2022 թվականին գնաճից ամենից շատ տուժում են աղքատները. Կենտրոնական բանկի վերլուծություն

 | 

Բնակչության միայն 40%-ի մոտ է եկամուտն ավելի շատ աճել, քան թանկացել է պարենային զամբյուղն, ու միայն ամենահարուստ 10%-ի մոտ՝ ավելին, քան թանկացել է նվազագույն սպառողականը (ինչը ներառում է ոչպարենային ապրանքներն ու կոմունալ վճարումները):

Գնաճից ամենից շատ տուժել են բնակչության սոցիալապես խոցելի շերտերը: Այս մասին են վկայում 2022 թվականի երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության կատարման մասին հաշվետվության շրջանակներում Կենտրոնական բանկի անցկացրած ուսումնասիրությունները։

Նշվում է, որ Հայաստանում հիմնականում պարենային ապրանքների (այդ թվում՝ առաջին անհրաժեշտության) գնաճ է գրանցվել՝ պայմանավորված 2020 թվականի վերջից ամբողջ աշխարհում գների թանկացումով: Այդ պատճառով է նվազագույն սպառողական զամբյուղի գնաճը ընդհանուրից բարձր: Մասնավորապես, եթե օգոստոսին ընդհանուր գնաճը կազմել է 9,1%, ապա հացի ու ձավարեղենի դեպքում՝ 20,2%, մսի դեպքում՝ 12%, կաթը թանկացել է 24,7 %-ով, պանիրն ու կաթնաշոռը՝ 24,6%-ով: Միայն ձվի գինն է նվազել 15,2%-ով, դա էլ՝ վերջին ամիսներին գրանցված գերարտադրության պատճառով:

Այսպիսով՝ հունիսին արված ԿԲ հաշվարկների (հասանելի վերջին տվյալները) համաձայն նվազագույն պարենային զամբյուղի ծախսն աճել է մոտավորապես 10 400 դրամով (շուրջ 25$), իսկ նվազագույն սպառողականը՝ 21 970 դրամով (54$): Սպառողական զամբյուղը ներառում է ոչ միայն սննդամթերքն, այլև՝ հագուստը, կոմունալ ծառայությունները, դեղորայքը և այլն (դրանք առաջին անհրաժեշտության զամբյուղում գրանցվում են պայմանական գործակցի տեսքով):

ԿԲ–ն ցույց է տվել նաև, թե որքանով են կարողացել քաղաքացիների սոցիալական խմբերը եկամտի աճի հաշվին հոգալ ավելացած ծախսերը։ Եթե բնակչությունը բաժանենք 10 խմբի (ամենաաղքատների 10%-ից մինչև ամենաունևորների 10%), ապա բնակչության ամենաաղքատ 10%-ի եկամուտներն աճել են ընդամենը 2 440 դրամով (մոտավորապես 6$), երկրորդ 10%-ի մոտ` 5 470 դրամով (13,5$) և այդպես շարունակ։ Բնակչության միայն 40%-ի մոտ է եկամուտն ավելի շատ աճել, քան թանկացել է պարենային զամբյուղը, և միայն ամենահարուստ 10%-ի մոտ՝ ավելի շատ, քան թանկացել է նվազագույն սպառողականը։ Նշենք, որ նվազագույն սպառողական զամբյուղը հաշվարկվում է եռամսյակային կտրվածքով, ու դրա գնաճի ամենամսյա հաշվարկի մեթոդաբանություն չկա: Նվազագույն սպառողական զամբյուղը (օրական մեկ մարդու հաշվարկով) ներառում է 355 գրամ հաց ու ձավարեղեն, 250գ կարտոֆիլ, 100գ միս, 200գ կաթ, 10գ կաթնաշոռ, 25գ պանիր, 50գ կենդանական ու բուսական ճարպ, 300գ բանջարեղեն, 200գ միրգ, 50գ շաքար, 0,5 ձու:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև