Օրերս Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով “Քաղաքացիական պայմանագրի” նախաձեռնող խմբի առջև հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ ապահովել նույն պայմաններով, ինչ որ Իրանը։
Այդ հայտարարությունը արվեց Բաքվի “միջանցքային տրամաբանության” և Երևանի համար դրա անընդունելի լինելու մասին արտահայտությունների շարքում։ Նա նորից պնդում էր, որ հայկական տարածքով անցնող ճանապարհը պետք է գտնվի Հայաստանի իրավասության տակ։ Անգամ բացառեց որևէ վերահսկում Ռուսաստանի կողմից։
Փաշինյանի սկզբունքայնությունն ու խստությունը կարելի էր ողջունել, եթե չլինեին մի քանի նրբություններ։
Առաջինը, նա որտեղի՞ց գիտի, թե ինչ պայմաններով է Իրանը Ադրբեջանին ճանապարհ տրամադրում։ Միանշանակ Բաքուն այդ հարցերը Երևանի հետ չի համաձայնեցրել։ Հազիվ թե Իրանը այդ հարցի շուրջ իր պլաններով Հայաստանի հետ կիսվեր։ Քիչ հավանական է նաև այն, որ վերջերս ստեղծված Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը արդեն հասել է այն մակարդակի, որ ստացել է իրանա-ադրբեջանական պայմանավորվածության բոլոր մանրամասները։ Իսկ եթե պարզվի՞, որ Իրանի դեպքում էլ է գործում “միջանցքային տրամաբանությունը”։ Ստիպված պետք է պատասխանատվություն կրել ասվածի համար և Ադրբեջանին տարածքային միջանցք տրամադրել։
Երկրորդը, մտաբերվում է նրա արտահայտությունը. “Արցախը Հայաստանն է և վե՜րջ”։ Թե դա ինչի հանգեցրեց, բոլորս լավ հիշում ենք։ Անգամ աչքը չթարթելով, նա չորս տարվա ընթացքում ամբողջովին փոխեց իր դիրքորոշումը. “Արցախը Ադրբեջանի տարածքն է”։ Արդյո՞ք նույն բախտին չի արժանանա այսպես կոչված “Զանգեզուրի միջանցքը”։ Չի սկսի՞ արդյոք վարչապետը երկու տարի հետո հայ հասարակությանը ապացուցել, որ Սյունիքը Ադրբեջանի պատմական տարածքն է։
Երրորդը, նրա առաջարկը Իրանի հետ համընկնող պայմաններով տրամադրվող ճանապարհի վերաբերյալ շատ նման է հուսահատված մարդու առաջարկի, ով հասկացել է, որ մնում է կարևոր իրադարձություններից և լավ տեսլականից հեռու։
Եվ իրոք, անցյալ տարվա վերջից Փաշինյանը և նրա թիմը անընդհատ վազում են արևմտյան մայրաքաղաքներով և ցուցադրում իրենց “Աշխարհի խաչմերուկը”, հույս ունենալով, երևի, ստանալ բազմամիլիոն ներդրումներ և Հայաստանը վերածել միջազգային առևտրի անցակետի։ Չնայած, տնտեսական ոլորտի պաշտոնյաները իրենք են խոստովանել, որ այդ նախագիծը դեռևս շահավետության, ներդրումների ծավալների և պոտենցիալ շահույթի տեսակետից չի հաշվվել։ Բայց անգամ այդ փուլում “Աշխարհի խաչմերուկ” միտքը կարող է թաղվել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, որոնք չհասնելով միջանցքին սպառնալիքներով, ուղղակիորեն ուղղությունները մի փոքր հարավ կտեղափոխեն և Հայաստանը կթողեն նույն շրջափակման մեջ։
Արդյունքում, Փաշինյանի հասարակական խաղը, նրա ձևական սկզբունքայնությունը կարող են մեր երկրի վրա ավելի թանկ նստել։ Այժմ իշխանությունները պատրաստ են կատարել պայմաններ, որոնց մասին անգամ չգիտեն։ Սարսափելի է Հայաստանի ապագային նայել անգամ մեկ տարի ընդառաջ, քանի դեռ պոպուլիստներն ու ազգային շահերից հեռու մարդիկ են այն ղեկավարում։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան