Հայաստանը՝ որպես Արևմուտքի հերթական զոհ

Աշխարհն ավելի ապահով չի դառնում: Չդադարող ռազմական հակամարտությունների պայմաններում կարևոր է չնետվել հերթական արկածախնդրության մեջ՝ վտանգելով սեփական երկրի ապագան։ Բայց, կարծես թե, խոսքը Հայաստանի քաղաքական ղեկավարության մասին չէ, որն ուկրաինական ճգնաժամի ֆոնին ուժեղացնում է հակառուսական հռետորաբանությունը՝ երկիրն Արեւմուտքի քաղաքականության պատանդի վերածելով։

ԶԼՄ-ներում և դիվանագիտական հաղորդակցություններում Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանումը գնալով դառնում է ավելի ոչ ադեկվատ և անկանխատեսելի: ԶԼՄ-ներում հրապարակվել են Taurus հրթիռներն Ուկրաինա ուղարկելու և Ուկրաինայի զինված ուժերին Ղրիմի կամրջի վրայով դրանք արձակելու ուսուցման հարցը  քննարկող գերմանացի չորս բարձրաստիճան պաշտոնյաների բանակցությունները: Դա այն կարմիր գիծն է, որի հատումը աղետալի հետևանքների կարող է հանգեցնել։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարում է ՆԱՏՕ-ի երկրների՝ Ուկրաինային օգնություն ուղարկելու իբրև թե պատրաստակամության մասին: Այս հայտարարությունը գրեթե անմիջապես հերքեցին ՆԱՏՕ-ում Փարիզի բոլոր դաշնակիցները, ինչը զարմանալի չէ. Մակրոնը կորցրել է իր «գաղութներն» Աֆրիկայում և փորձում է տանուլ տվածը ետ բերել: Այնուամենայնիվ, Արևմուտքի երկրները Ռուսաստանի դեմ պայքարում իրենց նպատակներին հասնելու փորձերում գնալով ավելի են մոլեգնում։ Նույնիսկ The Guardian-ի լրագրող Սայմոն Ջենքինսն է նշում, որ Արևմուտքը ռիսկային և անօգուտ էսկալացիայի եզրին է։

Եվ սրանք բոլորը նախանշաններ են այն բանի, որ ուկրաինական նախագիծը լիակատար ձախողման մոտ է։ Այդ մասին են վկայում ԱՄՆ-ի ու ԵՄ-ի պաշտոնյաների կոշտ հռետորաբանությունն ու փորձագետների հայտարարությունները։ Օրինակ, Դանիայի ռազմական ակադեմիայի դոցենտ Պիտեր Վիգգո Յակոբսենը կարծում է, որ Ուկրաինայի զինված ուժերը նոր հակահարձակման համար բավարար ռեսուրսներ չունեն. «Ուկրաինացիներն իրենք են խոստովանում, որ ճնշումների տակ են հայտնվել: Ես չեմ պատկերացնում, որ նրանք առաջիկա տարում հարձակողական գործողություններ ծավալեն, քանի որ դրա համար բավարար տեխնիկա և զինամթերք չունեն»։ Բացի այդ, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հատուկ հանձնաժողովի նախագահ Մայք Թերները CBS հեռուստաալիքի եթերում վստահություն է հայտնել, որ Կիևը կպարտվի, եթե ԱՄՆ-ն չվերսկսի ռազմական օգնության տրամադրումը։ Իտալացի սոցիոլոգ Ալեսսանդրո Օրսինին գրում է, որ ուկրաինացիներն այլևս չեն ցանկանում կռվել. նրանք հասկացել են, որ Կիևը պարտվել է, և փախչում են մարտի դաշտից։

Ուկրաինայի հակամարտությունից այսօր ուղղակիորեն օգուտ են ստանում միայն Արևմուտքի ռազմարդյունաբերական ձեռնարկությունները, որոնք զենք են մատակարարում Կիևին: Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը վերջերս նշել է, որ Ուկրաինայի հակամարտությունը հնարավորություն է տվել ընդլայնել ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրի արտադրական հզորությունները, ստեղծել նոր աշխատատեղեր և, ընդհանուր առմամբ, ամրապնդել ԱՄՆ տնտեսությունը։ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ն սպառազինության մատակարարումներից 80 մլրդ դոլար է վաստակել և ևս 50 մլրդ դոլար՝ եվրոպացի դաշնակիցներին զենք վաճառելուց։

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի կառավարությունը գիտակցում է իր ձախողումը, բայց շարունակում է մոբիլիզացիան և անում է ամեն ինչ, որպեսզի զորակոչային տարիքի տղամարդիկ ռազմաճակատ գնան: Այսօր նրանց արգելված է երկրից դուրս գալ, ծանուցագրերը հանձնում են մարդկանց կուտակումների ցանկացած վայրում, իսկ ծառայության են վերցնում անգամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի անձանց։ Լրատվամիջոցները հայտնում են, որ ի պատասխան այս բռնաճնշումների՝ հսկայական թվով տղամարդիկ ամիսներ շարունակ դուրս չեն գալիս տնից, որպեսզի խուսափեն իրենց համար նախագծած ճակատագրից:

Հասկանալով, որ Ուկրաինայի լիակատար ձախողումն այլևս անխուսափելի է՝ Արևմուտքի երկրներն իրենց հայացքն ուղղեցին դեպի Հարավային Կովկաս ու Հայաստան: Իր երկրի շահերն իրապես պաշտպանող ցանկացած ղեկավար ամեն բան կաներ ապակայունացումը ղեկավարվող պետության տարածք տեղափոխել թույլ չտալու համար: Բայց մեր ղեկավարության պարագայում տպավորություն է ստեղծվում, որ այն հենց դա՛ է ուզում։ Այդ մասին է խոսում մեր խամաճիկային կառավարության հակառուսական հռետորաբանությունը, որը բոլոր ուղղություններով կտրուկ ամբարշտացել է: Փետրվարի 23-ին՝ Ռուսաստանում Հայրենիքի պաշտպանի օրը (ավելի վաղ՝ Խորհրդային բանակի և Ռազմածովային նավատորմի օրը, որը մեր հայրերն ու պապերը նշում էին միասին), Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը սառեցնելու մասին: Իսկ մի փոքր ավել վաղ նա նշել էր, որ «Հայաստանն Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ»։ Դրան ի պատասխան չկարողացան լռել անգլոսաքսերը. Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպին հայտարարեց, որ իր երկիրը ճանաչում է Հայաստանի իշխանությունների՝ ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցման որոշումը և պատրաստ է աջակցություն ցուցաբերել Ռուսաստանից եկող սպառնալիքների դեպքում: Արժե՞ արդյոք հիշեցնել, որ այդ պետությունը 19-րդ դարի վերջին արդեն «պաշտպանել» էր հայերին Ռուսաստանից, ու ինչո՞վ այդ ամենն ավարտվեց այդ ժամանակ։

Հայ փորձագետները թերահավատորեն են տրամադրված երկրի ղեկավարության գործողություններին։ Քաղաքագետ և լրագրող Բենիամին Մաթևոսյանը հարցադրում է անում. «Ուկրաինացիները վերջանում են, ժամանակն է մինչև վերջին հա՞յը կռվելու»: Նա վստահ է, որ ԵՄ-ն իր իբրև թե հայանպաստ բանաձևով չի ծրագրում Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառել։ Հիմնական նպատակը ռուս սահմանապահներին Թուրքիայի հետ սահմանից դուրս մղելն ու այնտեղ հերթական եվրադիտորդներին տեղակայելն է։ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փաշինյանին խիստ խորաթափանցորեն մեղադրեց այն բանում, որ նա կատարում է Թուրքիայի կամքը՝ հետևողականորեն վատթարացնելով Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Փորձագետ Վահե Հովհաննիսյանը նույնպես նշում է, որ մեր երկիրը ռեսուրսներ չունի իր սահմանները վերահսկելու և լարվածության նոր օջախները զսպելու համար: Զվարթնոցից և հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահների հնարավոր հեռացման դեպքում Անկարան, անկասկած, պատրաստակամորեն կարձագանքի պրոքսի ուժերի օգնությամբ Հայաստանում իրավիճակի ապակայունացման հնարավորությանը։

Փաշինյանը մոլագարի համառությամբ ընտրում է Արևմուտքի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը, մինչդեռ նրանց «հրաշք զենքն» Ուկրաինական ճակատում այսօր չի կարող դիմակայել ռուսական ռազմական տեխնոլոգիաներին։ Հավասարապես լավ են այրվում թե՛ գերմանական «Լեոպարդները», թե՛ ամերիկյան «Աբրամսները» և թե՛ ֆրանսիական «Կեսարները»:

Արևմտյան մամուլն ավելի ու ավելի շատ է խոսում այն մասին, որ ուկրաինական նախագիծը ձախողվել է ։ Մեր փորձագետները նշում են, որ նոր թնդանոթի միս փնտրելիս Արևմուտքը նայում է Հայաստանի ուղղությամբ։ Իսկ Փաշինյանն այս պատմության մեջ երկիրը մղում է Ուկրաինային աջակցելու արկածախնդրությանը՝ հայտնվելով երկու քարի արանքում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև