Արդեն մի քանի օր է՝ Հայաստանում ակտիվորեն քննարկվում է ռուսական Առաջին ալիքով ցուցադրված «Ժառանգ Տուտիի տիկնիկները» հաղորդումը: Ուշագրավ է ոչ այնքան բուն հաղորդման բովանդակությունը, որքան՝ հայկական քաղաքական վերնախավի ու դրան ենթակա մեդիաների արձագանքը:
Ռուսական հեռուստաալիքներով մեկ անգամ չէ, որ եթեր են հեռարձակվել հայաստանյան հասարակությունում ոչ միանշանակ արձագանք առաջացրած հեռուստահաղորդումներ, բայց նման կատաղի արձագանք երբևէ չի եղել: Այժմ ասես թոկից պոկված լինեն՝ ձգտելով հենց ա՛յդ թողարկումը մատուցել իբրև «կեղծիքի ու վիրավորանքի գագաթնակետ»:
Իսկ խնդիրն այն է, որ հենց այդ հաղորդման հյուրերը քննարկում էին ո՛չ թե Հայաստանը կամ հայ ժողովրդին, այլ՝ Նիկոլ Փաշինյանին, նրա ուղին դեպի քաղաքականություն՝ հարթված երեսպաշտությամբ ու դավերով, Հայաստանի շահերի դավաճանությամբ ու Արցախ հանձնմամբ: Նկատե՛ք՝ հայերի մասին ո՜չ մի թթու խոսք չի ասվել: Բայց մերձիշխանական ԶԼՄ-ներն ու քաղաքական գործիչներ այս ամենն այնպես են շուռ տալիս, որ մենք Փաշինյանի հասցեին ցանկացած քննադատություն մեր հաշվին ընդունենք: Ու բնական է, եթե մեր հասարակությունում վարչապետի կերպարի շուրջ միասնականություն և համախմբում լիներ. այդ ժամանակ մենք կարող էինք նաև զայրանալ, որ անարդարացի մեղադրանքներ են հնչում մեր առաջնորդի հասցեին, ով մեր թիկունքին սարի պես կանգնած է: Բայց որքան առաջ ենք շարժվում, այնքան ավելի հստակ է երևում, որ Նիկոլը Հայաստանն էլ Արցախի ետևից անդունդն է գլորում:
Սա, թերևս, հասկանում են նաև իշխանությունները՝ տեսնելով, որ Փաշինյանի հեղինակությունն անշեղորեն նվազում է: Այդ պատճառով էլ փորձում են արտաքին թշնամի գտնել, որպեսզի հայ ժողովրդին համախմբեն վարչապետի շուրջ: Իսկ հենց այդ թշնամու դերը վաղուց արդեն վերապահված է Ռուսաստանին:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան