Շատ հայկական ընտանիքներ այսօր կհիշեն իրենց բարեկամներին, որոնք մահացել են փլատակների տակ կամ մահացել են հետևանքներից. մեկ րոպեից քիչ ժամանակահատվածում երկրաշարժը ոչնչացրել է Սպիտակը, ինչպես նաև ավերել Գյումրու և Վանաձորի կեսը։ Ողբերգության արդյունքում զոհվել են 25 հազար մարդ, ևս 140 հազարը վնասվածքներ են ստացել և հաշմանդամ մնացել։ Հայաստանը նորից հիշում է Սպիտակի երկրաշարժի օրը։
Բնական աղետը դարձավ համամիութենական ողբերգություն։ Այն ժամանակ Հայաստանին օգնում էր ամբողջ երկիրը զինվորականները և կամավորները բացում էին փլատակները, բժիշկները շուրջօրյա վիրահատում էին տուժածներին, բոլոր Հանրապետություններից 45 հազար շինարարներ վերականգնում էին ավերված հայկական թաղամասերը, որտեղ առանց տանիքի էին մնացել ավելի քան կես միլիոն մարդիկ։
Աղետի ծավալները ապշեցնում էին։ Երկրաշարժը շարքից հանել էր հանրապետության արդյունաբերական պոտենցիալի մոտ 40%-ը։ Քանդվել կամ աղետային վիճակի էին հասել հանրակրթական դպրոցներ 210 հազար տեղ, մանկապարտեզներ 42 հազար տեղ, առողջապահության 416 հաստատություն, 391 գրադարան, 349 մշակույթի տուն և ակումբ, 42 կինոթատրոն, 14 թանգարան, երկու թատրոն։ Շարքից դուրս է եկել 600 կմ ճանապարհ, ամբողջությամբ կամ կիսով ավերվել է 230 արդյունաբերական ձեռնարկություն։ Հանրապետության տարածքի մեկ երրորդում դադարել են գործել արդյունաբերական և սոցիալական ենթակառուցվածքները։ 1988 թվականին նյութական վնասը գնահատել են 10 մլրդ ռուբլի, իսկ հաշվի առնելով վերականգնման ծախսերը, այդ գումարը արժե նվազագույնը կրկնապատկել։
ԽՍՀՄ Պաշտպանության նախարարության առաջին ինքնաթիռը Մոսկվայից Երևան է թռել միանգամից երկրաշարժի մասին հայտնի դառնալուց հետո։ Ողբերգության հաջորդ օրը մայրաքաղաքից 98 բժիշկների և զինվորական-դաշտային վիրաբույժների խումբ է ժամանել ԽՍՀՄ Առողջապահության նախարար Եվգենի Չազովի գլխավորությամբ։ Աղետի գոտի ամբողջ երկրից ժամանել են քաղաքացիական պաշտպանության մասնագետներ, նրանք 50 հազար վրան և 200 դաշտային խոհանոց են տեղադրել։ Կամավորներին չհաշված փրկարարական աշխատանքներին մասնակցել են ավելի քան 20 հազար զինվոր ու սպա, փլատակների հատվածում օգտագործել են մոտ 3 հազար ռազմական տեխնիկա։
Հասկանալով հետագա աշխատանքների կարևորությունը ողբերգության հետևանքների վերացման հանձնաժողովը գլխավորել է ԽՍՀՄ նախարարների Խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովը։ Ընդամենը մեկ ամսից` 1989 թվականի հունվարի 7-ին մաքրված Սպիտակում հիմք է դրվել առաջին բազմահարկ շենքին։ Իսկ ևս երկու ամիս հետո ավերված քաղաքներում աշխատել են մի քանի հազար շինարարներ Միության բոլոր ծայրերից։ Նիկոլայ Ռիժկովը միակ ազգությամբ ոչ հայ մարդն է, ով ստացել է Հայաստանի ազգային հերոսի կոչում։ Շատ տարիներ հետո Ռիժկովին դեռ անվանում են “ամենափրկիչ”։
Այսօր Հայաստանի փրկության համամիութենական գործողության մասին հիշեցումներ կարելի է հանդիպել նաև Ռուսաստանում։ Կիսլովոդսկում հայկական Սուրբ Վարդան եկեղեցու տարածքում տեղադրել են 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքար։ Սամարայում Սուրբ Խաչ եկեղեցու մոտակայքում Աղետի զոհերին նվիրված հուշարձան կա։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան