Անցած շաբաթվա կարևոր միջազգային քաղաքական իրադարձությունը ՌԴ նախագահի ընտրություններն էին։
Չնայած հսկայական արտաքին ճնշումներին, աննախադեպ տնտեսական պատժամիջոցներին և Ուկրաինայի կողմից գնդակոծություններին՝ Ռուսաստանում ընտրությունները կայացան։ Ձայների 87,28%-ով հաղթանակ տարավ ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ընտրություններին աշխատել են հազարից ավել միջազգային դիտորդներ և փորձագետներ 129 երկրներից, այդ թվում՝ Եվրոպայից և Հյուսիսային Ամերիկայից: ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Հայաստանը քվեարկությանը հետևելու է ուղարկել ավելի քան 60 դիտորդ: Նրանք այցելել են ՌԴ ԿԸՀ, ընտրատեղամասեր, ՌԴ-ում Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակ և ՌԴ Հանրային պալատի՝ Ռուսաստանի նախագահի ընտրությունների քվեարկության դիտարկման իրավիճակային կենտրոն: Պատվիրակության կազմում էին նաև Ազգային ժողովի պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովն ու Միքայել Թումասյանը: ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի լիազոր ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը նշեց, որ տասնյակ ընտրատեղամասեր կատարած այցելության արդյունքներով խախտումներ չեն արձանագրվել:
Ընտրությունների անցկացման փորձն ուսումնասիրելու նպատակով Մոսկվա են մեկնել նաև հասարակական գործիչ ու բլոգեր Միքայել Բադալյանը և քաղաքական գործիչ ու լրագրող Արման Աբովյանը: «Զգացվում է, որ մարդիկ շատ ոգևորված և ակտիվ են, հատկապես ակտիվ է երիտասարդությունը։ Տպավորությունները շատ են, և, ի դեպ, կան շատ տեխնիկական նորամուծություններ, որոնք արժանի են նրան, որ մենք շատ ուշադիր ուսումնասիրենք», — հույզերով կիսվել է Աբովյանը։ Նա նաև նշել է, որ Հայաստանի ներկայացուցիչների նկատմամբ ընդունող կողմի վերաբերմունքն առանձնահատուկ ընդգծված էր՝ բառի ամենալա՜վ իմաստով:
Ինչպես իրենց միջազգային գործընկերները՝ հայ դիտորդները ևս չեն հայտնաբերել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին անցած ընտրությունների լեգիտիմության վրա ազդել:
Անցած ընտրությունների առանձնահատկությունն ընտրողների աննախադեպ ակտիվությունն էր։ Մասնակցությունը գերազանցել է 77 %-ը, ինչն աննախադեպ էր Ռուսաստանի նորագույն պատմության ընթացքում։
Դա զգացվել է նաև Հայաստանում տեղակայված ընտրատեղամասերում, որտեղ ռուս քաղաքացիները, այդ թվում՝ Վրաստանից ժամանած, իրենց ձայնը տալու համար ստիպված են եղել ժամեր շարունակ հերթ կանգնել: ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդ Իրինա Կարապետյանը, ով ներկայացնում է ժողովրդավարության զարգացման մոնիթորինգի միջազգային ինստիտուտի երևանյան մասնաճյուղը, նշել է. «Վաղ առավոտից ընտրողների բավականին բարձր ակտիվություն է նկատվում։ Քվեախցիկներից որոշակի հեռավորության վրա պարբերաբար հերթ է գոյանում, սակայն ընդհանուր առմամբ խախտումներ չեն նկատվում»:
Այս ամբողջ պատմության մեջ, երբ ռուս ընտրողների ընտրությունն ու ակտիվությունը ակնհայտ են ու կասկածի ենթակա չեն, զարմանալի է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ի տարբերություն իր շատ գործընկերների, միայն այսօր է ուժերը հավաքել ու հաղթանակի կապակցությամբ շնորհավորել Վլադիմիր Պուտինին: Անհասկանալի է, թե ինչո՛ւ էր Նիկոլը երկու օր լռում: Միգուցե Լոնդոնի կամ Վաշինգտոնի իր ղեկավարության թույլտվությա՞նն էր սպասում:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան