Այսօր Փաշինյանը հերթական մամուլի ասուլիսն է անցկացրել հայաստանյան ԶԼՄ-ների համար։ Չնայած նրան, որ այդ միջոցառմանը ներկա գտնվել թույլատրվել էր բացառապես վարչապետին հավատարիմ լրագրողներին, որոնք, ըստ էության, չէին կարող սադրիչ հարցեր տալ, նա մի շարք հայտարարություններ արեց, որոնցից նորմալ մարդու մոտ առնվազն պետք է տագնապի զգացում առաջանա սեփական հայրենիքի ապագայի համար։
Խոսելով Հայաստանի սահմանների մասին՝ Փաշինյանը հերթական անգամ քար նետեց ՀԱՊԿ-ի բոստանը։ Իբր, մեր բոլոր խնդիրներն այն պատճառով են, որ կազմակերպությունը չի ճանաչում իր պատասխանատվության գոտին։ Բայց հենց ինքն էլ հստակեցրեց, որ հայկական տարածքի այդ՝ 29,8 հազար քառ. կմ թիվը, որն ինքը չէր հոգնում մեր քաղաքացիների գիտակցության մեջ մտցնելուց, պարզվում է՝ չի՛ համապատասխանում իրականությանը։ Հիմա, հղում անելով ադրբեջանական կողմի դիտարկմանը՝ Նիկոլն ասում է, որ այդ տարածքն ավելի՜ փոքր է։
Զարգացնելով ՀԱՊԿ-ի հասցեին դժգոհությունները՝ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը հենց կազմակերպության և Ռուսաստանի համար կարմիր գիծ չդարձավ։ Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով է փաստացի սառեցվել Երևանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին։
Այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների համար ի՞նչ կարմիր գծերի մասին կարելի է խոսել, երբ Հայաստանի կառավարությունն ինքը չի՛ կարողանում իր երկրի տարածքի չափի հարցում կողմնորոշվել:
Այսինքն՝ ՀԱՊԿ-ը պետք է քառակուսի կիլոմետրերով թիվ նշեր, իսկ Փաշինյանն էլ համաձայներ դրա հետ կամ չհամաձայնե՞ր՝ կախված Ադրբեջանի հետ բանակցությունների փուլից։
Ի՜նչ ինքնիշխանության մասին կարող է խոսել, երբ Հայաստանի վարչապետն իր երկրի տարածքի չափերը որոշելու պատասխանատվությունը դնում է այլոց վրա: Երբ նրան ադրբեջանցիները հուշում են, որ 29,8 հազար քառ. կմ-ը շատ է, ու նա համաձայնո՛ւմ է դրա հետ: Իսկ հետո ո՜վ ասես մեղավոր է, բայց ո՛չ ինքը:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան