Ինքնության մերժում

Արցախի փաստացի հանձնումն Ադրբեջանին ավարտի հասցնելով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցավ հաջորդ նպատակին՝ բուն Հայաստանի փլուզմանը: Նա հայտարարեց նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին և հիմնավորեց նրանով, որ այն պետք է «երկիրն ավելի մրցունակ ու կենսունակ դարձնի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային նոր պայմաններում»:

Փաշինյանը հայտարարում է, որ աշխարհում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք անխուսափելիորեն կանդրադառնան Հարավային Կովկասի տարածաշրջանի և Հայաստանի վրա. «Այս փոփոխությանը կարելի է ամենատարբեր կերպ վերաբերել: Բայց անկախ նրանից, թե էվոլյուցիային ինչպես կվերաբերենք, այն տեղի է ունենում»: Այսինքն՝ նոր սահմանադրության ընդունումը դիտարկվում է որպես «էվոլյուցիոն քայլ», ադապտացում փոփոխություններին։ Ինչպես փորձը ցույց է տվել՝ նպատակների հռչակագիրն ու գործերի իրական վիճակը Փաշինյանի և նրա թիմի մոտ, մեղմ ասած, տարբերվում են:

Բայց ի՞նչ «էվոլյուցիայի» մասին է խոսում Փաշինյանը: Շատ փորձագետներ արդեն արտահայտվել են այս թեմայով, ու նրանցից շատերը համակարծիք են, որ այս որոշումը թելադրված է Արցախից ու անգամ հայկական ինքնությունից վերջնականապես հրաժարվելու, ինչպես նաև՝ Փաշինյանի իշխանությունն ամրապնդելու ձգտումամբ: Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանն, օրինակ, իշխանությունների նպատակների շարքում նշում է հետևյալը. «թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Արցախը կլանելու փաստացի օրինականացումը, Հայաստանի սահմանների փոփոխության օրինականացումը, Սահմանադրության տեքստից ցանկացած պատմական կամ էթնիկ նախաբանի ջնջումը, Հայոց ցեղասպանության հիշատակման, հայ ժողովրդի պատմության մեջ Հայ Առաքելական եկեղեցու դերի ջնջումը, Հայաստանի զինանշանի խմբագրումը՝ Սուրբ Արարատ լեռան հայկական ինքնության խորհրդանիշի պարտադիր ջնջմամբ»:

Սահմանադրության գործող խմբագրությունում ամրագրված է, որ Հայաստանն Արցախի երաշխավորն է: Ակնհայտ է, որ էվոլյուցիոն փոփոխուններ ասելով Փաշինյանը տեսնում է այս և այլ դրույթների բացառում, որոնք կտրականապես անընդունելի են նրա թուրք ու ադրբեջանցի ընկերների համար: Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը նույնպես կարծում է, որ Փաշինյանն արագացնում է իրադարձությունները, քանի որ պիտի խաղաղության պայմանագիր կնքի, որտեղ ամրագրված է Հայաստանի վերջնական հրաժարումն Արցախից: Բացի այդ, նոր սահմանադրությունը կներառի դրույթներ, որոնք կնպաստեն Փաշինյանի իշխանության ամրապնդմանը. «Ես վստահ եմ, որ մեզ մոտ նախագահական կառավարման համակարգ է լինելու, ու Փաշինյանը ևս երկու անգամ վերընտրվելու համար պատրվակ կստեղծի»:

Ո՞ւմ է ձեռնտու իրադարձությունների նման ընթացքը: Թերևս, մեր հարևաններին՝ Ադրբեջանին ու Թուրքիային: Իլհամ Ալիևը երբեք էլ չի թաքցրել իր մտադրությունները: Դեռևս 2021 թվականի սեպտեմբերի 27-ին նա հայտարարեց, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավերոլու համար Հայաստանը պիտի մշակի ու ընդունի նոր սահմանադրություն: Ու զարմանալի չէ, որ Փաշինյանը նրա երգն է երգում: Հանուն հռչակված «խաղաղության դարաշրջանի» նա դեռ ոչ մի անգամ դեմ չի գնացել Ալիևի պահանջներին ու այժմ էլ գործում է նույն՝ զիջումների տրամաբանությամբ:

Այս կապակցությամբ է զվարճալի է հետևել մեր իշխանությունների՝ Բաքվից գոնե ինչ-որ երաշխիքներ ստանալու ծիծաղելի փորձերին: Դրա վառ օրինակն Ադրբեջանի հետ չհարձակման մասին պայմանագիր ստորագրելու՝ Փաշինյանի վերջերս արված առաջարկն է։ Ալիևն այստեղ էլ հաղթեց մեր անհաջողակին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Փաշինյանի առաջարկը «նպատակ ունի շեղել ուշադրությունը խաղաղության մասին երկկողմ համաձայնագրի նախագծի և Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման գործընթացից»։

Այս խայտառակ իրավիճակում Փաշինյանը շարունակում է համառորեն կառուցել իր «խաղաղության դարաշրջանը»։ Ըստ փորձագետ Հրանտ Միքայելյանի՝ Արցախից հրաժարվելու վերջնական լեգիտիմացման ևս մեկ պատճառ Ռուսաստանը Հարավային Կովկասից դուրս բերելու ձգտումն է: Գործելով այս հակառուսական տրամաբանությամբ՝ մեր ղեկավարությունը կարող է, օրինակ, նոր սահմանադրության մեջ ամրագրել նաև Հայաստանի չեզոք կարգավիճակ, որը ռազմաքաղաքական դաշինքներին անդամակցություն չի ենթարկում։ Դա, համապատասխանաբար, կապահովի ելք ՀԱՊԿ-ից կամ անգամ կողմնորոշում դեպի Ռուսաստանի նկատմամբ թշնամական արևմտյան երկրների հետ դաշինքներ։ Ինչո՞վ նվեր չէ Ալիևի և արևմտյան երկրների համար:

Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը նույնպես այս գործընթացների շարքում է։ Այդ փաստաթուղթն ուժի մեջ կմտնի փետրվարի 1-ից: Ավելի վաղ Փաշինյանը պնդում էր, որ դա հետևանք է այն բանի, որ «ՀԱՊԿ-ի և հայ-ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն արտաքին անվտանգության ապահովման համար»: Ընդ որում, իշխանությունները Հռոմի ստատուտը ներկայացրել են որպես Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու արդյունավետ մեխանիզմ։ Բայց Բաքվի համար ոչ մի հետևանք մենք չենք տեսնում և ակնհայտորեն չենք տեսնի։ Փոխարենը՝ ամենագլխավոր ռազմավարական ու բոլոր առումներով ամենաշահավետ գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները լրջորեն փչացել են:

Սահմանադրության թարմացումը Փաշինյանի հերթական նենգությունն է մեր ինքնիշխանության և հայկական ինքնության լիակատար կորստի ճանապարհին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև