Ֆրանսիան հումանիտար օգնություն է ուղարկել շրջափակման մեջ գտնվող Արցախի բնակչության կարիքների համար։ Առաջին հայացքից հրաշալի նորություն է. մենք տեսնում ենք, որ Փարիզը անհանգստացած է ստեղծված իրավիճակով և ուզում է գոնե ինչ-որ բանով օգնել հայերին։
Միայն թե այդպե՞ս է արդյոք իրականում ամեն ինչ։ Ի՞նչ նպատակներ է հետապնդում Ֆրանսիան։
Սկսենք նրանից, որ Հայաստանում հավաքված բեռների մի շարասյունը արդեն հուլիսի 26-ից կանգնած է Կոռնիձորում։ Եվ ինչ-որ ծաղրանք են թվում Երևանի պաշտոնական հաղորդագրությունները այն մասին, որ ֆրանսիական շարասյունը կմիանա հայկական շարասյանը։ Այսինքն, դրան նու՞յն ճակատագիրն է սպասվում և դա անգամ չեն էլ թաքցնու՞մ։
Պետք է նշել նաև, որ Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու Ֆրանսիայի մտադրության մասին հաղորդագրությունները հայտնվեցին այն տեղեկությունների ֆոնին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է հանդիպել Բելգիայի արտաքին գործերի նախարար Խադժա Լախբիբի հետ նրա հայամետ դիրքորոշման պատճառով։ Իսկ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին ընդհանրապես արգելեցին Լաչինի միջանցք այցելել։
Մի՞թե Ֆրանսիան, որի հարաբերությունները Ադրբեջանի հետ ավելի լարված են, քան նույն Բելգիայի հարաբերությունները, լրջորեն հույս ուներ, որ իր հումանիտար բեռները անարգել կանցնեն Լաչինի միջանցքով։
Եվ ևս մեկ նկատառում. Ադրբեջանը, որ իր հումանիտար երթուղին է առաջ տանում Ակնով, ալյուրով շարասյուն է ուղարկել Ստեփանակերտ։ Բայց նույն կերպ չի կարող առաջ անցնել արցախցիների բողոքի պատճառով։ Այդ իրավիճակում Ալիևը ոչ մի դեպքում ֆրանսիացիներին չի թողնի` թողնելով իր բեռները փոշոտվելու Ստեփանակերտի մատույցներում։
Միակ տարբերակը կարող է լինել միայն երկու կողմերից բեռների միաժամանակյա անցումը։ Բայց դա քիչ հավանական է, և եթե դա տեղի ունենա, ապա կնշանակի, որ Արցախի բնակչության կարծիքը ամբողջությամբ արհամարհվում է։
Իսկ այժմ եկեք Արցախի շուրջ իրավիճակը ներդնենք գլոբալ իրավիճակի վրա։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ֆրանսիան Աֆրիկայում սրընթաց կորցնում է իր ազդեցությունը։ Դրա վառ ապացույցը Նիգերում ռազմական հեղաշրջումն է և ապստամբների պահանջը, որ ֆրանսիական դեսպանը լքի երկիրը։ Դեսպանատունը անգամ արդեն զրկել են կենսապահովման համակարգերից և հաղորդակցությունից։ Իսկ այժմ Նիգերի փորձը կրկնել է նաև Գաբոնը, որտեղ զինվորականները իշխանությունից զրկել են ֆրանսամետ նախագահին։ Լուրջ ապտակ Մակրոնին, ով պետք է շտապ վերականգնի իրավունքները և ապացուցի, որ Ֆրանսիան ուժեղ գերտերություն է և ունակ է տարածել իր ազդեցությունը ազգային սահմաններից դուրս։
Պատահական չէ, որ նա հայ-ադրբեջանական ուղղությամբ նկատելիորեն ակտիվացել է։ Արդեն բանականություններ է անցկացրել և Փաշինյանի, և Ալիևի հետ։ Եվ անգամ խոստացել է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ բանաձև ներկայացնել։ Չնայած, ի՞նչն էր խանգարում այդ բանաձևը ներկայացնել օգոստոսի 16-ին, երբ Անվտանգության խորհուրդը քննարկում էր հենց Արցախի հարցը։ Տրամաբանական չէ՞ր լինի սկզբում հասնել նրան, որ Ադրբեջանը պատասխանատվության ենթարկվի և Լաչինի միջանցքը ապաշրջափակվի, հետո միայն հումանիտար օգնություն ուղարկել։
Այս ամենից կարելի է անմխիթար հետևություն անել. Ֆրանսիայից հումանիտար օգնության ուղարկումը, թեկուզև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի ուղեկցությամբ, ոչ այլ ինչ է, քան համաշխարհային ասպարեզում սեփական իմիջը բարձրացնելու և հայերի աչքին էժան համբավ ձեռք բերելու փորձ։ Շատ կխոսվի Արցախին աջակցելու փորձի մասին, Ադրբեջանի նկատմամբ հարձակողական ելույթներ կլինեն,բայց Արցախի բնակիչների սառնարաններում դրանից մթերք չի ավելանա։
Ամենատխուրը այդ ամբողջ պատմության մեջ այն է, որ քաղաքական խաղերի գերիներ են դարձել հասարակ արցախցիները, որոնք երկու կողմից շրջապատված են մթերքով լի բեռնատարներով, բայց դրանք ստանալու շանսերը նվազագույն են։ Եվ դրանում ոչ Հայաստանը, ոչ Ֆրանսիան չեն օգնի…
Աղբյուրը` Telegram
Հեղինակի դիրքորոշումը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան