Դատարկ խոստումներ կամ՝ պանիր մկան թակարդում

Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի իշխանությունների ավելի ու ավելի սադրիչ պահվածքի ֆոնին օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայ-ամերիկյան համագործակցությունը զարգացման նշանակալի փուլում է, իսկ վերջին համատեղ զորավարժությունները «աննախադեպ կարևոր» են դարձել:

Իսկապես, վերջին ամիսներին Արևմուտքը Ռուսաստանի հետ իր առճակատման ընթացքում շեշտը դնում է Հայաստանի հետ «դաշնակցելու» ծրագրերի վրա՝ ակնհայտորեն փորձելով մեզ իր կողմը քաշել։ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենն ասել է, որ Միացյալ Նահանգները և ԵՄ-ն ցանկանում են, որ Հայաստանն ավելի մոտ լինի իր «տրանսատլանտյան դաշնակիցներին»: Եվ որպես «առատաձեռն» քայլ՝ ամերիկացիներն ընդունեցին օրինագիծ, որը սահմանափակում է ռազմական օգնությունը Բաքվին, բայց միայն անվանական։ Ընդ որում, փաստաթուղթը ստորագրվել է միայն այն բանից հետո, երբ մեր երկիրը աղետալի կորուստներ ունեցավ, իսկ արցախահայությունը զրկվեց իր հայրենիքից։ Ի դեպ, ԱՄՆ օգնությունն, ըստ փորձագետների, Ադրբեջանին օտարերկրյա ռազմական մատակարարումների ընդհանուր ծավալի ընդամենը 0,2%-ն է կազմում։ Դրա համար էլ ադրբեջանցիներին զենքի մատակարարումը կասեցրած «բարի ամերիկացիների» մասին փիար-արշավը հերթական փուչիկը դարձավ։

Հարավային Կովկասի տարածաշրջանում Հայաստանին իր շահերի շրջանակի մեջ ներքաշելու ձգտման մեջ ԱՄՆ-ն մեզ ավելի ու ավելի շատ խոստումներ և երաշխիքներ է տալիս։ Օրինակ՝ հայտարարում է ուժային կառույցներին, այդ թվում՝ ոստիկանությանը, ռազմական տեխնիկա, համազգեստ և զենք տրամադրելու մասին։

Ավելի քան 1,5 միլիարդ դոլար արժողությամբ ռուսական զենքի մատակարարման շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին արժե հասկանալ, թե ի՞նչ է կատարվում հայկական բանակի վերազինման հարցում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ճեպազրույցում հայտարարեց, որ իբր Ռուսաստանը զենք չի համամատակարարել Հայաստանին։ Բայց արդյո՞ք դա իսկականում այդպես է:

Դեռ սեպտեմբերին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ռուսաստանը ժամանակին է զենքն արտադրել է, բայց Հայաստանը այն չի վերցրել։ Մասնավորապես, «“Сплав” ՀԱՄ» ԲԸ ռուսական գործարանն արտադրել է «Սմերչ» հրթիռները, ինչի մասին տեղեկացրել է մեր իշխանություններին։ Նրանք դա անտեսել են: Անցել է երեք ամիս, և՝ լռություն: Ավելին, իր հատկությունների պատճառով նշված սպառազինությունը գործարանի պահեստներում պահելը խնդրահարույց է։ Բնականաբար, Ռուսաստանը որոշել է հրթիռներն ուղարկել հատուկ ռազմական գործողության շրջանակներում օգտագործելու՝ տեղեկացնելով, որ կապալառուն պատրաստ է ցանկացած պահի վերսկսել մատակարարումները: Իսկ հիմա Փաշինյանն ասում է, որ վճարված գումարը կարող է ուղղվել Հայաստանի պարտքի մի մասը Ռուսաստանին փակելուն։ Ի՞նչ է՝ մեզ այլևս զենք պետք չէ՞: Գուցե մեր ղեկավարությունը չէ՞ր էլ պատրաստվում զինել երկիրը։ Իհարկե, չէ՜ որ մեզ մոտ փաշինյանական «խաղաղության դարաշրջան» է։

Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի կառավարությունն ամեն կերպ փորձում է հրաժարվել Ռուսաստանի հետ շփվելու ցանկացած հնարավորությունից, ուստի` հայկական բանակի վերազինման հարցով բանակցություններ է վարում Ֆրանսիայի և Հնդկաստանի, իսկ այժմ` նաև ԱՄՆ-ի հետ։ Արդյունքում մեր բանակը կարող է վերածվել յուրօրինակ Ֆրանկենշտեյնի, քանի որ տարբեր զորամասերի հագեցվածությունը փոխարինելի չի լինի, զինվորականները չեն կարողանա լիարժեք տիրապետել տեխնիկայի բոլոր նմուշներին, իսկ մեկ վերանորոգման բազայի փոխարեն անհրաժեշտ կլինի առանձին տարբերակներ փնտրել:

Պետք է հաշվի առնել, որ սպառազինությունների մատակարարման հարցում ԱՄՆ-ի հնարավորություններն անսահման չեն։ Հենց Իսրայելը նրանցից ռազմական օգնություն խնդրեց, Ուկրաինան կտրուկ մղվեց երրորդ պլան։ Ուկրաինայի առաջնայնությունն ԱՄՆ-ի համար մի քանի անգամ նվազել է, իսկ Հայաստանն առավել ևս երբեք ԱՄՆ-ի համար նման ուղենիշ չի դառնա ։ Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) գնահատականներով՝ ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրի ներկայիս հնարավորությունները թույլ կտան վերականգնել Javelin հակատանկային համալիրների, Stinger զենիթահրթիռային համալիրների և մի շարք այլ պահանջված մարտական համակարգերի պաշարները ոչ շուտ, քան հինգ տարի անց: Ուստի՝ սեփական ռազմարդյունաբերական համալիրի արտադրությունն ավելացնելու անկարողության պատճառով ամերիկացիներն արդեն հիմա կրճատում են արդեն իսկ ուղարկված սպառազինության զինամթերքի մատակարարումները։

ԱՄՆ-ի խոստացած օգնության նույն բլոկում կարելի է ներառել նաև հայկական պրովայդերներին ամերիկյան արբանյակային ինտերնետ տրամադրելու հարցը։ Ուկրաինայի փորձը մեզ արդեն ցույց է տվել՝ սա ազդեցության հերթական գործիք է, և երկրին ԱՄՆ-ի համար անհրաժեշտ լուծումներ պարտադրելու համար կապը կարող են անջատել։ Հիշեցնենք, որ Ուկրաինայում գործարկվել է Էլոն Մասկի SpaceX ընկերության Starlink արբանյակային ինտերնետը: Նա նաև հազարավոր հավաքածուներ է ուղարկել Ուկրաինա՝ արբանյակային ինտերնետ ստանալու համար։ Բայց պարզվեց, որ քաղաքական նկատառումներից ելնելով՝ ծածկույթը ոչ բոլոր տարածքներն էր ընդգրկում, կամ ցանցն ուղղակի անջատվում էր։ Բացի այդ, տարաձայնությունների պատճառով Մասկը սպառնում էր արգելափակել համացանցի անվճար հասանելիությունը։ Մենք ուզում ենք նույն իրավիճակո՞ւմ հայտնվել:

Անվտանգության հարցերում պետք է հետևել սեփական ազգային, այլ ոչ թե այսրոպեական շահին։ Եվ չտրվել մեր երկիրն աշխարհաքաղաքական խոշոր խաղացողներին դիմակայելու գործիք դարձնելուն ձգտող արտաքին ուժերի մանիպուլյացիաներին:

Comments (2)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև