Մեդիադաշտում անընդհատ հաղորդագրություններ են տարածվում հերթական ինդեքսի կամ վարկանշի վերաբերյալ, որով Հայաստանը ճանաչվում է ամենաժողովրդարական երկրներից մեկը. զավեշտալի է, չէ՞: Դա ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ այն բոլոր դժբախտությունների գիտակցումը, որոնց հետ մենք ստիպված ենք բախվել Հայաստանի իշխանության ապաշնորհ քաղաքականության շնորհիվ:
Անցած օրվա իրադարձությունները հերթական անգամ ցույց տվեցին, որ վարչապետ Փաշինյանն ավտորիտար ղեկավար է, որը ոչ մի քննադատություն չի հանդուրժում: Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը առանց որևէ իրավական հիմքի 30 օրով կասեցրեց «Սպուտնիկ Արմենիա» ռադիոն հեռարձակող «Տոսպա» ընկերության գործունեության արտոնագիրը: Պատճառը՝ հաղորդավարի արտահայտությունները: Ու դա՝ Նիկոլ Փաշինյանի՝ «Անդրկովկասի ամենաժողովրդավար երկրո՞ւմ»: Սա ամենաիսկական գրաքննություն է:
Նման որոշման պատճառը ծիծաղելի է: Կարգավորիչի կայքում հաղորդագրություն է հայտնվել այն մասին, որ «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման եթերում հաղորդման հեղինակն ու վարողը Հայաստանի ու նրա ժողովրդի մասին իբրև թե արտահայտվել է «ծաղրական ու նսեմացուցիչ արտահայտություններով»։ Նաև ասվում է. «Արձանագրվել է նաև, որ հաղորդման ընթացքում հնչեցվել են օրենսդրությամբ արգելված արարքների կոչերի տարածում»: Դա՝ ըստ մեր գրաքննիչների վարկածի: Իսկ ի՞նչ է իրականում տեղի ունեցել:
Եթերում Քեոսայանը հիշատակել է հայ ժողովրդի պատմական հիշողությունը և որպես օրինակ բերել ցեղասպանության մեջ բոլոր մեղավորների պատիժը: Նա միանշանակ քննադատական ու կտրուկ էր Փաշինյանի նկատմամբ, նրան մեղադրել է դավաճանության մեջ ու հարց տվել. մի՞թե Նիկոլը կարծում է, որ «ողջ կմնա այս դավաճանությունից հետո»։ Բայց Քեոսայանը որևէ թթու խոսք չի՛ ասել Հայաստանի և նրա բնակիչների մասին։ Բացասականը եղել է միայն ու բացառապե՛ս Փաշինյանի հասցեին, ով, ըստ երևույթին, իրեն հավասարեցնում է ամբողջ Հայաստանին՝ հասարակության մեջ ձևավորելով կարծիք, թե իր դեմ ցանկացած քննադատական խոսք ինքնստինքյան ենթադրում է երկրի նկատմամբ նեգատիվ։ Բայց ինչի՞ համար:
Տարակերպ կարելի է վերաբերվել Քեոսայանին, բայց, համաձայնեք՝ «Փաշինյանի դավաճանության» վերաբերյալ նրա արտահայտությունների հետ մեր հասարակության մեծ մասը համաձայն է:
Կարգավորիչի հայտարարության մեջ նշվում է, որ առանց հայկական քաղաքացիության Քեոսյանը երկիրը գնահատելու որևէ բարոյական իրավունք չունի: Այդ դեպքում եկեք հետևողական լինենք ու սկսենք արգելել արևմտյան դիտորդների կարծիքները, ովքեր գովերգում են ժողովրդավարությունը Հայաստանում, չէ՞ որ նրանք այլ երկրի քաղաքացիներ են, ու, մեր հանրապետությունում կատարվող իրադարձությունները գնահատելու բարոյական իրավունք երևի պիտի չունենան: Բայց դա չի՛ լինի, քանի որ նրանք անձամբ Նիկոլ Փաշինյանին չեն վիրավորում:
«Տոսպա» ընկերությանը մեկ այլ հաղորդման համար տուգանել են նաև 1,2 հազար դոլարով՝ որպես «Sputnik Արմենիա» ռադիոյի վերահեռարձակող. նախկին պատգամավոր Արմեն Աբովյանի հեղինակային հաղորդման եթերում հանձնաժողովն արձանագրել է «իրականությանը չհամապատասխանող ու չստուգված աղբյուրների վրա հիմնված և խուճապ առաջացնող» պնդումներ: Ըստ Աբովյանի՝ սա լրատվական դաշտում գրաքննության դրսևորում է: «Մենք մի իրավիճակ ունենք, երբ այլախոհների համար փորձում են ուղղակի պայման ստեղծել, որ չխոսեն», — նշեց նա: Վերահեռարձակող ընկերության փաստաբանն էլ հայտարել է. «Եթե այսպես շարունակվի, ապա մենք կհասնենք գրաքննության, քանի որ մարդու արտահայտած կարծիքի համար հեռարձակողը պատասխանատվության է ենթարկվում»:
Լա՜վ, եթե Քեոսայանի դեպքում դեռ կարելի է ենթադրել, որ նա կարող է իրավիճակին չտիրապետել՝ Հայաստանից դուրս գտնվելով, ապա Աբովյանն էլ հո թե՛ Հայաստանի քաղաքացի է, թե՛ պատգամավոր է եղել ու թե՛ այստեղ է բնակվում: Նա՞ էլ իր գնահականը տալու իրավունք չունի:
Արևմտյան ժողովրդավարության տխրահռչակ մոդելը քարոզելով՝ Նիկոլն իրականում դարձել է իսկական ավտորիտար բռնապետ, որն իր լուսապայծառ անձի հանդեպ այլընտրանքային կարծիք կամ քննադատություն չի հանդուրժում։ Ի դեպ, եվրոպական ժողովրդավարության ևս մի հիանալի արտահայտում. Թուրքիայի ճնշման ներքո երեկ գերմանական Քյոլնում ապամոնտաժվել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը: Ո՛չ մի զարմանալի բան: Նիկոլը Հայաստանում էլ է «ապամոնտաժում» այդ ողբերգության մասին հիշողությունը։
Ի՞նչն է այդքան վախեցրել Փաշինյանին։ Դավաճանության մասին խոսքե՞րը: Բայց հենց նրա՛ քաղաքականությունն է մեզ տանում դեպի պատմական հիշողությունից (այդ թվում՝ Ցեղասպանության մասին), ազգային խորհրդանիշներից հրաժարում և, ի վերջո՝ դեպի Հայաստանի «թրքացում»: Թե՞ Նիկոլը վախենում է իր արած ամեն ինչի համար հատուցումից:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Սովորեք երկխոսել առանց կռվախոսության։ բարձրացեք հակադրություններից, խնդիրները լուծումներ ունեն։