Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունն իր դահճի ձեռքերում են

Ներկայիս իշխանությունները հանդես են գալիս իբրև Հայաստանի անկախության ու ինքնիշխանության համար պայքարի կատաղի մարտիկներ: Ընդ որում, իրենց պատկերացմամբ ինքնիշխանությունը անկախությունն է բացառապես Ռուսաստանից: Ցանկացած այլ պետության կամ միջազգային կառույցի ենթարկվելը նրանք համարում են ի բարօրություն և հանուն դրա պատրաստ են ամե՜ն ինչի:

Երկու վառ օրինակ: Տեղեկատվական տիրույթում մի քանի օր լուրեր էին շրջանառվում Ուկրաինայի նախագահ Զելենսկու՝ Հայաստան հնարավոր այցի վերաբերյալ: Ընդ որում պաշտոնական դեմքերը թեև չէին հաստատում, բայց չէին էլ հերքում: Ավելին, իշխանության ներկայացուցիչներն ի պատասխան բոլոր այն մտահոգությունների, թե ինչպե՛ս դա կընկալվի Մոսկվայի կողմից, զայրույթով նշում են, թե մենք ինքնիշխան երկիր ենք, և Մոսկվա՛ն չէ, որ պիտի որոշի, թե մենք ում հետ հանդիպենք, մենք առաջնորդվում ենք Հայաստանի պետական շահերով:

Դա, իհարկե, այդպես է: Իսկապես ինքնիշխան պետությունը չպետք է այլոց կարծիքներով առաջնորդվի: Բայց արդյո՞ք այդ նույն Զելենսկու այցն ու Ուկրաինայի հետ կապերի ամրապնդումը բխում են մեր պետական շահերից: Ի՞նչ փորձով կարող է կիսվել Ուկրաինայի նախագահը: Ինչպե՞ս կորցնել սեփական երկրի տարածքներն ու հազարավոր քաղաքացիների: Կարծում ենք՝ Նիկոլն ի՛նքն էլ դա գիտի, օգտագործում է, կիրառում:

Գուցե, նա Հայաստանի վարչապետին կպատմե՞ր, թե ինչպե՛ս բարեկամական հարաբերություններ կառուցել հարևանների հետ կամ ինչպե՛ս մրցունակ տնտեսություն ստեղծել: Ծիծաղելի է Ուկրաինայում օրենսդրական արգելքի ֆոնին բանակցել Ռուսաստանի հետ: Իսկ տնտեսական իրավիճակի մասին կարելի է ընդհանրապես չխոսել. ի՞նչ կարող է սովորեցնել մի երկիր, որը լիովին ու ամբողջապես կախված է արտաքին ֆինանսավորումից, որտեղ Արևմուտքի տրանշների դադարեցման դեպքում անգամ թոշակառուներն ու բյուջետային աշխատողները կարող են մնալ առանց վճարումների

Թե՞ Զելենսկին հեղինակավոր միջնորդ է՝ ունակ խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը մեռյալ կետից շարժելու ու Ադրբեջանին ագրեսիվ մտադրություններից հրաժարվել ստիպելու: Իհարկե՜, նման բան չկա:

Եվ ուրեմն մեր երկրի պետական ո՞ր շահերին է համապատասխանում նրա այցը Հայաստան: Մտքներիս միայն մի պատասխան է գալիս. այդ քայլով մենք ցույց կտանք հավատարմությունը Արևմուտքին: Իսկ դա ուղղակիորեն հակասում է ինքնիշխանության մասին բարձրագոչ կարգախոսներին, ընդհակառակը՝ գլոբալ դիմակայության պայմաններում մենք օտար ձեռքերում գործիք ենք դառնում:

Արդյունքում այցը չկայացավ: Դրա պատճառները բացարձակ այլ խոսակցության թեմա են: Բայց Զելենսկու՝ Հայաստան այցի ձախողման վարկածներից մեկը կրկին ցուցիչ է: Այդ ամենն, իբր, Ադրբեջանի պատճառով է, որը հրաժարվել է ընդունել Ուկրաինայի նախագահին, իսկ առանց տարածաշրջանային բաղադրիչի նրա այցը Հայաստան անիմաստ է: Այսինքն, Հայաստանի իշխանությունները կասկած չունեին Զելենսկուն ընդունելու նպատակահարմարության վերաբերյալ, նրանց կարծիքով դա լիովին համապատասխանում է մեր երկրի շահերին:

Երկրորդ օրինակը: Բոլորը հիշում են Հռոմի ստատուտի վավերացման պատմությունը: Դա ներկայացվում էր իբրև Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարյուր տոկոսանոց տարբերակ, իբրև միջազգային հեղինակավոր կառույցների կողմից միանշանակ աջակցություն Հայաստանի՝ սեփական շահերը պաշտպանելու իրավունքին: Իշխանություններին չվախեցրեց անգամ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարդացնելու հեռանկարը, պայմանավորված նրանով, որ Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Պուտինին կալանավորելու օրդեր է տվել, իսկ Հայաստանը՝ վավերացնելով կանոնադրությունը, պաշտոնապես պարտավոր է նրան ձերբակալել, եթե նա իր տարածքում հայտնվի։

Ու ի՞նչ ենք մենք հիմա տեսնում: Պարզվում է, որ մենք կարող ենք հրաժարվել նախկինում Ադրբեջանի դեմ ներկայացված բոլոր հայցերից, եթե նա նույնն անի: Այսինքն, տարիներ շարունակ ձգված դատական գործընթացները, որոնք, ինչպես մեզ պատմում էին, լավ հեռանկարներ ունեն հօգուտ Հայաստանի, մեկ գիշերվա ընթացքում կկարճվեն, իսկ պահանջները կվերանան։

Մի՛ փորձեք ողջախոհություն փնտրել սրանում. այն ուղղակի չկա: Հռոմի ստատուտը վավերացվեց ո՛չ թե Միջազգային դատարանում հաղթելու հնարավորությունները մեծացնելու, այլ՝ կրկին Արևմուտքին հաճոյանալու համար: Արդյունքում Ադրբեջանին ո՛չ ոք պատասխանատվության չի ենթարկի, ընդ որում՝ Հայաստանի նախաձեռնությամբ, Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացա՛ծ են, Արևմուտքը գո՛հ է: Որևէ մեկն այս ամենում մեր ազգային շահերի ապահովում տեսա՞վ:

Անխոս, ինքնիշխանությունն ու անկախությունը կայացած պետության հատկանիշներ են։ Բայց, ցավոք, մեր ղեկավարների համար դրանք պարզապես գեղեցիկ խոսքեր են, որով իրենք արդարացնում են իրենց բոլոր գործողությունները, անգամ նրանք, որոնք ակնհայտորեն հակասում են ազգային շահերին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև