Էներգետիկայի ոլորտում իրավիճակի մասին

Օրերս Հայաստանն ու Ռուսաստանը Մեծամորի ատոմակայանի արդիականացման ու շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու վերաբերյալ պայմանագիր կնքեցին: Վերակառուցումը կիրականացնի «Ռոսատոմի» դուստր ընկերությունը՝ «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն: Գովելի է, որ մեր ռուս գործընկերները համաձայնել են կատարել այս աշխատանքն անգամ երկրների միջև լարված հարաբերությունների պայմաններում:

Եկեք այսօր՝ էներգետիկների մասնագիտական տոնին, դիտարկեք այդ ռազմավարական կարևորություն ունեցող այս ճյուղի վիճակը, որից մեր երկրի զարգացումն է կախված: «Ռոսատոմը» հաջողությամբ մասնակցում է Մեծամորի ԱԷԿ-ի շահագործմանն ու դրա տեխնիկական աջակցությունն ապահովում: Արդիականացման և ծառայության ժամկետի ավելացման հարցով դեռ 2014 թվականին մեր կառավարությունը դիմեց ռուսական ընկերությանը: Ընկերությունն իրականացրեց անհրաժեշտ բոլոր աշխատանքներն, ընդ որում՝ գրեթե առանց կայանը կանգնեցնելու, և երկարացրեց դրա շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը։

Մարտին Հայաստանի կառավարությունը սկսեց ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարացնելու գործընթացը։ Օբյեկտի արդիականացման և վերազինման աշխատանքների իրականացման համար Ռուսաստանը հատկացրել է 189 մլն դոլար, Հայաստանը՝ 162,8 մլն դոլար: Աշխատանքները կկատարվեն մինչև 2026 թվականը:

Չի կարելի չնշել ընդհանուր առմամբ էներգետիկ ոլորտում մեր ռազմավարական գործընկերոջ կարևոր դերը։ Բացի էլեկտրաէներգիայի քառորդն արտադրող Մեծամորի ատոմակայանի բարեհաջող սպասարկումից և արդիականացումից, Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում ռեկորդային ցածր ֆիքսված գնով՝ 1000 խմ-ի դիմաց 165 դոլար, ու չի պատրաստվում սակագինը փոխել: Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ն գազը վաճառում է շուկայական գներով, որոնք մի քանի անգամ գերազանցում են ռուսական գները։ Օրինակ, Եվրոպայում գազի գնման միջին գինը դեկտեմբերի սկզբին 1 000 խմ-ի համար կազմել է մոտ 434 դոլար։

Բայց ամեն ինչ այնքան անամպ չէ, որքան կարող է թվալ: 2017 թվականի նոյեմբերի 24-ին մեր կառավարությունը Եվրամիության հետ կնքեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ փաստացի ստորագրելով ատոմակայանի փակումը։ Համաձայնագրի տեքստում ԱԷԿ-ի մասով ասվում է. “Այս ոլորտում համագործակցությունը կներառի Մեծամորի ԱԷԿ-ի փակումն ու անվտանգ կոնսերվացումը, ճանապարհային քարտեզի կամ գործողությունների պլանի շուտափույթ ընդունումը՝ հաշվի առնելով Հայաստանի կայուն զարգացման համար այլընտրանքային հնարավորությունների ապահովման անհրաժեշտությունը»:

Այնքան էլ հասկանալի չէ, թե այդ ի՛նչ կարող էւն առաջարկել եվրոպացիները, որպեսզի մեր իշխանությունները համաձայնեին նրանց պայմաններին: Հայտնի է, որ Լիտվային, Բուլղարիային ու Սլովակիային նմանօրինակ պահանջներ ներկայացնելիս Եվրամիությունը նրանց խոստացել էր անդամակցել կազմակերպությանը: Բայց Հայաստանից ուղղակի պահանջում են ոչնչացնել էլեկտրաէներգիայի իր հիմնական աղբյուրը՝ մեր երկրի էներգետիկ անվտանգության հիմքը:

Ինչո՞ւ պիտի Հայաստանը կոնսերվացնի Մեծամորի ԱԷԿ-ը, որն անգամ ՄԱԳԱՏԷ-ի ստուգումների արդյունքում լիովին համապատասխանում է անվտանգության բոլոր պահանջներին: Եթե Հայաստանն ընկրկի Եվրամիության առաջ, ապա կարող է կրկնել Գերմանիայի տխուր փորձը: Արևմուտքում տարածված՝ կանաչ օրակարգի շահերից ելնելով՝ այդ երկիրը շահագործումից հանել է իր բոլոր միջուկային ռեակտորներն ու արդյունքում այս տարի ռուսական գազի բացակայության պատճառով ստիպված է եղել վերսկսել ածխային ՋԷԿ-երի՝ էներգիայի շատ ավելի «կեղտոտ» աղբյուրների աշխատանքը։

Զարմանալի՜ է մեկ այլ բան: Այս հարցում Հայաստանի վրա Արևմուտքի ճնշումը մեծապես կրկնօրինակում է մեր երկրի նկատմամբ Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջները։ Հունվարին Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան դիմեց միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ կոչ անելով դադարեցնել Մեծամորի ԱԷԿ-ի աշխատանքը: Ավելի ուշ՝ հոկտեմբերին, կայանն անհապաղ փակելու պահանջով ՄԱԳԱՏԷ դիմեց Թուրքիան:

Մեր երկրի վրա վիթխարի ճնշում գործադրելով՝ Արևմուտքն ու մեր ոչ բարեկամական հարևանները մեկ ճակատով են գործում. Արևմուտքը ձգտում է բացառել Ռուսաստանի մասնակցությունը տարածաշրջանում էներգետիկ նախագծերին, իսկ Բաքուն և Անկարան ձգտում են մեզ զրկել կարևորագույն ռեսուրսից և խաթարել Հայաստանի էներգետիկ անվտանգությունը։ ԱՄՆ-ն նաև ակտիվորեն առաջ է տանում փոքր ատոմակայանների կառուցման ծրագիրը, որոնք նրանց մոտ միայն թղթի վրա գոյություն ունեն։ Սա նշանակում է, որ Հայաստանում դրանց հայտնվելու դեպքում մեր երկիրը չփորձարկված տեխնոլոգիաների կիրառման փորձադաշտ կդառնա։

Հայաստանից պահանջում են վերակառուցել էներգետիկ քաղաքականությունն այնպես, որ մեր երկիրը լիովին կախված լինի Արևմուտքի ողորմածությունից, գազը գնի ուռճացված գներով և ԱՄՆ-ի համար դառնա ցածր հզորությամբ ԱԷԿ-ների կառուցման միջուկային փորձերի փորձադաշտ։ Բայց մեր ղեկավարությունը դեռևս խելք ունի՝ չոչնչացնել հայկական էներգետիկ ոլորտը և, անկախ ամեն ինչից, շարունակել փոխշահավետ համագործակցությունը ռուս գործընկերների հետ։

Comments (1)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև