Ռուսաստանում կայացել է «ԱՏՈՄԷՔՍՊՈ» 13-րդ միջազգային համաժողովը, որի ընթացքում 75 երկրների էներգետիկայի ավելի քան 4,5 հազար ներկայացուցիչներ քննարկել են խաղաղ ատոմի զարգացումը: Ի տարբերություն վերջերս Բրյուսելում կայացած ատոմային անվտանգության գագաթնաժողովի, որը վառ արտահայտված քաղաքական բնույթ էր կրում, Սոչիում միջուկային էներգետիկայի զարգացման ոլորտում կոնկրետ խնդիրներ էին լուծում, ոչ թե ականջահաճո երախտիքի խոսքերով և ժողովրդավարության բարձր գնահատականներով մրցում:
«ԱՏՈՄԷՔՍՊՈ»-ն համաշխարհային ատոմային արդյունաբերության գլխավոր իրադարձությունն է։ 2009 թվականից ի վեր համաժողովին ներկա է գտնվել 89 երկրից ավելի քան 49 հազար հյուր՝ բիզնեսի, պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառման շրջանակում ստորագրվել է ավելի քան 66 մլրդ դոլար գումարի չափով շուրջ 55 հազար համաձայնագիր:
Պատահական չէ, որ համաժողովը ՌԴ-ում է անցկացվում. վերջին տարիներին ռուս մասնագետներն ապացուցել ու ներկայացրել են իրենց որպես ատոմային տեխնոլոգիաների առաջատարներ: «ԱՏՈՄԷՔՍՊՈ»-ում “Ռոսատոմը” տվել է նորարարական միջուկային վառելիքի արտադրության եզակի սարքավորումների փորձարկումների մեկնարկը: Այս տարի ընկերությունը նախատեսում է Տոմսկի մարզում շահագործման հանձնել ապագայի ատոմային էներգահամակարգի առաջին օբյեկտը։
«Ռոսատոմը» նաև չորրորդ սերնդի ռեակտորներ է մշակում. հունվարին Տոմսկի մերձակայքում սկսել են չորրորդ սերնդի ԲՐԵՍՏ-300 փորձարարական ռեակտորի տեղադրումը: Դրա կողքին կառուցվում է ճառագայթահարված միջուկային վառելիքի վերամշակման մոդուլը։ Ժելեզնոգորսկում (Կրասնոյարսկի երկրամաս) գտնվող «Ռոսատոմի» լեռնաքիմիական կոմբինատում անցած դեկտեմբերին ԲՆ-800 արագ նեյրոններով նորարարական ռեակտորի համար առաջին անգամ մանր ակտինիդներով Mox-վառելիք են պատրաստել:
Պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը նշել է, որ առաջիկա 20 տարիների ընթացքում «Ռոսատոմը» Ռուսաստանում ավելի քան 40 ատոմային էներգաբլոկ կկառուցի՝ երկրում ատոմային արտադրության մասնաբաժինը հասցնելով 25 %-ի:
Կարևոր է նշել, որ Ռուսաստանը բոլոր նոր տեխնոլոգիաները նախ իր տարածքում է փորձարկում և միայն դրանից հետո է այլ երկրներին առաջարկում։ «ԱՏՈՄԷՔՍՊՈ-2024»-ին «Ռոսատոմը» ներկայացրել է նաև իր նոր մշակումը՝ հասարակական և կոմերցիոն էլեկտրատրանսպորտի համար ունիվերսալ կուտակիչ մարտկոցը։ «Ռոսատոմի» շատ տեխնոլոգիաներ արդեն հաջողությամբ իրակագործվել են այլ պետություններում։ Մասնավորապես, Սերբիայի առողջապահության նախարար Դանիցա Գրուիչիչը համաժողովում նշել է, որ այդ երկրում տարածաշրջանային ուռուցքաբանական ինստիտուտի կառուցման ժամանակ կարող են օգտագործել ռուսական տեխնոլոգիաները։
Համաժողովի շրջանակներում «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մաս կազմող «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն Մեծամորի ԱԷԿ-ի հովացման համակարգի արդիականացման վերաբերյալ պայմանագիր են կնքել: «Ռուսատոմ Սերվիսը» միակ ընկերությունն էր, որը համապատասխանում էր մրցույթի պահանջներին։ Ավելի վաղ՝ 2023 թվականի դեկտեմբերին, Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունները պայմանագիր էին ստորագրել ԱԷԿ-ի կատարելագործման մասին՝ շահագործման ժամկետը երկարաձգելով մինչև 2036 թվականը։ Ռուսաստանը դրա համար հատկացրել է 189 մլն դոլար, Հայաստանը՝ 162,8 մլն դոլար։
«Ռոսատոմը» նաև պատրաստ է մեր երկրին առաջարկել նոր ատոմակայանի ցանկացած տարբերակ, որը կընտրի Հայաստանի կառավարությունը։ Այս մասին համաժողովի շրջանակներում հայտարարել է պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Կիրիլ Կոմարովը։ «Տարբեր կանխատեսումներ կան, թե ի՛նչ հզորության բլոկ է պետք։ Ոմանք ասում են, որ պետք է անպայման փոքր բլոկեր կառուցել։ Ես շփվում եմ Հայաստանի մեր գործընկեր էներգետիկների հետ, այնտեղ կարծիք կա, որ հազարանոց բլոկն էլ կարող է հետաքրքիր լինել, հատկապես՝ եթե մասնակի արտահանում ապահովենք դեպի հարևան երկրներ, օրինակ՝ Վրաստան»,- նշել է նա։
Այսպիսով, Հայաստանում նոր ԱԷԿ կառուցելիս մեր երկիրը կկարողանա ոչ միայն երկար ժամանակով լուծել էժան էլեկտրաէներգիայի խնդիրն, այլև՝ ավելացնել էներգառեսուրսների արտահանումը հարևաններին։ Այս առումով Ռուսաստանի հետ համագործակցությունը մեզ շատ ձեռնտու է, քանի որ այն հաշվի է առնում մեր երկրի բոլոր տնտեսական շահերը։
Ցավոք, մեր ղեկավարությունն այլ կարծիք ունի։ Փաշինյանը նախընտրել է մեկնել Բրյուսել և «Ժողովրդավարական միջուկային էներգետիկայի« հույսերով իր եվրոպացի գործընկերների առջև ստորաքարշվել ու երախտիքի խոսքեր ասել: Հենց այնտեղ նա խոսում էր ինչ-որ «գործընկերների» մասին՝ համառորեն խուսափելով «Ռոսատոմին» հիշատակելուց։ Իսկ Սոչիում մեր երկիրը ներկայացնում էր Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։ Թեև, հավանաբար, մի շարք նախարարներ էլ կարող էին այնտեղ պայմանավորվել հեռանկարային նախագծերի իրականացման մասին և շահավետ շատ համաձայնագրեր կնքել Հայաստանի համար։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան