Արցախցիների ճակատագիրը

Հերթական ցնցումն ապրեցին Արցախի բնակիչներն, ովքեր ստիպված տեղափոխվել էին Հայաստան: Եվ դա՝ լիարժեք շրջափակման 9 ամիսներից ու այն բանից հետո, որ ճարահատյալ լքել էին իրենց տները՝ վերցնելով միայն առաջին անհրաժեշտության իրերը:

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը հայտարարեց, որ արցախցիները կենսաթոշակներ ու նպաստներ ստանալու համար պիտի հաշվառվեն փաստացի բնակության վայրում: Թերևս, Ժամակոչյանն ի նկատի ունի մարզադահլիճնե՞րը, մանկապարտեզնե՞րն ու  վարձակալված բնակարաննե՞րը: Երբեմն թվում է, որ մեր կառավարությունը ծաղրում է մարդկանց:

Խնդիրներ բացահայտվեցին նաև արցախցիների հայկական անձնագրերի հետ: «Արցախցիների կապույտ անձնագրերը ճամփորդական փաստաթղթեր են: Դրանք կարող են որպես անձը հաստատող փաստաթուղ կիրառվել, բայց ոչ որպես քաղաքացիություն հաստատող փաստաթուղթ», — լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ  Արմեն Ղազարյանը: Կարիք կա՞ արդյոք մեկնաբանելու պաշտոնյայի այս անադեկվատ հայտարարությունը:

Ուղղակի ֆիքսենք: Կենսաթոշակներն ու նպաստները ստանալու համար արցախցիները նախ պետք է գրանցվեն փաստացի բնակության վայրում, ապա՝ նորից ստանան ՀՀ քաղաքացիություն (որը, կարծես թե, նրանք միշտ ունեցել են): Բայց քաղաքացիության ստացմանը զուգահեռ արցախցիները դադարում են միայն փախստականների համար նախատեսված աջակցության ծրագրերի շահառու լինել:

Ահա ևս մի նորություն արցախցիների մասին «հոգացող» Փաշինյանի աշխարհից: Հարկադիր վերաբնակները, որոնց բանկային հաշիվներին 2 մլն դրամից ավել գումար կա, չեն կարող օգտվել սոցիալական աջակցության ծրագրից: Ստացվում է, որ հայկական պետությունը տուժող չի համարում մարդկանց մի դասի, որը կարող էր տարիներով խնայողություններ անել, բայց ստիպված է եղել լքել իր հայրենիքը: Թերևս, Փաշինյանի թիմը կարծում է, որ նրանց վրա կարելի է նաև խնայել:

Առանձին խնդիր է պետության կողմից բնակարանի տրամադրումը:  Հաղորդվում է, որ ծրագրի քննարկման գործընթացը կա… Ճիշտ է՝ մի կերպ: Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը վերջերս հայտարարեց, որ այդ հարցը գտնվում է քննարկման փուլում, բազմաթիվ տարբերակներ են դիտարկվում: «Մասնավորապես, վկայագրերի տրամադրումից մինչև բնակարաշինություն, բնակտարածքի տրամադրաման պայմանների ու այդպես շարունակ»,- ասաց պաշտոնյան:

Բայց դրանով մեր հայրենակիցների դժբախտությունները չեն ավարտվում: Պատգամավոր Թագուհի Թովմասյանը Facebook-ի իր էջում գրում է Հայաստանյան բուհերում արցախցի ուսանողների հանդեպ խտրական վերաբերմունքի տարատեսակ փաստերի մասին: Ինը ամիս շրջափակում վերապրած ու ուսումը շարունակելու հնարավորություն ստացած ուսանողները նշում են, որ «պրոֆեսորադասախոսական կազմի կողմից իրենց հանդեպ ակնհայտ տարբերակումներ և կողմնակալ վերաբերմունք է դրսևորում՝ շեշտադրում կատարելով հարկադրաբար ՀՀ բուհերում հայտնվելու և իրենց ներկայությամբ ավելորդ խնդիրներ հարուցելու հանգամանքի վրա»։ Համալսարանների ռեկտորները ճիշտ կանեն՝ ավելի ուշադիր լինեն ենթակաների նկատմամբ, որոնք հանկարծ որոշեցին ուսանողներին բաժանել յուրայինների և օտարների։

Այս սյուռեալիստական ու հրեշավոր պատկերի ֆոնին նաև լավ լուրեր կան: Արցախցիների ճակատագրի հանդեպ ոչ անտարբեր հասարակական ու կամավորական կազմակերպությունները շարունակում են հնարավորինս աջակցել նրանց: Տարբեր երկրներում հայկական սփյուռքը ֆինանսական և մարդասիրական օգնություն է ուղարկում։ Ակտիվորեն իրենց դրսևորում են Ռուսաստանի մեր հայրենակիցները։ Ռուսաստանի Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտը մարդասիրական բեռ է ուղարկել արցախցի 500 երեխայի համար, որոնք բնակվում են Գեղարքունիքում ու Վայոց ձորում: Օգնության շրջանակներում արցախցի երեխաները կարող են նաև անվճար ուսանել կազմակերպության կիս ռուսաց լեզվի ու մշակույթի կենտրոններում: Նաև Հայաստանի առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի՝ Ռուսաստանի կողմից ավելի վաղ նվիրաբերված շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում անվճար հետազոտվել է ավելի քան 2,2 հազար արցախցի: Ու նաև բառացիորեն այսօր Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ առաջիկայում Ռուսաստանը Երևան կուղարկի 40 տոննա մարդասիրական օգնություն, որը ներառում է, օրինակ, շարժական էլեկտրակայան՝ տեղահանվածների տասնյակ տներ էլեկտրաէներգիայով ապահովելու համար:

Տեսնելով այս ամենը՝ հարց է ծագում. ո՞ւմ է ավելի շատ հուզում արցախցի մեր եղբայրների ու քույրերի ճակատագիրը: Վստահաբար ո՛չ Հայաստանի իշխանություններին: Այն տպավորությունն է, որ նրանք ո՛չ միայն չեն օգնում, այլև՝ ավելի վատն են դարձնում վերաբնակների կյանքը: Ինչո՞վ է այդքան զբաղված երկրի ղեկավարությունը, որ ժամանակ չունի վերջապես կարգուկանոն հաստատելու մարդկանց վճարումների հարցում, նրանց արժանապատիվ բնակարան տրամադրելու, նոր աշխատատեղեր ստեղծելու համար։ Դատելով մեր քաղաքական գործիչների անադեկվատ հայտարարություններից և պաշտոնյաների՝ արևմտյան երկրներ կատարած բազմաթիվ այցերից՝ իշխանությունները չափազանց զբաղված են ժողովրդավարական, տրանսգենդեր և լիբերալ արևմտյան հանրության կազմում Հայաստանի «լուսավոր ապագայի» պլանավորմամբ:

Comments (2)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև