Չկրկնել այլոց սխալները

Ուկրաինայում զարգացող իրավիճակի վերաբերյալ аրևմտյան ԶԼՄ-ների հրապարակումներն ավելի ու ավելի են հիշեցնում հիստերիա: Եթե նախկինում քարոզչական պարբերականների դիրքորոշումը հստակ էր՝ «Ուկրաինան կհաղթի, Արևմուտքը նրան օգնելու համար պետք է ամեն ինչ անի», ապա այսօր արևմտյան ԶԼՄ-ներում ավելի հաճախ են հնչում հակահարձակման տապալման մասին հայտարարությունները: Լեհական Rzeczpospolita թերթը հաղորդում է, որ դա կարող է բերել Արևմուտքի կողմից ֆինանսական և ռազմական օգնության կրճատմանը: Իսպանական Rebelión-ի սյունակագիր Պաբլո Խոֆրե Լեալն իր հոդվածում եկել է այն եզրահանգման, որ Վլադիմիր Զելենսկին փորձում է ռազմաճակատում Ուկրաինայի զինված ուժերի հաջողությունների պատրանք ստեղծել, մինչդեռ զինվորականները չեն կարողացել կատարել իրենց առջև դրված որևէ խնդիր:

Ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն հայտարարում է, որ ռազմաճակատում ուկրաինական ուժերի փաստացի լիարժեք տապալման պատճառով ԵՄ-ն պիտի դադարի աջակցել ու օգնության նոր փաթեթներ հատկացնել Ուկրաինայի զինված ուժերին: Տապալման վերաբերյալ հայտարարությունները ԶԼՄ-ներում ավելի ու ավելի բարձր են հնչում: Արևմտյան երկրների շատ քաղաքական գործիչներ արդեն հասկանում են, որ Ուկրաինան որևէ ծանրակշիռ հաջողության չի հասնի, իսկ սեփական բնակիչների դժգոհության հարցը պիտի լուծեն հենց իրենք: Այդ իսկ պատճառով ակնհայտ ձախողված գործողության ֆինանսավորումը դադարեցնելու մասին պահանջներն ավելի ու ավելի ուժգին են հնչում:

Դա պայմանավորված է նաև նրանով, որ արևմտյան սպառազինությունն ի վիճակի չեղավ դիմակայել ռուսականին։ Bloomberg գործակալության հաշվարկների համաձայն՝ գործընկերներն Ուկրաինային սպառազինության ավելի քան 4 հազար միավոր են տրամադրել։ Հակահարձակման համար ձևավորվել է արտասահմանյան տեխնիկայով հագեցած 12 նոր գրոհային բրիգադ: Ընդ որում, ռուսական կողմի գնահատմամբ՝ արդեն հիմա ոչնչացվել է մատակարարված արևմտյան սպառազինության մեկ երրորդը: Դա անուղղակիորեն հաստատել է նաև ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալլիվանը՝ հայտարարելով վերջին շրջանում Ուկրաինայի զինված ուժերի նշանակալից կորուստների մասին:

Ի՞նչ է ստացվում: Չնայած հազարավոր զինատեսակների, արևմտյան հարյուրավոր և հազարավոր վարձկանների ու հրահանգիչների՝ այսպես կոչված ուկրաինական հակահարձակումը ձախողվեց հենց մեկնարկում. Ուկրաինայի զինված ուժերը հսկայական կորուստներ են կրում:

Քանի դեռ հավաքական Արևմուտքի երկրների ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի ուղղությամբ, Հայաստանը պետք է մտածի, թե ինչպե՛ս չհայտնվի նմանօրինակ իրավիճակում։ Մեր պարագայում ամեն ինչ շատ ավելի վատ կլինի։ Ի տարբերություն Ուկրաինայի՝ Հայաստանն Արևմուտքից անվտանգության ո՛չ մի երաշխիք և ո՛չ մի փամփուշտ չի ստացել ու, ամենայն հավանականությամբ, չի՛ ստանա։

Հայաստանի ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը՝ չնայած այն անօրինություններին, որ աշխարհի տարբեր կետերում կազմակերպում են ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ում նրա գործընկերները համառորեն փորձում է շարունակել արևմտամետ քաղաքականությունը: Առաջ մղելով այսպես կոչված խաղաղության դարաշրջանն, իսկ իրականում՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ տարածաշրջանային անվտանգության նոր համակարգի ձևավորման օրակարգը՝ Փաշինյանն իր գործողություններով Ռուսաստանին դրդում է հեռանալ տարածաշրջանից։ Այս սցենարը լիովին բավարարում է հավաքական Արևմուտքին, որը ձգտում է վերահսկել տրանսպորտային-լոգիստիկ ու էներգետիկ միջանցքները:  Բայց, ըստ քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի՝ նման «անվտանգության համակարգն»՝ ի դեմս Բաքվի ու Անկարայի, կուլ կտա Հայաստանին, երբ ռուսական ռազմական գործոնը չեզոքացվի:

Իսկ այժմ հարցնենք Հայաստանի բնակիչներին. արդյո՞ք մենք պատրաստ ենք զրկվել քաղաքական ինքնուրույնությունից ու ազգային անկախությունից: Կամ, որն ավելի սարսափելի է՝ դառնալ պանթյուրքիզմի զոհ ու հիմնովին վերանալ տարածաշրջանի քարտեզից:

Աղբյուրը՝ Telegram
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև