Հայաստանին անվերապահ աջակցելու մասին տարբեր երկրների գեղեցիկ ճառերն ու հայտարարություններն այլևս ոչ ոքի չեն զարմացնում։ Օրինակ, ԱՄՆ-ն մեզ խոստանում է զգալի աջակցություն ցուցաբերել, իսկ դրա դիմաց ակնարկում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման մասին և անգամ երաշխավորում է «ծախսերի փոխհատուցումը»։ Վաշինգտոնի փաստարկներից մեկը Հայաստանին դիզվառելիքով և էներգակիրներով ապահովելու երաշխիքներն են։ Եկեք պարզենք, թե արդյո՞ք ամեն ինչ այնքան պարզ է, որքան թվում է առաջին հայացքից:
Անշուշտ, էներգակիրների թեման Հայաստանի համար կարևոր է, քանի որ ի տարբերություն գազով ու նավթով հարուստ հարևանի՝ մենք ստիպված ենք այդ ամենը դրսից գնել։ Ուստի մեզ համար չափազանց կարևոր է շահավետ գնով ապահովել էներգառեսուրսների անխափան մատակարարումը։
Ենթադրենք՝ մենք կարդարացնենք Արևմուտքի ինֆանտիլ սպասումներն ու կհրաժարվենք ռուսական վառելիքից։ Կկարողա՞ արդյոք ամերկյանը դրան փոխարինել: ԱՄՆ-ից վառելիքի արժեքը մի քանի անգամ կգերազանցի այն գները, որոնցով Հայաստանն այսօր Ռուսաստանից գազ է գնում։ Խնդիրն այն է, որ Նահանգները ստիպված են մաքրել իրենց՝ ավելի ցածր որակի գազը, հեղուկացնել այն և լցանավով տեղափոխել, այստեղից էլ՝ բարձր արժեքը: Այսօր Հայաստանը վառելիք է ստանում ռեկորդային ցածր գնով՝ 165 դոլար 1000 խմ-ի դիմաց: Ռուսաստանն իր գործընկերների համար գները ֆիքսում է և հազվադեպ է դրանք վերանայում: Մինչդեռ ԱՄՆ-ն գազը վաճառում է շուկայական, սփոթ գներով։ Օրինակ՝ Եվրամիությունն անցյալ ամռանը ԱՄՆ-ից կապույտ վառելիք էր գնում 1 000 խմ-ի դիմաց 3 000 դոլարով: Այս տարվա հունվարին Նահանգները հնչեցրել էին նույն ծավալի համար 380 դոլար արժեքը: Բայց նույնիսկ այս շռայլ առաջարկը զիջում է ռուսական գազի համար հայկական ֆիքսված գնին։
Դիզելային վառելիքի պարագայում ամեն ինչ ավելի վատ է։ ԱՄՆ-ում դրա միջին գինը 1 լիտրի համար կազմում է 1,1 դոլար, մինչդեռ ռուսականն արժե 0,7 դոլար։ Հաշվի առնելով տրանսպորտային ծախսերը՝ Ռուսաստանի Դաշնությունից և Նահանգներից դիզելային վառելիքի միջև ծախսերի տարբերությունը կարող է հասնել 200%-ի:
Բայց ամենահետաքրքիրն այն է, որ մեր թուրքամետ ղեկավարությունը լրջորեն դիտարկում է անգամ ադրբեջանական գազը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը Թբիլիսիում կայացած «Մետաքսի ճանապարհ» համաժողովում հայտարարել է, որ քաղաքական հարցերի լուծումից հետո երկիրը պատրաստ է վերականգնել Ադրբեջանից եկող գազատարը: Էներգառեսուրսների ահա այսպիսի «դիվերսիֆիկացիա»՝ Նիկոլ Փաշինյանի վիրտուալ «խաղաղության դարաշրջանում»։ Ընդ որում, Վարդանյանն այդ հայտարարությունն արել է ադրբեջանական ագրեսիայի սկսվելուց ընդամենը մեկ ամիս անց:
Ի դեպ, այսօր նույն Եվրամիությունը ամուր նստած է ադրբեջանական գազի ասեղին։ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ասում է. «Եվրոպական և արևմտյան այլ քաղաքական գործիչներ <…> հիմա ամեն ինչ անում են Ադրբեջանի նախագահի հետ նկարվելու համար, որպեսզի բնական գազ ստանան»։ Պատասխանելով Alpha News — ի այն հարցին, թե ինչպե՞ս կարող է ԵՄ-ն փոխարինել Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները, Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգն ասել է. «Ես կարծում եմ, որ եվրաինտեգրման գործընթացը երկար գործընթաց է, որը կարող է բավականին հիասթափեցնող լինել Հայաստանում այն մարդկանց համար, ովքեր եվրոպամետ են և կողմ են ԵՄ-ին անդամակցելուն… Հավանաբար, վտանգավոր կլինի դուրս գալ Ռուսաստանի հետ բոլոր երկկողմ համաձայնագրերից»։ Եվրոպացի քաղաքական գործիչը նաև նշել է, որ ԵՄ-ն պատժամիջոցներ չի կիրառի Ադրբեջանի դեմ՝ չնայած եվրոպաշտոնյաների հավաստիացումներին ու գեղեցիկ խոսքերին:
Բարձրացվում է նաև Մեծամորի ատոմակայանի ճակատագրի հարցը։ ԱՄՆ-ն, իբրև թե, պատրաստ է Հայաստանին տրամադրել կայանի օգտագործման համար անհրաժեշտ ողջ տեխնիկական աջակցությունը։ Սակայն մասնագետներն ասում են, որ ԱՄՆ-ի միջուկային վառելիքը չի կարելի կիրառել ռուսական տեխնոլոգիաներով կառուցված ռեակտորներում՝ դրանց հարստացման տարբեր սկզբունքների պատճառով։
Բացի այդ, Մեծամորի ատոմակայանում ամերիկյան միջուկային վառելիքի օգտագործումը միջուկային աղետի իրական վտանգ է կրում։ ԱԷԿ-ի կառավարման և շահագործման տեխնիկական աջակցությունն անհնար է առանց համապատասխան տեխնիկական փաստաթղթերի, որոնք միայն Ռուսաստանն ունի։ ԱՄՆ-ն Հայաստանի միջուկային էներգետիկայի շուկայում կարող է փոխարինել ՌԴ-ին միայն նոր կայանների կառուցման հաշվին։ Եվ Վաշինգտոնն ակտիվորեն առաջ է տանում փոքր ԱԷԿ-ների կառուցման ծրագիրը, բայց առայժմ՝ միայն թղթի վրա։ Հետևաբար, ամերիկացիները մեզ բառացիորեն առաջարկում են դառնալ փորձադաշտ։ Վաշինգտոնը թքած ունի, եթե ինչ-որ բան այնպես չընթանա, չէ՞ որ ԱՄՆ-ի բնակիչներն այդ դեպքում հաստատ չեն տուժի։ Ի տարբերություն հայերի։
Մենք պետք է հարյուր անգամ մտածենք այնպիսի որոշումներ կայացնելուց առաջ, որոնցից կարող է տուժել ո՛չ միայն մեր երկրի տնտեսությունը, այլև՝ նրա բնակիչները։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան