Ինչի՛ հաշվին է զարգանում զբոսաշրջությունը Հայաստանում
ՄԱԿ-ը փետրվարի 17-ը հռչակել է Կայուն զբոսաշրջության համաշխարհային օր։ Կայուն զբոսաշրջություն ասելով տվյալ դեպքում հասկանում են ցնցումներից և արտակարգ իրավիճակներից անկախ զբոսաշրջությունը: Համաշխարհային քաղաքական անկայունության պայմաններում այս ոլորտը Հայաստանում իրեն կայուն է զգում և շարունակում է բարձր արդյունքներ ցուցադրել։ Ուստի մեր երկիրը կշարունակի ուժգնացնել տեմպերը զբոսաշրջիկների ներգրավման հարցում։ Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը վերջերս հայտարարել է, որ հանրապետությունում նախատեսում են առաջիկայում ստեղծել 20 զբոսաշրջային կլաստեր։
Ոլորտի նման աճը հուսադրող է, քանի որ զբոսաշրջիկների թվի ավելացումը նպաստում է Հայաստանի տնտեսության կայուն աճին։ Վահան Քերոբյանի խոսքով՝ յուրաքանչյուր զբոսաշրջիկ երկրի բյուջե է բերում օրական առնվազն 44 հազար դրամ (ավելի քան 100 դոլար), այսինքն՝ տարեկան ընդհանուր առմամբ 100 միլիարդ դրամ (250 միլիոն դոլար):
Ավելի ու ավելի շատ կանոնավոր չվերթներ են բացվում դեպի Հայաստան. օրինակ, Red Wings ավիաընկերությունը գործարկել է արդիականացված Tu-214-ը դեպի Երևան թռիչքների համար, «Уральские авиалинии»-ն հունվարին վերսկսել է Մոսկվայից, Եկատերինբուրգից և Սոչիից չվերթները։
Դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքում ռուս զբոսաշրջիկներն ավանդաբար ամենամեծ մասնաբաժինն են կազմում։ 2023 թվականին երկիր է այցելել 2,3 միլիոն հյուր, որոնց կեսը Ռուսաստանից է, 11%-ը՝ Վրաստանից, 6%-ը՝ Իրանից։ OneTwoTrip ծառայության տվյալներով՝ 2022 և 2023 թվականներին Հայաստանը դարձել է ամենապահանջարկված արտասահմանյան ուղղությունը Ռուսաստանի Դաշնությունից ժամանած ճանապարհորդների համար։ Իսկ Զբոսաշրջային արդյունաբերության ռուսական միության տվյալներով՝ մեր երկիրն արդեն այն պետությունների թոփ-10-ում է, որտեղ ռուսները նախատեսում են հանգստանալ այս ամռանը։ Միաժամանակ, դեպի Հայաստան տոմսերի վաղ ամրագրման ցուցանիշն աճել է 68%-ով։
Դեպի Հայաստան, այդ թվում նաև Ռուսաստանից, զբոսաշրջիկների հոսքի կայուն աճը, թույլ է տալիս զարգացնել փոքր և միջին բիզնեսը, ինչպես նաև ծրագրեր կազմել առաջիկա մի քանի տարիների համար։ Զբոսաշրջության ոլորտի բյուջեն վերջին երեք տարիների ընթացքում աճել է 6,5 անգամ՝ 2 միլիարդ դրամից (5 միլիոն դոլար) 2024 թվականին հասնելով 13,2 միլիարդ դրամի (33 միլիոն դոլար):
Միևնույն ժամանակ, զբոսաշրջային գրավչության օբյեկտները տեղում չեն դոփում և աշխատանքի նոր ձևաչափեր են ստեղծում։ Օրինակ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը և «Էրմիտաժը» պայմանագիր են կնքել, որով ռուսական պատկերասրահի մասնագետները միացել են Կարմիր Բլրի պեղումներին:
Իր հերթին «Էրեբունի» արգելոց-թանգարանը «Էրմիտաժում» սեփական անկյունն է պատրաստում բացման համար։ Նաև Մոսկվայի Պուշկինի անվ. կերպարվեստի պետական թանգարանում հոկտեմբերի վերջին բացվել է «Ուրարտուի թագավորությունը» ցուցահանդեսը՝ նվիրված հնագույն պետության մշակութային պատմությանը։