսեղյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև