Ամերիկացի քաղաքական գործիչները շարունակում են «պարացնել» Հայաստանի բնակիչներին և ամպագոռգոռ հայտարարություններ անել, որոնք միամիտ մարդիկ կարող են ընկալել իբրև Հայաստանը պաշտպանելու Վաշինգտոնի պատրաստակամություն: ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը նոյեմբերի 15-ին ասել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթացի բացակայության և սեպտեմբերի 19-ի ագրեսիայի պատճառով Նահանգները չեղյալ են հայտարարել Ադրբեջանի հետ նախատեսված բարձր մակարդակով բոլոր հանդիպումները: Ընդամենը երեք շաբաթ անց նա հայտարարեց Բաքու կատարելիք այցի մասին։
Ուղևորության արդյունքների մասին սոցիալական ցանցերում նա ուրախությամբ զեկուցեց. «Դրական և կառուցողական հանդիպումներ եմ ունեցել Բաքվում։ Ինչպես ասացի նախագահ Ալիևին՝ ԱՄՆ-ն ողջունում է կենտրոնական բանկի նախագահի և էներգետիկայի նախարարի այցերը, իսկ պետքարտուղար Բլինքենը հույս ունի՝ Վաշինգտոնում խաղաղ բանակցությունների համար շուտով հյուրընկալել ԱԳ նախարարներ Բայրամովին և Միրզոյանին»:
Ահա այսպես են Բաքվի նավթի դիմաց վաճառվում հայ ժողովրդի շահերը։ Ու սա՝ Ալիևի հերթական սպառնալիքների ֆոնին, ով պահանջել է Սյունիքով Նախիջևան մուտք կազմակերպել առանց որևէ խոչընդոտի. «Ադրբեջանից Նախիջևան պետք է Սյունիքով ազատ մուտք լինի։ Դրա հետ կապված չպիտի լինեն մաքսավճարներ, ստուգումներ, ընթացակարգեր, սահմանապահներ»։
Արևմուտքի ու, մասնավորապես, ԱՄՆ-ի ստերի մասին միայն ծույլը չի խոսել։ Նույնիսկ իրենք՝ ամերիկացիները, երբեմն անկեղծանում են իրենց երկրի քաղաքականության վերաբերյալ: Օրինակ՝ լրագրող Ջոն Վարոլին հայկական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է. «Ո՜ւր էլ գնանք՝ մենք հակամարտություններ ենք հրահրում. Ուկրաինայում, Կովկասում, Իսրայելում… Մենք հակամարտություններ ենք փնտրում, որպեսզի երկու (պատերազմող) կողմերից օգուտ քաղենք… Ցավոք, կան մարդիկ, ովքեր մտածում են. «O՜, ինչ լա՛վ է, Ամերիկան գալիս է, բոլոր հարցերը կլուծի»։ Հետո նրանք հասկանում են, որ ինչ-որ բան այն չէ։ Եթե ինձ չեք հավատում, հարցրեք Իրաքում, Աֆղանստանում, Սիրիայում, Լիբիայում, Վիետնամում»:
ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամ Բիլ Քիթինգը Վաշինգտոնում Սենատի լսումների ժամանակ ընդգծել է, որ Նահանգները պետք է ավելի ակտիվորեն միջամտեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանն ու փորձեն Ռուսաստանին ամբողջությամբ դուրս մղել տարածաշրջանից: Շա՜տ համարձակ հայտարարություն է: Բայց, չգիտես ինչու, այս մեջբերումներն այդքան տարածում չեն ստանում, որքան՝ բացահայտ քարոզչական հայտարարություններն ու արևմտյան պաշտոնյաների «աջակցության խոսքերը»:
Կատարյալ անխոհեմություն է՝ հույսը դնել այլ պետությունների վրա, որոնց միշտ մտահոգում են միայն սեփական շահերը։ Առավել հիմարություն է՝ հույսը դնել արևմտյան երկրների վրա, որոնք այլ ժողովուրդների հետ վարվում են այնպես, ինչպես գաղութներում սպիտակ պարոնը՝ աբորիգենների հետ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան