1941 թվականի հունիսի 22-ի առավոտյան առանց պատերազմ հայտարարելու ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Հայերի համար մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին հենց առաջին օրերից դարձավ կյանքի և մահու հարց։ Չէ որ Խորհրդային Հայաստանի սահմանին Թուրքիան կենտրոնացրել էր 26 զինված դիվիզիա՝ սպասելով հարձակման հնարավորության։ Դրանից երկու տարի առաջ՝ 1939 թվականի օգոստոսի 22-ին Ադոլֆ Հիտլերը հիշատակել էր հայերի ցեղասպանությունը՝ իր զինվորական հրամանատարներին սլավոնական ազգերի ոչնչացման հրաման տալով։ “Այժմ, մեր օրերում էլ ո՞վ է հիշում 1915 թվականին Թուրքիայում միլիոնավոր հայերի ոչնչացման մասին”,-հայտարարել էր նա։
Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերից հայերը կամավոր էին գրվում։ Այսպես, 1941-1942 թվականներին մեր երկրում կազմավորվեցին 89-րդ, 408-րդ, 409-րդ և 261-րդ հրաձգային դիվիզիաները, որոնց կազմում հիմնականում հայեր էին։ 76-րդ լեռնահրաձգային դիվիզիան նորից դարձավ ազգային։ Երկրում նաև գործում էին 31-րդ, 61-րդ, 136-րդ (15-րդ գվարդիական), 138-րդ (70-րդ գվարդիական), 151-րդ, 236-րդ, 320-րդ, 406-րդ հրաձգային դիվիզիաները և մի շարք այլ ստորաբաժանումներ։
Զորակոչված հայերից ամեն երրորդը զոհվեց ճակատում՝ ամբողջությամբ 200 հազար մարդ։ Դա համեմեմատելի է ամբողջ ամերիկական բանակի կորուստների հետ, որը պատերազմի տարիներին կորցրել է 300 հազար զինվոր։
Թիկունքում մնացած հայերը՝ գիտնականներ, նկարիչներ, գրողներ, բանվորներ, կոլխոզի աշխատողներ, արտիստներ, բժիշկներ, ուսուցիչներ, կուսակցական և խորհրդային աշխատողներ և այլք, անում էին ամեն ինչ հաղթանակը մոտեցնելու համար։ Դեռ պատերազմի սկզբին 300 հազար հայրենակիցներ ստորագրել էին պատերազմի դաշտում կռվող իրենց եղբայրներին ուղղված դիմումի տակ։ Բացի թերթերի հրապարակումներից, 1942 թվականի աշնանը նամակները հրատարակվել էին բրոշուրի տեսքով և ուղարկվել ճակատ։
Այնտեղ ասվում էր Արևելյան Հայաստանում 1915 թվականի ջարդի սև օրերի մասին, երբ թուրքերին ոգեշնչող և աջակցող ուժ հանդիսացավ կեսարական Գերմանիան։ Նամակում նաև պատմվում էր Խորհրդային հայերի հերոսությունների, բանվորների և ինտելեգենցիայի քրտնաջան աշխատանքի մասին, որոնք միավորել էին ուժերը թշնամուն ջախջախելու համար։
“Օր ու գիշեր մեր գործարանները աշխատում են,-նշվում էր նամակում,-Հայաստանի բանվորները հաղթահարում են բոլոր դժվարությունները, որպեսզի երկիրը հարուստ ու ուժեղ լինի։ Դուք զենքի և զինամթերքի պակաս չեք ունենա։ Մենք տասնյակ նոր տեսակի արտադրանք ենք տալիս, որպեսզի ձեր արձակած կրակը դիպուկ լինի և հարվածը կործանիչ…”
Հայ ժողովրդի կողմից զինվորներին ուղղված նամակը միլիոնավոր օրինակներով տարածեցին ԽՍՀՄ բոլոր լեզուներով, բոլոր ճակատներում, հասցրին բոլոր զինվորներին և հրամանատարներին։ Այն մեծ ազդեցություն ունեցավ առաջնագծում կռվող մեր հայրենակիցների վրա։
Այն օրերից արդեն մի ամբողջ ժամանակաշրջան է անցել, բայց ԽՍՀՄ բազմազգ հաղթանակած ժողովրդի հերոսությունը մենք հիշում ենք նաև այսօր։ Այդ հիշողությունը պետք է պահպանել ապագա սերունդների համար և թույլ չտալ, որ ողբերգությունը կրկնվի։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան