Եվ այսպես, Հայաստանն անվտանգության երաշխիքների փաթեթ է ստացել ԱՄՆ-ից. ինչպես և ակնկալվում էր՝ դրանում հակառուսական կետեր կան։ Հասարակության լայն զանգվածներն այդպես էլ չհասկացան, թե ինչում են արտահայտվում այդ երաշխիքները՝ պայմանագրերո՞ւմ, թե՞ հայտարարություններում, համաձայնագրերո՞ւմ, թե՞ բանավոր քննարկումներում։ Մեր դիվանագետների և ղեկավարության պարագայում ամեն ինչ կարելի է սպասել։
Հետաքրքիր է, որ Վաշինգտոնի «երաշխիքներից» ոմանք ուղղակիորեն վերաբերում են մեր երկրի տնտեսությանն ու պարենային անվտանգությանը: Մասնավորապես, ԱՄՆ-ն խոստանում է ցորենի և ալյուրի ներկրման համար համապատասխան այլընտրանք տրամադրել Հայաստանին։ Եկեք դրան ավելի մանրամասն անդրադառնանք:
Այս պահին Ռուսաստանը ցորենի և ալյուրի մատակարարման համաշխարհային առաջատարներից մեկն է, որը թելադրում է գնագոյացման իր կանոնները։ 2022 թվականի արդյունքներով ՌԴ-ն հավաքել է 104,2 մլն տոննա ցորեն։ 2021-2022 գյուղատնտեսական տարվա արդյունքներով ՌԴ-ից ցորենի արտահանումը կազմել է 30,7 մլն տոննա։ Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ն արտադրել է 44,9 միլիոն տոննա և 2021/2022 ժամանակաշրջանում արտահանել 21,7 միլիոն տոննա: Այսօր ցորենի 99 %-ը Հայաստան է ներկրվում Ռուսաստանից։ Ի՞նչ կլինի, եթե ԱՄՆ-ի ցուցումով մենք հրաժարվենք այդ հացահատիկից: Հաշվի առնելով, որ Ուկրաինայի «ցորենային» ներուժը, որի վրա այդքան հույս ուներ Արևմուտքը, գրեթե զրոյացված է, և մոտ ժամանակներս անիմաստ է Կիևից մատակարարումներ սպասել, անհասկանալի է, թե ինչո՛վ կարող է փոխարինվել ռուսական ցորենը։ Եթե ամերիկյան հացահատիկի և ալյուրի սեփական ծավալները հասնեն Հայաստան, ապա՝ թանկացված գներով. ԱՄՆ-ից թե՛ էներգակիրներ, թե՛ ցորեն բերելը թանկ է։ Մենք պարզապես կմնանք առանց հացի: Ու այդ ամենը հանուն ինչի՞: Հանուն Նիկոլ Փաշինյանի և իր թիմի անձնական հավակնությունների՞:
Եվ առհասարակ՝ ինչպե՞ս կարելի է հավատալ Վաշինգտոնին, որը Հայաստանին բացահայտ շանտաժի է ենթարկում՝ աջակցություն խոստանալով ոչ միայն Ռուսաստանի, այլև Իրանի հետ հարաբերությունները խզելու դիմաց: Մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը հայտարարել է, որ տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա առանց Իրանի մասնակցության։ Հակառակ դեպքում, ըստ նրա, դա կհանգեցնի ԱՄՆ-ի վճռական պատասխանին։
Ի դեպ, մինչ Հայաստանում արևմտամետ հարթակները տարածում են Վաշինգտոնի և Բաքվի հարաբերությունների՝ իբր թե սառեցման թեզը, հաղորդվում է, որ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցում Ադրբեջանի առաջնորդը համաձայնել է Բլինքենի օգնական Օ’Բրայենի այցին Բաքու: Ընդ որում, այդ համաձայնությունը ստացվել է ամերիկյան կողմից բարձր մակարդակով շփումների սահմանափակումները վերացնելու ադրբեջանական պայմանի դիմաց։ Ինչպես դժվար չէ կռահել՝ Վաշինգտոնը Բաքվի պայմանն ընդունել է։ Այնպես որ, ամերիկացիները մեզ հետ մատնոցախաղ են խաղում՝ առաջ տանելով սեփական շահերը։
Որքան առաջ ենք գնում՝ այնքան ակնհայտ է, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ինֆանտիլ վերաբերմունք է դրսևորում հավաքական Արևմուտքի խոստումներին և անսահման վստահում իր տերերին։ Ոչ մի անկախության մասին այլևս խոսք չի գնում. մեր նախնիների արյամբ վաստակած հայոց պետականությունն այսօր խաղալիք է դառնում նոր տիրոջ ձեռքերում:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան