Ո՞ւմ է ձեռնտու Հայաստանի էներգետիկ կախվածությունը

Հայաստանի ներքին խնդիրներով զբաղվելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը «ճոխ-ճոխ» մեկնեց Եվրամիության երկրների ղեկավարների հերթական «խրախճանքին», որտեղ նա չէր հոգնում ցուցադրել իր «Խաղաղության խաչմերուկի» նկարները։ Կարելի է հիշել առնվազն մեկ տասնյակ նման հանդիպում, որ ամեն անգամ ավարտվել են հայկական շահերի զիջումներով ու հանձնմամբ։

Ատոմային էներգետիկայի գագաթնաժողովում Փաշինյանը հանդես եկավ ոգեշունչ ելույթով, որում ասաց, որ Մեծամորի ատոմակայանը ինքնիշխանության խորհրդանիշն է և ապահովում է Հայաստանի էներգետիկ անվտանգությունը։ Միևնույն ժամանակ Նիկոլը շնորհակալություն հայտնեց ՄԱԳԱՏԷ-ին և գործընկեր երկրներին «տեխնիկական աջակցության, գիտելիքների և առաջարկությունների համար»։ Բայց ա՜յ «Ռուսաստան» և «Ռոսատոմ» բառերը նրա ելույթում չհնչեցին։ Նա շնորհակալություն չհայտնեց ռուս ատոմագետներին, որոնք այժմ երկարացնում են ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը՝ դրանով իսկ հեշտացնելով Հայաստանի տնտեսության կյանքը։ Պարզապես պահի տրամաբանությունն այնպիսին է, որ, չնայած Մեծամորի ատոմակայանի բոլոր առավելություններին, Հայաստանի իշխանությունն ուղղություն է վերցրել դեպի Արևմուտք, ինչը նշանակում է, որ ռուսական ամեն ինչին պետք է հրաժեշտ տալ։

Վերջին տարիներին Փաշինյանը մեր երկիրն ակտիվորեն մղում է էներգետիկ փակուղի՝ անսալով ամերիկացիներին, ովքեր առաջարկում էին 2026 թվականին փակել Մեծամորի ԱԷԿ-ն ու դրա փոխարեն բացել փոքր ԱԷԿ-ներ, ինչպես նաև գործարկել «Մասրիկ-1» արևային էլեկտրակայանը և «Ռենկո» գազատուրբինային էլեկտրակայանը։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) մասնագետները դեռևս չորս տարի առաջ ներկայացրել էին Հայաստանի էներգահամակարգի 2020-2036 թթ. նվազագույն ծախսերով զարգացման ծրագիրը, որը ներառել է այդ կետերը։ Իսկ Եվրամիությունը նույնիսկ խոստացել է ֆինանսավորում հատկացնել Մեծամորի ԱԷԿ-ի փակման համար։

Իրավիճակի ողբերգազավեշտությունն անգամ այն չէ, որ Հայաստանի տարածքում մոդուլային ԱԷԿ-ները ռադիոակտիվ ռումբեր կդառնան։ Մեր կառավարությունը լրջորեն նախատեսում է, Հայաստանի էլեկտրաէներգիայի 40%-ը արտադրող՝ իսկապես աշխատող ատոմակայանը փոխարինել այլընտրանքային էներգիայով, որն այդպես էլ չկարողացավ փրկել Եվրամիությունն էներգետիկ ճգնաժամից։ Եվ դա տեղի է ունենում այն պահին, երբ Եվրոպան փաստացի ընդունել է իր մոտեցման անհեռանկարայինությունը։ Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլն ու իր թիմը բոլորովին չեն հետաքրքրվում աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով ու էներգետիկ ոլորտի վերջին տենդենցներով։ Նրանց հնարավորությունները բավարարում են միայն ռուսատյացության ոլորտում վերջին թրենդներին հետևելուն։

Գագաթնաժողովի ընթացքում Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու համար ԵՄ-ն վերադառնում է ատոմային էներգիայի լայնածավալ օգտագործմանը: Իհարկե, նա ամոթխածորեն լռել է այն մասին, որ էներգետիկ ճգնաժամի պատճառը հակառուսական պատժամիջոցներն են և ռուսական նավթն ու ածուխը գնելուց հրաժարվելը։ Բայց ի՜նչ էլ լինի, մոտ ժամանակներում Եվրամիության երկրները ստիպված կլինեն վերագործարկել ոչ էկոլոգիական ածխային ՋԷԿ-երը, ինչպես դա արդեն արել է Գերմանիան։ Արևը, քամին և Գրետա Թունբերգը նրանց այլևս չեն տաքացնում:

Եվս մեկ ցուցիչ. գագաթնաժողովում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն առաջին անգամ կոչ արեց երկարաձգել Եվրամիության անդամ պետությունների ատոմային էլեկտրակայանների (ԱԷԿ) շահագործման ժամկետները: Եվ դա ա՛յն դեպքում, երբ եվրոպացիները, որոնք վաղուց անցել են կանաչ էներգետիկային, չունեն ո՛չ տեխնոլոգիաներ, ո՛չ էլ ատոմային ոլորտի փորձառու մասնագետներ։ Ի տարբերություն ռուսների:

Ի՜նչ եք կարծում՝ այս փաստերը որևէ կերպ կազդե՞ն Փաշինյանի ռազմավարության վրա։ Հարցական է: Բայց եթե նրան հաջողվի այն կյանքի կոչե,լ և Մեծամորի ատոմակայանը փակվի, ապա դա էլեկտրաէներգիայի գների բազմակի աճով առաջին հերթին մեզ և ձեզ կհարվածի։ Դրա հետ մեկտեղ մենք ստիպված կլինենք ավելի շատ վճարել մթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների համար։ Եվ այս ամենը՝ հանուն դեպի Բրյուսել վերակողմնորոշման։

Թեև, տեղի ունեցածի ևս մի շահագրգիռ կողմ կա՝ Ադրբեջանը, որը մշտապես հետաքրքրված է եղել Հայաստանին ու, համապատասխանաբար՝ Իրանին էներգակիրներից զրկելու և մեզ իր գազից կախվածության մեջ դնելու խնդրով: Միայն ապուշը կհավատա, որ ադրբեջանցի հասարակական գործիչները, որոնք գագաթնաժողովի կազմակերպիչներին նամակ են հղել «Հայկական ԱԷԿ-ից բխող գլոբալ սպառնալիքի» մասին, իսկապես անհանգիստ են բնապահպանության համար: Հայաստանին զրկել սուվերեն էներգետիկայից, կանգնեցնել գրեթե ողջ արդյունաբերությունը, տապալել արտահանումը, մեկուսացնել երկիրը՝ ահա մի ծրագիր, որն այսօր հետաքրքիր է Ադրբեջանին, Եվրամիությանը, Թուրքիային և ԱՄՆ-ին: Իսկ այդ հարցում նրանց օգնում է Փաշինյանի կառավարությունը։

Զարմանալի՜ ժամանակներում ենք ապրում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև