Նիկոլ Փաշինյանը շարունակում է նվաստացնել Հայաստանը՝ զրկելով նրան հպարտությունից ու արժանապատվությունից
Ինչ-որ մի պահի գործող իշխանությունը որոշեց, որ սնանկ երկիր Ուկրաինան հենց այն գործընկերն է, որի հետ շտապ կարգով պետք է հարաբերություններ զարգացնել, որ հենց նման քաղաքականությունը կհաստատի Հայաստանի հաջողությունները ժողովրդավարության ամրապնդման գործում: Ու ահա՜ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանն, այցելում է Կիև ու այնտեղ տանում ուկրաինացի երեխաների համար սմարթֆոնների ու պլանշետների մի խմբաքանակ, անձամբ Փաշինյանը Գրանադում հանդիպում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, Ազգային Ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպում է իր ուկրաինացի գործընկեր Ռուսլան Ստեֆանչուկի հետ, իսկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ Մալթայում բանակցում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ: Ու բոլորը միահամուռ համոզում են միմյանց երկկողմ հարաբերությունների զարգացման առաջնահերթության, ընդհանուր արժեքներին ու իդեալներին հավատարմության մեջ: Իսկ վե՞րջը: Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանևսկին բաքվեցիներին շնորհավորեց Արցախի դեմ 44-օրյա պատերազմում «հաղթանակի օրվա» կապակցությամբ հետևյալ բառերով. «Ժամանակին ուկրաինացիները կանգնեցին ադրբեջանցիների հետ կողք կողքի՝ հետ մղելով թշնամու հարձակումը»: Թերևս, բացատրելու կարիք չկա, թե ո՛ւմ նա ի նկատի ուներ՝ «թշնամի» բնորոշումը տալով:
Անցանք առաջ: Երևան է ժամանել Իտալիայի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Ջուզեպպե Կավո Դրագոնեն, ում գրկաբաց ընդունեցին նրա հայ գործընկեր Էդվարդ Ասրյաննո ւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Կողմերը քննարկել են երկկողմ գործակցության վարդագույն հեռանկարները: Ու մի տեսակ մոռացել, որ Իտալիան Ադրբեջանի առևտրային առաջին գործընկերն է, իսկ ապրանքաշրջանառության հիմնական մասը կազմում է ադբեջանական նավթի ու գազի արտահանումնը: Չեն հիշել նաև այն մասին, որ Իտալիան ակտիվ մասնակցություն ունի Ադրբեջանի ԶՈւ արդիականացման հարցում, իսկ ռազմատեխնիկական գործակցության ոլորտում կնքված և ստորագրման պատրաստվող պայմանագրերի ընդհանուր արժեքը գնահատվում է 1-2 մլրդ եվրո: Բաքվի կողմից պահանջված ռազմական նշանակության արտադրանքի ցանկում են ուսումնավարժական և ռազմատրանսպորտային ինքնաթիռները, զենիթային ինքնագնաց կայանքներն ու զենիթահրթիռային համալիրները:
Հարկ է նշել Հայաստանի «հաջողությունները» նաև մշակութային ժառանգության պահպանման ոլորտում: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Փարիզում մասնակցում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանին, որի ընթացքում Ադրբեջանը փոխնախագահ է ընտրվել: Այս առիթով իր վրդովմունքն է հայտնել ո՛չ թե Հայաստանի ԱԳՆ-ն, վարչապետի աշխատակազմը, Ազգային ժողովի նախագահը, այլ՝ ֆրանսիական «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը։ Ադրբեջանի կողմից Արցախի 9-ամսյա շրջափակման ֆոնին նա նման որոշումը ամոթալի է համարել: Չէ՞ որ ՅՈւՆԵՍԿՕ-ի դիրքորոշումներն շատ կարևոր են ողջ հայության մշակութային ու պատմական ժառանգության պաշտպանության գործում: Այդ կազմակերպության կառավարման մարմիններում Ադրբեջանի ներկայացվածությամբ միամտություն է կարծելը, որ Արցախում հայկական հուշարձանները, գերեզմաններն ու եկեղեցիները պաշտպանված կլինեն, եթե առհասարակ պահպանվեն: Բայց այդ կապակցությամբ Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչներից ո՛չ մի արձագանք չեղավ։ Վերջին իրադարձությունների լույսի ներքո միանգամայն օրինաչափ կլինի, եթե Միրզոյանը նաև շնորհավորի իր ադրբեջանցի գործընկերներին՝ ՅՈւՆԵՍԿՕ-ում այդ բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Այս բոլոր իրադարձություններն ու հայաստանյան իշխանությունների գործողությունները ողջախոհ մարդկանց մոտ տարակուսանք են առաջացնում: Մի՞թե կարելի է այսքա՜ն անսկզբունք լինել ու չնչին արժանապատվությո՜ւն անգամ չունենալ, որպեսզի շարունակես ժպտալ ու հավատարմության երդում տալ նրանց, ովքեր մեկը մյուսի ետևից քաղաքական ապտակներ են հասցնում:
Երբ Հայաստանը ՀԱՊԿ-ից քաղաքական գնահատականներ չստացավ Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման վերաբերյալ, իշխանությունները սկզբունքայնություն դրսևորեցին ու հրաժարվեցին ստորագրել Հավաքական անվտանգության խորհրդի ամփոփիչ հայտարարությունը: Բայց ո՞ւր կորավ այդ սկզբունքայնությունն այլ դեպքերում: Ինչո՞ւ դեմարշներ չեն արտահայտվում Ուկրաինայի հասցեին, որի առաջ այդչափ ջանասիրաբար փռվել են Հայաստանի գրեթե բոլոր առանցքային պաշտոնյաները: Ինչո՞ւ են ՅՈւՆԵՍԿՕ-ին քննադատում ֆրանսիացիները, այլ ոչ թե հայկական իշխանությունները: Ինչո՞ւ են ռազմական գործակցության հարցեր քննարկվում նրա հետ, ով Եվրոպայում բոլորից շատ է ֆինանսավորում ագրեսորին:
Ներկայիս իշխանություններն իրենց որոշումներով ողջ միջազգային հանրության մոտ ձևավորում են Հայաստանի կերպարը՝ որպես պետության, որը պատրաստ է հանդուրժել ցանկացած նվաստացում, աչք փակել բացահայտ հակահայկական քայլերի վրա, միայն թե ժողովրդավարության ամրապնդման համար արևմտյան գործընկերների շնորհակալությունը ստանա։ Վաղ թե ուշ այս իշխանությունները կհեռանան, իսկ մեր երկրի՝ նրանց ստեղծած կերպարը, ցավոք, դեռ երկար կմնա այլ ժողովուրդների հիշողության մեջ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան