Խոսելով այլ երկրների վրա անուղղակի ռազմական ազդեցության քաղաքականության մասին՝ չի կարելի չմատնանշել ևս մեկ մոտեցում, որն ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները կիրառում են զարգացող և ակնհայտորեն ավելի թույլ պետությունների նկատմամբ: Զենքի մատակարարումն իր խութերն ունի՝ բացահայտ աղբի վաճառքից մինչև երկիրը վաճառող պետության ռազմական շահերի ուղեծիր ներքաշելու փորձեր։
Հենց դա էլ այսօր տեղի է ունենում Հայաստանում։ Մեր կառավարությունը տրվել է Արևմուտքի սիրախաղերին ու փորձում է վերազինվել, օրինակ, Ֆրանսիայի օգնությամբ։ Բայց իրականում ի՞նչ են ներկայացնում այդ մատակարարումները։ Փորձագետները կարծում են, որ նման մատակարարումը ոչ այլ ինչ է, քան PR, և այդ մատակարարումների նշանակությունը խի՜ստ չափազանցված է։
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշում է. «Զենքի մատակարարումները՝ առավել ևս այս չափով, առավել ևս այս ուղղվածության, դժվար թե կարող են լրջորեն օգնել»: Նույնիսկ եթե մեզ հիմա ուղարկվող միկրոդոզաների փոխարեն մատակարարումն իրականացվի անհրաժեշտ ծավալով, ապա այդ սպառազինության լիարժեք օգտագործման համար անհրաժեշտ կլինի համապատասխան բանակ։ Հայաստանն այն չունի, ինչպես նաև չունի այն ստեղծելու համար փող։
Նույն կարծիքին է նաև ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը: Նա կարծում է, որ ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաները անարդյունավետ են Հայաստանի համար, քանի որ դրանք պաշտպանում են միայն ավտոմատ զենքից, բայց անզոր են խոշոր գնդացրի դեմ: Անգամ Ուկրաինան է հրաժարվել այդ տեխնիկայից: Այնպես որ՝ Ֆրանսիան իրականում ոչ թե զե՛նք է մատակարարում Հայաստանին, այլ բուռն գործունեություն է իմիտացնում: Իսկ ֆրանսիացիների կողմից մատակարարվող GM200 ռադարներն, ըստ Նահապետյանի, նպատակ ունեն մուտք գործել Հայաստանի ՀՕՊ կառավարման ընդհանուր համակարգ, որը ՌԴ-ի հետ ՀՕՊ համատեղ կառավարման պայմանագիր է կնքել: Փորձագետը նշում է. «Բացի այդ, ՀՕՊ միջոցները զենք չենք, դրանք երկնքում հայտնաբերում են անօդաչու թռչող օբյեկտները: Եթե դրանք հայտնաբերում են, բայց միևնույն ժամանակ բացակայում է դրանց խոցման համար տեխնիկան, ապա իմաստը ո՞րն է»: Ահա՜ թե որն է. այդ ռադարները պետք են ո՛չ թե մեր ու ձեր պաշտպանության ու ո՛չ էլ թուրքական կամ ադրբեջանական թռչող սարքերի հայտնաբերման, այլ՝ իրանական ինքնաթիռների տեղաշարժը դիտարկելու համար։ Այսինքն՝ Ֆրանսիան Հայաստանը դարձնում է Իրանի հարցը հետագայում մեր ձեռքերով լուծելու համար պլացդարմ։
Իսկ ի՞նչ է լինում, երբ նույն՝ մեր սիրելի Շառլ Ազնավուրի Ֆրանսիան իսկապե՛ս ուզում է որևէ մեկին օգնել: Տեղի է ունենում հետևյալը. Նա Ուկրաինային ավելի ժամանակակից սպառազինություն է մատակարարումայն մաշտաբներով, որոնք անգամ համեմատել չի կարելի հայկականի հետ: Կիևում անցած տարվա սեպտեմբերին կայացած պաշտպանական արդյունաբերության համաժողովին մասնակցած ռազմաարդյունաբերական համալիրների 250 կազմակերպություններից առավել ակտիվ աշխատել են ֆրանսիական կազմակերպությունները: Այդ երկրում 200 մլն եվրո բյուջեով հիմնադրամ են ստեղծել, որպեսզի ուկրաինացի զինվորականները կարողանան սպառազինություն պատվիրել անմիջապես արտադրողներից։
Բառացիորեն երեկ Ֆրանսիայի ԶՈւ նախարարությունը հրապարակել է 50 կետից բաղկացած մի ամբո՜ղջ ցուցակ, որը ներառում է Ուկրաինային մատակարարված պաշտպանիչ սարքավորումներ, կապի միջոցներ, տարբեր սպառազինություններ և անօդաչու սարքեր։ Օրինակ, Փարիզը Կիևին է փոխանցել ՀՕՊ համակարգեր՝ ներառյալ երկու Crotale NG կայանքներ, վեց Mistral շարժական զենիթահրթիռային համակարգ, ֆրանս-իտալական մեկ SAMP/T ՀՕՊ համակարգ: Մատակարարվել են նաև SCALP՝ «օդ-երկիր» դասի հրթիռներ: Փոխանցվել է 30 Caesar ինքնագնաց հրետանային կայանք, վեց TRF1 հաուբից, չորս համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և տասը 120 միլիմետրանոց ականանետ: Հաուբիցներին կից մատակարարվել է նաև 30 հազար արկ: Հակատանկային համակարգերի թվում են 1 002 AT4 նռնականետ և երեք MILAN հակատանկային հրթիռային համակարգ: 2023 թվականի վերջին Ֆրանսիան Ուկրաինային մատակարարել է 38 թեթև AMX10 RC տանկ (հիմնական զենքի համար 9 հազար զինամթերքով) և սպառազինությամբ կամ սանիտարական կազմաձևով 250 զրահամեքենա, ինչպես նաև 120 ամենագնաց և վեց բեռնատար։ Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերը ստացել են 160 անօդաչու թռչող սարք, 10 սարք՝ դրոններ հայտնաբերելու համար: Հրաձգային զենքերի թվում են տարբեր տրամաչափի ավելի քան 600 գնդացիր, 1000 Famas հրացան և 20 դիպուկահար հրացան, դրանց կից՝ 2,8 մլն փամփուշտ, ինչպես նաև՝ 10,5 հազար նռնակ ու 3,6 հազար հակատանկային ական: Բացի այդ՝ վառելիք, զրահաբաճկոններ, սաղավարտներ, առաջին օգնության պարագաներ, կապի ու նավիգացիայի միջոցներ: Տպավորի՞չ է: Իսկ հիմա մտածե՛ք. Ֆրանսիան «հայ ժողովրդին սատարելու» մասին ստի այս բոլոր տարիների ընթացքում ի՞նչ է մատակարարել Հայաստանին։
Ենթադրենք՝ Հայաստանին կհաջողվի վերազինման վերաբերյալ պայմանավորվել արևմտյան երկրների հետ, բայց ակնհայտ է, որ այն կիրականացվի մնացորդային սկզբունքով, քանի որ Արևմուտքի ռազմարդյունաբերական համալիրի բոլո՜ր ռեսուրսներն այժմ ուղղված են Ուկրաինային մատակարարելուն։ Իսկ մեր երկիրը կստանա բարոյապես հնացած տեխնիկա, որով թե՛ Արևմուտքն ու թե՛ մեր քաղաքական ղեկավարությունը կշարունակեն փիառվել, բայց դա չի օգնի երկրի պաշտպանունակությունը իրապես ամրապնդելուն։ Եվ դեռ չենք խոսում զինամթերքի մասին, որի պակասորդն այժմ շատ պետություններում է:
Վերջին երկու տասնամյակների ընթացքում տարբեր տարածաշրջանների պրոքսի-պատերազմներում օգտագործում են պայքարի բոլոր մեթոդները՝ ներառյալ քաղաքական և տնտեսական: Այս պայմաններում կարևոր է հասկանալ, որ ո՜չ ոք զենք չի նվիրի ո՜չ Հայաստանին, ո՜չ էլ անձամբ Փաշինյանին՝ Արևմուտքի հանդեպ իր քար-սիրո համար: Շատ հավանական է, որ հենց Հայաստանը հագնի արևմտյան զենքի ասեղին, Փաշինյանից պահանջեն Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի վերաբերյալ հետախուզական տվյալներ փոխանցել։ Նման շշուկներ արդեն եղել են, իսկ ծուխն առանց կրակի չի՛ լինում։
Երբեմնի կուշտ ու հարուստ (բայց վաղուց արդեն այդպիսինը լինել դադարած) Արևմուտքին հարևանանալու ձգտման մեջ Նիկոլ Փաշինյանը մեր երկիրը վերածում է այլ տերությունների գլոբալ դիմակայության լուռ գործիքի։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
մկների ժողովի մասնակից առնետներ!, հերիք չեղավ ՞ ժողովրդին բարոյալքել եվ վերածել գորշ մասսայի, որպեսզի ինչ՞ դուրս տաք հավստան։ Հայաստանը թալանած բոլոր վայ ղեկավարներին ի րենց ամողջ էլիտաներով պետք է պատասխանատվության կսչվեն։