1995 թվականի մարտի 16-ին ՌԴ-ն և Հայաստանը Գյումրիում 25 տարով ռուսական 102-րդ ռազմակայանի տեղակայման վերաբերյալ պայմանագիր կնքեցին, 2010 թվականին այդ ժամկետը երկարաձգեցին մինչև 2044 թվականը: Սակայն վերջին շրջանում բազան ոսկորի պես կանգնել է Արևմուտքի կոկորդում, որը ձգտում է ռուս զինվորականներին դուրս բերել Հայաստանից։ Իսկ մեր արևմտամետ խամաճիկ կառավարությունը նպաստում է այդ գործընթացին՝ երկիրը դարձնելով աշխարհաքաղաքական մարտադաշտ։ Ուստի զարմանալի չէ, որ Փաշինյանի և նրա խմբակի հռետորաբանությունը գնալով ավելի ու ավելի հակառուսական է դառնում։
Առհասարակ զարմանալի է, թե ինչպե՛ս է Փաշինյանն առանց խղճի խայթի ստում ու հռետորաբանությունն անընդհատ փոփոխում ճիշտ հակառակ ուղղությամբ։ 2018 թվականին նա ասում էր, որ 102-րդ բազան Հայաստանի անվտանգության համակարգի կարևոր մասն է։ Իսկ 2023-ի հոկտեմբերին հայտարարեց, որ արդեն «որևէ առավելություն չի տեսնում Հանրապետությունում ռուսական ռազմաբազայի շարունակական ներկայության մեջ»։ Այնուհետև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի վերջին հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները չեն քննարկում երկրից ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը, սակայն կարծում են, որ անվտանգության ներկայիս ճարտարապետությունը չի գործում:
Հաջորդիվ ի՞նչ քայլ կանի Հայաստանի կառավարությունը: Քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանը կարծում է, որ իշխանությունները առաջ կտանեն Հայաստանի արտադաշինքային կարգավիճակը՝ հետագայում ռուսական 102-րդ ռազմաբազայի մասին հայ-ռուսական պայմանագրի դենոնսացիայով ու երկիրը ՀԱՊԿ-ից դուրս բերելով:
Ավելի լավ է՝ խոսենք աշխարհաքաղաքական խաղերի և դրանցում Նիկոլի ու նրա հանցակիցների մասնակցության մասին։ Ո՞րն է 102-րդ բազայի արժեքը: Նրա տեղակայման վայրը պատահական չէ ընտրվել. բազան տեղակայված է Գյումրիում, որը գրեթե Թուրքիայի հետ սահմանին է գտնվում: Դա խոսում է այն մասին, որ նրա գլխավոր նպատակը Հայաստանը արտաքին սպառնալիքներից պաշտպանելն է: Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը կարծում է, որ 102-րդ ռազմաբազան կարևոր պատմաքաղաքական առաքելություն է իրականացնում ու ռուսական սահմանապահ զորքերի հետ միասին թույլ չի տալիս, որ Հայաստանը վերածվի Սիրիայի: Եթե ռուս զինվորականները հեռանան, նման սցենարն անխուսափելի է. Սիրիայում թուրքերն արդեն հիմնովին հաստատվել են Իդլիբում և նրանից փաստացի ստեղծել են իրենց վիլայեթը։
Եթե մի պահ ենթադրենք, որ մեր ղեկավարությունն անգամ Հայաստանի համար ներկայիս աղետալի պայմաններում չի կորցրել ադեկվատությունն, ապա ո՞րն է նրանց գործողությունների տրամաբանությունը։ Ինչի վրա է հույս դնում Նիկոլը՝ խզելով Ռուսաստանի հետ հարաբերությունները: Գուցե նա ինչ-որ նյութական աջակցություն է ակնկալում Արևմուտքից։ Օրինակ, ըստ ԶԼՄ-ների, Գերմանիան Հայաստանին ֆինանսական օգնություն է առաջարկում ռուսական զորքերը երկրից դուրս բերելու և հակառուսական այլ քայլերի դիմաց։ Բեռլինը ջանասիրաբար միջամտում է բանակցային գործընթացին՝ փորձելով նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել։
Բայց արժե՞ արդյոք հույսը դնել հերթական արևմտյան պետության վրա, որը Հայաստանին աջակցելու համար ոչի՜նչ չի արել, այլ միայն դատարկ խոստումներ է տալիս։ 2024 թվականի մարտի 4-ին Բունդեսթագի պատգամավոր Եվգենի Շմիդտը Բեռլինում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքներում հայտարարեց. «Գերմանիայի վրա ընդհանրապես ոչ ոք չպետք է հույս դնի: Այն համ ոչ հուսալի միջնորդ է, համ էլ միջազգային ասպարեզում որևէ անկախ խաղացող չէ, այսինքն՝ ՆԱՏՕ-ին լիովին ենթակա կառույց է կամ պետություն։ Գազի մատակարարումների պատճառով Գերմանիան ի սկզբանե ավելի ադրբեջանամետ դիրքորոշում ուներ, բայց հաշվի առնելով այն, որ Հայաստանը հակառուսական քաղաքականություն է վարում և այնտեղ է գտնվում ռուսական ռազմաբազան, փորձ է արվում ապակայունացնել իրավիճակն ու Հայաստանը քաշել իր շահերի տիրույթ»:
Ակնհայտ է, որ գերմանացիների, ճիշտ ինչպես ֆրանսիացիների, բրիտանացիների և որևէ այլ մեկի խոստումներն ընդամենը դատարկ խոսքեր են: Արևմուտքը տարածաշրջանում ներկայացված է ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիայով, որն էլ ապահովելու է դաշինքի ներկայությունը հայկական տարածքում։ Իսկ թե ումի՛ց են ՆԱՏՕ-ականները պատրաստվում պաշտպանել Հայաստանը, Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպպին արդեն ուղիղ հայտարարել է։
Հայաստանը շարունակելու են օգտագործել ՌԴ-ի դեմ պայքարում՝ աստիճանաբար մեր երկիրը վերածելով Ուկրաինայի։ Իսկ դրա համար Արևմուտքին պետք է ռուսական բազան շտապ հեռացնել մեր հողից։ Այդ իսկ պատճառով Փաշինյանն ու իր կոդլը ավելի ու ավելի հաճախ են հանդես գալիս հակառուսական հռետորաբանությամբ և վարկաբեկում երկրում ՌԴ ռազմական ներկայությունը։ Ու նրանք թքած ունեն ընդհանուր առմամբ Հայաստանի անվտանգության ու գոյության սպառնալիքների վրա:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան