Փաշինյանի ԼԳԲՏ Սահմանադրությունը

Հունվարի 18-ին արդարադատության նախարարությունում Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ հայտարարեց, որ Հայաստանին նոր Սահմանադրություն է անհրաժեշտ։ Ու թեև այս թեման այժմ այնքան էլ ակտիվ չի շրջանառվում ու մղվել է տեղեկատվական օրակարգի երկրորդ պլան, չկասկածե՛ք, որ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի աշխատանքը հայ հանրության աչքից հեռու ամբո՜ղջ թափով շարունակվում է։ Փաշինյանի ու նրա շրջապատի կույր հավատարմությունը Եվրամիությանն ու ԱՄՆ-ին և ամեն ինչ արևմտյան չափանիշներին բացարձակապես հարմարեցնելու ձգտումը կարող է հանգեցնել Հայաստանի Սահմանադրության ա՛յն դրույթների վերացմանը կամ փոփոխմանը, որոնցում ամրագրված են մեր ավանդական արժեքները:

Օրինակ՝ փոփոխությունները կարող են անդրադառնալ 35-րդ հոդվածին, որում հաստատվում է, որ ընտանիքը ստեղծվում է միայն չափահաս տղամարդու և կնոջ կողմից: 16-րդ հոդվածը սահմանում է, որ ընտանիքը հասարակության բնական և հիմնական բջիջն է, բնակչության պահպանման և վերարտադրման հիմքը, ինչպես նաև, որ մայրությունն ու մանկությունը գտնվում են պետության հատուկ պաշտպանության և հովանու ներքո: Այս դրույթները սահմանում են մեր ժողովրդի հիմնարար արժեքները:

Մինչդեռ Հայաստանում ակտիվորեն առաջ են տանում Ստամբուլյան կոնվենցիան, որը կարող է ոչնչացնել այդ ավանդական արժեքները։ Հայաստանում ԵՄ նախկին դեսպան Անդրեա Վիկտորինի խոսքով՝ կոնվենցիան իբրև թե ուղղված է բացառապես կանանց պաշտպանությանը: Բայց դրանում նաև տրվում են «գենդեր» և «երրորդ սեռ» հասկացությունների սահմանումը, ինչը մինչև բոլորովին վերջերս Հայաստանի իրավական դաշտում չի եղել ու չէր էլ կարող լինել։

Իրավիճակը փոխվեց Նիկոլ Փաշինյանի թիմի՝ իշխանության գալուց հետո։ «Եվրոպական արժեքների» ուղղությամբ առաջին քայլերն արվեցին անցյալ տարի, երբ ուժի մեջ մտավ առողջապահության նախարարի ընդունած հրամանը, որով հաստատվել է «երեխայի հիվանդության պատմագիրը»: Հարցաթերթիկի 21-րդ կետում, որտեղ անհրաժեշտ է լրացնել «երեխայի սեռը» սյունակը, պատասխանի երեք տարբերակ է նախատեսված՝ իգական, արական, անորոշ: Իսկ եթե Հայաստանի իշխանությունները վավերացնեն Ստամբուլյան կոնվենցիան և համապատասխան փոփոխություններ մտցնեն Սահմանադրության մեջ, դա կնշանակի մեր երկրում նույնասեռ ամուսնությունների օրինականացումն ու ԼԳԲՏ արժեքների ամրագրումը։


Հայաստանի քաղաքական օրակարգում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների ներգրավումն ամբողջ թափով է ընթանում։ Դեռևս 2019 թվականին Ազգային Ժողովում ելույթ ունեցավ տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը։ Մեր հասարակությունը նման բաներին ծայրահեղ  բացասական է արձագանքում, ինչն առավել օբյեկտիվ է խոսում ԼԳԲՏ արժեքների նկատմամբ մարդկանց վերաբերմունքի մասին:                                                                     

Հայաստանում ԼԳԲՏ գործիչներն ապակառուցողական ազդեցություն ունեն մեր բոլոր հենարանների վրա։ Հակահայ տարբեր հասարակական գործիչներ այլևս անթաքույց իրենց թույլ են տալիս այնպիսի արտահայտություններ, որոնք իրենց փաթաթել են արևմտյան կուրատորները։ Զարմանալի չէ, որ արևմտամետ հայտնի ակտիվիստ, Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման լոբբիստ Լյուսի Քոչարյանը գովել է Հայաստանի կառավարությանը կաթողիկոսի ամանորյա ուղերձի ցուցադրումն արգելելու համար, քանզի նրանում հիշատակվում էր Արցախը: Զարմանալի չէ նաև, որ գենդերային բռնության դեմ հանդես գալու, այսինքն՝ ԼԳԲՏ օրակարգին աջակցելու համար 2020 թվականի մարտին նա դարձավ կանանց միջազգային արիության մրցանակի դափնեկիր: Վաշինգտոնում Քոչարյանին մրցանակը հանձնել են ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը և պետքարտուղար Մայք Պոմպեոն: Ի դեպ, արարողությանը ներկա էր մեր վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Սա խոսում է այն մասին, որ Փաշինյանի ընտանիքը բացահայտ աջակցում է ԼԳԲՏ շարժմանը, ինչը քայքայում է մեր հասարակությունը:

Ի՞նչ կլինի հետո: Հաջորդիվ ի՞նչ քայլերի է գնալու այս իշխանությունը։ Արևմուտքում խիստ պահանջներ են սահմանված աշխատանքի ընդունվելու համար՝ ելնելով ոչ թե մասնագիտակա՛ն որակներից, այլ՝ տարատեսակ փոքրամասնություններին պատկանելուց։ Հայաստանին նույն բա՞նն է սպասվում։ Այո, իհարկե՛, մեր երկրում որոշակի երաշխիքներ են ամրագրված ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին պետության հասարակական-քաղաքական կյանքում ընդգրկելու հարցում։ Բայց չզարմանաք, եթե Փաշինյանի ջանքերով հերթը հասնի նաև ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մարդկանց։ Հաշվի առնելով, որ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կազմում ընդգրկված են արևմտյան ՀԿ-ների ներկայացուցիչներ, ապա հավանականությունը մեծ է, որ նոր սահմանադրության մեջ ԼԳԲՏ համայնքի իրավունքների վերաբերյալ կետեր կներառվեն:

Սահմանադրությունը փոխելու Փաշինյանի մոլուցքն օրինաչափ տագնապ է առաջացնում հայաստանցիների, այդ թվում՝ Եկեղեցու ներկայացուցիչների մոտ։ Փետրվարի 21-23-ը տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհուրդն այս նախաձեռնությունը խիստ կասկածելի է համարել: Խորհրդի ամփոփիչ հայտարարության մեջ ընդգծվում է, որ Հայաստանի Սահմանադրության հիմքը մեր ժողովրդի ազգային-հոգևոր կյանքի խորհրդանիշներն են, մեր ժողովրդի նվիրական անցյալի հիշողություններն ու իրադարձությունները և մեր ազգային իղձերն ու ձգտումները: Խորհրդի անդամներն անթույլատրելի են համարել հանրային դիսկուրսում այդ արժեքների նսեմացումը կամ անտեսումը, հատկապես՝ նոր սահմանադրության ընդունման համատեքստում:

Փաշինյանն ու իր ամողջ թիմն այնքան են սևեռվել Արևմուտքի հետ մերձեցման թեմայի ուղղությամբ, որ պատրաստ են երկրի հիմնարար փաստաթուղթը հարմարեցնել օտար արժեքներին, ոչնչացնել հայ ընտանիքի դարավոր ավանդույթները, հասարակական կյանքում ներդնել ԼԳԲՏ օրակարգ՝ իր բազմաթիվ գենդեռներով ու այլ անառակություններով ։ Բայց մեր հասարակությունը երբե՜ք չի համաձայնի դրան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև