Երասխում կառուցվող գործարանի շուրջ մթնոլորտը կրկին թեժանում է: Բայց չնայած լարվածության ուժգնացմանը՝ ամերիկացի սեփականատերերը ոչինչ չեն անում աշխատակիցների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
Արդեն գրեթե մեկ ամիս է, ինչ ադրբեջանցի զինվորականները պարբերաբար գնդակոծում են Երասխի մետալուրգիական գործարանի շինհրապարակը: Միջադեպի պատճառով հունիսի 14-ին վիրավորումներ ստացան Հնդկաստանի երկու քաղաքացի: Այժմ շինարարությունը գրեթե պարալիզացված է, սակայն հարձակումները չեն դադարում:
ԵՄ-ն ու ԱՄՆ Պետդեպը ծուլորեն փորձեցին միջամտել ստեղծված իրավիճակին: Սակայն մտահոգությունների մասին հերթապահ հայտարարություններից այն կողմը գործը չգնաց: Ու դա այն դեպքում, որ ապագա գործարանն արևմտյան ներդրողների ծնունդն է: Ձեռնարկությունը կառուցում է GTB Steel-ը՝ CS Global Investments-ի և Virtual Fonding-ի դուստր-կազմակերպությունը: CS Global Investments-ը պատկանում է ԱՄՆ քաղաքացի Բոբբի Քանգին, Virtual Fonding-ը՝ Գրիգոր Տեր-Ղազարյանին՝ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայր ու արևմտամետ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի փեսային:
Գործարանի տիրոջ երևակայությունը բավականացրել է միայն շինհրապարակում ԱՄՆ դրոշ բարձրացնելուն՝ այդպիսով մատնանշելով, որ 70 մլն դոլար արժողությամբ նախագիծն իրականացվում է արևմտյան գումարներով: Ըստ ղեկավարության՝ ադրբեջանցիները չէին հանդգնի հարձակվել ամերիկյան սեփականության վրա: Բայց ինչ-որ բան այնպես չգնաց, ու գնդակոծումները շարունակվեցին:
Ամերիկացի ներդրողներն իրենց աշխատակիցների պաշտպանության համար որևէ այլ բան չձեռնարկեցին: Այստեղ զարմանալի ոչինչ չկա. նյութական շահն Արևմուտքի ներկայացուցիչներին ավելի է հուզում, քան՝ աշխատակիցների կյանքն ու անվտանգությունը:
Ադրբեջանի ագրեսիայից մեզ չեն փրկի ո՛չ ամերիկյան ներդրումները, ո՛չ ԱՄՆ միջնորդությունը: Որքան էլ Վաշինգտոնը հայտարարի իր մտահոգության մասին՝ առանց կոնկրետ գործողությունների այդ խոսքերը դատարկ օդի շարժ են: Մինչդեռ ԱՄՆ-ն չի շտապում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ հաստատելով այն կարծիքը, որ Սպիտակ տունը թքած ունի հայկական շահերի վրա:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան