Անօգուտ այլընտրանք

Վերջերս իր հարցազրույցում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը չի դիտարկում ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը: Թեև երկիրը գործընկերային կապեր ունի Դաշինքի հետ, ըստ վարչապետի՝ դա չի խոսում ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտման մասին: Մենք արդեն սովոր ենք Նիկոլի այդ մանիպուլյացիաներին ու «կռուտիտի» արվեստին: Բայց հարց է առաջանում. ՆԱՏՕ-ի հետ սիրախաղ անելիս որքա՞ն հեռու մենք կարող ենք գնալ:

Եթե Փաշինյանը ՆԱՏՕ մուտք գործելու միտք չունի, ապա ինչի՞ համար են բանակում արևմտյան մոդելով իրագործվող այս բարեփոխումներն՝ ընդհուպ մինչև ՆԱՏՕ-ի չափանիշներով զինվորական համազգեստի մշակումը: Մանավանդ որ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ մեր ղեկավարության պաշտոնական հանդիպումները ասես ըստ կարգացուցակի են կայանում: 2023 թվականի նոյեմբերին Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն ԱՄՆ եվրոպական հրամանատարության (EUCOM) հրամանատարի տեղակալ Սթիվեն Բաշամին զեկուցում էր հայկական զինված ուժերում իրականացվող բարեփոխումների մասին:  Իսկ այս տարվա հունվարին արդեն Նիկոլ Փաշինյանն ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպեցին նատօական գաուլյայտեր Խավյեր Կոլոմինային: Երևի խաշ էին ուտում երևանյան ռեստորաններից մեկում: Թե՞…

Ենթադրենք՝ ՆԱՏՕ-ի անդամ-երկրներն իսկապես բարի մտադրություններ ունեն (ո՜չ): Կարևոր է հասկանալ, որ հիմա՝ տարածաշրջանում անկայուն իրավիճակի պայմաններում, ռազմական բարեփոխումներ ձեռնարկելով՝ Նիկոլ Փաշինյանը փաստացի մեր երկիրն անպաշտպան է թողնում Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից սպառնալիքի առջև, քանի որ նոր ստանդարտներին անցումը երկարատև գործընթաց է: Եթե դա համակցենք ՀԱՊԿ-ից Հայաստանի պոտենցիալ ելքի հետ, ինչով Փաշինյանը արդեն մի քանի ամիս է, ինչ շանտաժի է ենթարկում Ռուսաստանին, ապա երկիրն առանց որևէ պաշտպանության թողնելը կնշանակի փաստացի ինքնասպանության գնալ:  

Ձգտելով Հայաստանն իրենց կողմ քաշել ու Ռուսաստանից պոկել՝ ՆԱՏՕ-ն ու Արևմուտքի երկրները մեզ համար առավելագույն հաճելի հռետորաբանություն են օգտագործում: Բայց գործնականում նրանք մեր անվտանգության համար ոչինչ չեն անում ու չեն անի: Վերջերս Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավյեր Կոլոմինան իր հարցազրույցում հայտարարեց, որ Դաշինքը չի ներքաշվում տարածաշրջանային հակասությունների մեջ ու չի ընդունում կողմերից որևէ մեկի դիրքորոշումը:

Ավելին, ՆԱՏՕ-ի իրական նպատակը տարածաշրջանում ամրապնդվելն ու հանուն իր շահերի Հայաստանը զոհաբերելն է: Ըստ քաղաքագետ Արթուր Խաչիկյանի՝ ԱՄՆ-ն հետաքրքրված է այն բանում, որ Կովկասում Իրանն ու Ռուսաստանը չլինեն: «Միջնային միջանցքը ոչ թե տնտեսական, այլ ռազմաքաղաքական հարց է, որում Թուրքիան ու Ադրբեջանը պիտի միավորվեն, իսկ մենք նրանց խանգարում ենք ու պիտի չքվենք այստեղից: Նրանց մեծ Թուրքիա է անհրաժեշտ՝ Ստամբուլից մինչև Բաքու, որը ՆԱՏՕ-ի անդամ կլինի: Արևմուտքի նպատակը Թուրքիայի ներքո Կովկասն է»: Արևմտյան գործիչները հաստատում են այդ թեզը: Վրացական լրատվամիջոցներին վերջերս տված հարցազրույցում Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան անկեղծացավ. «Մենք միշտ էլ հասկացել ենք, որ Ադրբեջանը շատ կարևոր է մեզ համար: Հայաստանը մեզ համար կարևոր չէր, քանի որ որևէ տարանցիկ միջանցք չուներ»:

Այսպիսով ՆԱՏՕ-ն շարունակում է առաջնորդվել տարածաշրջանում Թուրքիային իբրև մոդերատոր ընդունելով ու աչք փակում այն բանի վրա, որ Անկարան 44-օրյա պատերազմում աջակցում էր Բաքվին, ագրեսիվ հռետորաբանություն վարում ու այժմ էլ անընդհատ ճնշումներ է գործում Հայաստանի վրա: Կոլոմինան նշում է. «Թուրքիան մեզ համար [ՆԱՏՕ] շատ կարևոր դաշնակից է: Նա միակ գործընկերն է, որ սահմաններ ունի տարածաշրջանում, ու,  հետևաբար, առանցքային դերակատար է»։  

Աջակցելով Ադրբեջանին ու Թուրքիային՝ ՆԱՏՕ-ն խոսքերով չի բավարարվում ու նրանց իրական ռազմական օգնություն է ցուցաբերում: Կանադան Թուրքիային մատակարարում է անօդաչու թռչող սարքերի ուղղորդման համակարգեր, որոնցով Արցախում սպանում էին մեր տղաներին: Ճի՛շտ է, մատակարարումները ժամանակավորապես արգելվել էին, սակայն Կանադան վերջերս հանեց էմբարգոն, ու մատակարարումը շարունակվում է։ Շվեդիան նույնպես չեղարկեց էմբարգոն ու պաշտպանական արդյունաբերության ոլորտում սկսեց արտահանման արտոնագրեր տրամադրել Թուրքիային այն բանից հետո, երբ Անկարան հաստատեց Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Ամերիկյան Space Systems/Loral և Orbital Sciences Corporation ընկերություններն ու ֆրանսիական Airbus Defence and Space կորպորացիան Ադրբեջանին արբանյակներ են մատակարարել, որոնք օգտագործվել են 44-օրյա պատերազմում: Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության տվյալներով՝ 2013-2019 թվականներին ԵՄ-ՆԱՏՕ-ի անդամ երկրները (հիմնականում Ֆրանսիան և Բուլղարիան) 4,73 միլիարդ եվրոյի զենք Ադրբեջան արտահանելու թույլտվություն են տվել: Որից Ֆրանսիան տվել է 3,35 միլիարդ եվրոյի զենքի արտահանման թույլտվություն։

Ֆրանսիացիները, ինչպես և ՆԱՏՕ-ն, Հայաստանն օգտագործում են միայն որպես Իրանի դեմ պայքարելու համար պլացդարմ: Հենց դրանով կարելի է  բացատրել ռադարների մատակարարումները, որոնք անօգուտ են հիշյալ անօդաչուների դեմ, իսկ գործնականում նախատեսված են բացառապես հետախուզության համար: Դրանք տեղադրված են Իրանի հետ սահմանի երկայնքով՝ երկրի զորքերի տեղաշարժին հետևելու համար։ Ֆրանսիական «Բաստիոն» զրահափոխադրիչներն այնքան անօգուտ են, որ դրանք, թերևս, կարող են խոցվել պարսատիկից։ Քաղաքագետ Արթուր Խաչիկյանը նշում է. «Ֆրանսիան ոչ մի լուրջ տեխնիկա չի կարողանա ուղարկել, քանի որ Վրաստանը Թուրքիայի ճնշման տակ կփակի սահմանը։ Բայց Ֆրանսիան անգամ չի փորձի դա անել»:

Այսպիսով, մենք ՆԱՏՕ-ից ստանում ենք հնացած և ժամանակակից պատերազմների համար անարդյունավետ զինատեսակներ ու դաշտային համազգեստներ ենք կարում ըստ իրենց մոդելի: Եվ սա՝ Ադրբեջանի կողմից հերթական սադրանքների դարաշրջանում։

Այս ամենի ֆոնին կարևոր է նշել, որ անկախ նրանից, թե ինչպես մենք վերաբերվենք Ռուսաստանին, այս երկիրը դեռևս մնում է մեր պաշտոնական դաշնակիցը. մեր բանակն օգտագործում է նրա սպառազինության նմուշները և զինված ուժերի կիրառման պլանները։ Վերջին երկու տարիների ընթացքում ռուս զինվորականները ձեռք են բերել իրական մարտական փորձ, իսկ պաշտպանական ձեռնարկությունները լրջորեն արդիականացրել են իրենց տեխնիկան և վերակառուցել ռազմարդյունաբերական համալիրը։ Ուկրաինան՝ ողջ ՆԱՏՕ-ի աջակցությամբ, ոչ մի հաջողության չի հասել: Մենք հեշտությամբ կարող էինք վերցնել ռուսների հսկայական փորձը, բայց դրա փոխարեն մեր պաշտպանության նախարարությունը ստորագրում է պաշտպանական համագործակցության ծրագրեր Լիտվայի ներկայացուցիչների հետ։ Դա ծիծաղելի կլիներ, եթե այդքա՜ն տխուր չլիներ։

Ի դեպ, ռուս զինվորականների հաջողությունները հաստատում են անգամ արևմտյան  ԶԼՄ-ները: Ամերիկյան Foreign Affairs պարբերականը պնդում է, որ որքան երկար ձգվի ռուս-ուկրաինական հակամատությունն, այնքան ավելի լավ Ռուսաստանը կադապտացվի առավել արդյունավետ ու ժամանակակից ռազմական ուժեր ստեղծելուն: «Դանդաղ, բայց հաստատուն քայլերով Մոսկվան նոր գաղափարներ կքամի մարտադաշտից ու համապատասխանաբար կփոխի իր մարտավարությունը: Նրա ռազմավարական ադապտացիան իրեն արդեն իսկ օգնել է հետ մղել Ուկրաինայի՝ նախորդ տարվա հակահարձակումը, իսկ վերջին ամիսներին էլ ռուսական զորքերին օգնել է Կիևից մեծ տարածքներ հետ բերել: Վերջնահաշվում, եթե ռազմավարական հարմարվողականության հարցում Ռուսաստանի առավելությունը պահպանվի առանց Արևմուտքի համապատասխան արձագանքի, ապա ամենավատը, որ կարող է տեղի ունենալ ուկրաինական հակամարտությունում, փակուղին չէ: Ուկրաինայի պարտությունն է», – հայտարարում է Ավստրալիայի բանակի պաշտոնաթող գեներալ-մայոր, ԱՄՆ ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) աշխատակից Միք Ռայանը Foreign Affairs-ի սյունակում։ Իսկ մենք թուրքամետ գործչի ձախողված քաղաքականության շնորհիվ շարունակում ենք ոչոքի պետք չեկած զենք գնել ու հրաժարվել ռազմատեխնիկական առումով ամենաառաջադեմ երկրներից մեկի իրական օգնությունից։ Մինչդեռ Ադրբեջանն արդեն տեղեկատվական հող է նախապատրաստում հերթական սադրանքների, հնարավոր է՝ նաև լայնամաշտաբ հարձակման համար: Արդյունքում մեր երկիրը կարող է հայտնվել ոչնչացման եզրին։

Comments (1)

  • Շատ ճիշտ ու անհերքելի նկարագրում ու բացահայտում —
    Երանի հասկանային ու հետեւէին Հայրենաօգուտ խորհուրդներին այսպէս կոչված
    Հայրենիքի Պաշտպան նախարարությիւնն ու փաշշՕղլանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև