Փախստականների խնդիրները չեն լուծվում

Այս օրերին Ժնևում ընթանում է փախստականների հարցերով երկրորդ գլոբալ ֆորումը՝ իր տեսակի մեջ խոշորագույն մի միջոցառում, որին մասնակցում են երկրների, միջազգային կազմակերպությունների և հասարակական ինստիտուտների տասնյակ ներկայացուցիչներ: Համաժողովին ներկա է նաև ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Փախստականների աշխատանքի տեղավորմանն ու գործարարությանը նվիրված հանդիպմանը Ղազարյանը վստահորեն զեկուցեց, որ Հայաստանի կառավարությունը փախստականների, ինչպես նաև Հանրապետության քաղաքացիների համար ստեղծում է բոլոր անհրաժեշտ պայմանները, այդ թվում նաև աշխատանքի տեղավորման համար: Նա նաև խոսեց Սիրիայից փախստականների շրջանում ձեռներեցության հաջող պատմությունների մասին: Մենք, իհարկե, ուրախ ենք այդ երկրից մեր հայրենակիցների հաջողությունների համար, բայց՝ բա՞ արցախցիները։ Այն տպավորությունն է, թե Միգրացիոն ծառայության պետն ապրում է իր մտացածին աշխարհում։

Այն մասին, որ Հայաստանի կառավարությունը անբավարար օգնություն է ցուցաբերում արցախցիներին, հաճախ էին կրկնում մեդիաները. ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում ու սոցցանցերում հենց փախստականներն իրենք են այդ մասին խոսում: Հայաստանում արցախցիներն առողջապահության և կրթության ոլորտում բախվել են մի շարք խնդիրների, և այդ դժվարությունների դեմ, ըստ էության, մնացել են մեն-մենակ: Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի տեղեկացմամբ՝ նոր վայրում աշխատանք է գտել արցախցիների միայն 15 տոկոսը (մոտ 15 հազար մարդ): Ահա՜ թե ինչպես է Ղազարյանը «լուծում» փախստականներին աշխատանքով ապահովելու խնդիրը։

Գործազուրկ դարձածներից շատերը չեն կարողանում օգտվել կառավարության աջակցության ծրագրերից, քանի որ դրա համար ստիպված կլինեն համաձայնել իշխանությունների խարդախ պայմաններին՝ հրաժարվել իրենց անձնագրից (իմա՝ նաև Արցախում գտնվող անշարժ գույքից) ու ստանալ փախստականի կարգավիճակ: Կենսաթոշակներն ու նպաստները ոչ բոլորին են վճարում. կառավարությունը հայտարարել է, որ վճարումները ստանալու համար արցախցիները նախ պետք է գրանցվեն փաստացի բնակության վայրում: Ըստ Սահմանադրական իրավունքի փորձագետ Վարդան Այվազյանի՝ փախստականի կարգավիճակի հետ կապված հենց այս հնարքն է նպաստում արցախցիների արտահոսքին Հայաստանից:

Ինչ վերաբերում է կառավարության կողմից ֆինանսական աջակցությանն, ապա այս պահին հայտարարվել է միայն 100 հազար դրամ միանվագ օգնության, կես տարվա ընթացքում կոմունալ ծախսերի համար 50 հազար դրամ և ընթացիկ հրատապ ծախսերի համար նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին 50 հազար դրամ օգնության մասին: Ինչպես ցույց է տալիս կորուստները ոչ թե թղթի վրա, այլ սեփական դրամապանակներում հաշվող շատ ընտանիքների պրակտիկան, այդ գումարը չի բավականացնում ո՛չ կտրուկ թանկացած բնակարանների վարձակալությանը և ո՛չ էլ կոմունալ վճարումներին։

Մերձիշխանական բոլոր ԶԼՄ-ները միաժամանակ ակտիվորեն տարածում էին այս կամ այն երկրի ֆինանսական աջակցության մասին: Միայն թե՝ արցախցիներից ոչ ոք այդ գումարներն այդպես էլ չտեսավ: Ու անհայտ է, թե ի՛նչ նպատակների է դրանք կառավարությունն ուղղել: Հայաստանի ԿԲ ղեկավար Մարտին Գալստյանն էլ բացարձակ անհավանական մի բան հայտարարեց. պարզվում է՝ տեղահանվածներին ցուցաբերած նյութական աջակցությունը կարող է հանգեցնել «պահանջարկի ավելացմանն ու գնաճի»: Հիմա ի՞նչ՝ չօգնե՞լ նրանց: Հավանաբար, հենց այդպես է կարծում Հայաստանի կառավարությունը, որը բախտի քմահաճույքին է թողնում ամիսների շրջափակումից հյուծված մարդկանց։ 

Փախստականները պետությունից այսօր ոչ մի սոցիալական երաշխիք չեն ստացել։ Չի՛ մշակվել երկարաժամկետ աջակցության և ադապտացման որևէ ծրագիր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ձևավորել արցախցիների խնդիրներով զբաղվող վարչություն: Հայաստանի կառավարությունն անտանելի պայմաններ է ստեղծել փախստականների համար, որոնց ստիպում են ցրվել տարբեր երկրներում և տարալուծվել այլ ազգերի մեջ։ Ահա այսպիսի հրեշավոր իրողություն՝ հեռու այն իրականությունից, որն իր զեկույցում նկարագրում է Ղազարյանը:

Comments (1)

  • Այդ նշված աջակցությունները հարյուրավոր մարդիկ մինչ հիմա չեն ստացել։ Օրինակ մենք ոչ մի ծրագրից չենք օգվել, ես և երեխաներս ոչ 100000, ոչ էլ 40000+10000 չենք ստացել, և ուր ասես գնացել ենք, բայց անպատասխան։ Էնպես որ շատ էլ ասում են ։
    լ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև