81 տարի առաջ սկսվել է Ստալինգրադի ճակատամարտը

 | 

1942 թվականի հուլիսի 17-ին սկսվեց Հայրենական մեծ պատերազմի ամենախոշոր ճակատամարտերից մեկը՝ Ստալինգրադի ճակատամարտը։ Այն տևել է 200 օր ու գիշեր և արդյունքում բեկվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքը։ Ավելի քան 1 մլն խորհրդային զինվորներ, որոնք պայքարել են քաղաքի ամեն մի մետրի համար, մոտ 760 հազար մարդ ստացել են “Ստալինգրադի պաշտպանության” մեդալ, ևս 125 զինվորներ ստացել են Խորհրդային Միության հերոսի կոչում։

Ստալինգրադի ճակատամարտը կենսական նշանակություն ուներ ամբողջ Անդրկովկասի համար։ Ճակատամարտի սկզբին Թուրքիան ԽՍՀՄ հետ սահմանին էր կենտրոնացրել 26 հետևակային դիվիզիաներ և պատրաստ էր մտնել պատերազմի մեջ։ Եվ միայն Ստալինգրադի մատույցներում ֆաշիստների ջախջախումը կարողացավ սթափեցնել թուրքական իշխանություններին չհարձակվել Խորհրդային Միության վրա։

Միության բոլոր հանրապետությունների ներկայացուցիչների հետ միասին Ստալինգրադը պաշտպանել են ավելի քան 30 հազար հայեր։ Նրանցից 2 հազարը կռվում էին ռազմաօդային զորքերի կազմում, մոտ հազար մեր հայրենակիցները զոհվել են տանկային թեժ մարտերում։ Ստալինգրադի ճակատամարտում ցուցաբերած հերոսության համար հազարավոր հայ մարտիկներ պարգևատրվել են Կարմիր Դրոշի, Ալեքսանդր Նևսկու, Հայրենական պատերազմի 1-ին և 2-րդ աստիճանի, Կարմիր աստղ շքանշաններով, “Արիության համար” և “Մարտական ծառայության” մեդալներով, հինգ հայ դարձել են Խորհրդային Միության հերոս։

Ստալինգրադի մատույցներում զոհվեց ճակատամարտին մասնակցած ամեն երրորդ հայ։ Զոհվածների շարքում էին, օրինակ, Վլադիմիր Միկոյանը՝ լեգենդար օդաչու, ԽՍՀՄ արտաքին առևտրի նախարար Անաստաս Միկոյանի որդին։ Երկու թշնամական ինքնաթիռ տապալելուց հետո Վլադիմիրը չի կարողացել ողջ դուրս գալ օդային մենամարտից։ Նրա և մնացյալ 10 հազար զոհված հայերի հիշատակին Մամաև Կուրգանի հուշահամալիրում 2017 թվականին կանգնեցվել է խաչքար։

Ստալինգրադի ճակատամարտում աչքի են ընկել նաև այլ հայեր։ Ավիաէսկադրիլի հրամանատար ավագ լեյտենանտ Սերգեյ Բուրնազյանը 224 մարտական թռիչք է իրականացրել և կործանել թշնամու 22 ինքնաթիռ։ Նա ստացել է Խորհրդային Միության հերոս։ Մայոր Սերոբ Գրիգորյանը հաջողությամբ ղեկավարել է Կլետսկի պլացդարմի գրավմանը։ Գվարդիայի մայոր Մաթևոս Մադաթյանը ճակատամարտի առաջին օրերին մարտական ծառայության համար ստացել է Լենինի շքանշան։

Հայերը ոչ միայն պաշտպանել են Ստալինգրադը, այլ նաև ակտիվորեն մասնակցել են դրա վերականգնմանը։ 1943 թվականի հոկտեմբերին Ստալինգրադում աշխատել է ԽՍՀՄ Ճարտարապետական Ակադեմիան փոխնախագահ Կարո Սեմյոնի Հալաբյանի գլխավորությամբ։ Նրա ղեկավարությամբ մշակվել է Ստալինգրադի վերականգնման և զարգացման պլանը։ Մեծ վարպետություն ունեցող ճարտարապետը նախագծել է քաղաքի պլանը ոչ միայն որպես արդյունաբերական և ադմինիստրատիվ կենտրոն, այլ նաև որպես հերոս քաղաք-հուշարձան։ Հերոս քաղաքի վերականգնմանը մասնակցել են հազարավոր քարտաշներ, էլեկտրիկներ, ներկարարներ, պատշարներ Հայաստանից։ Հայաստանում մեծ թափով միջոցներ էին հավաքվում Ստալինգրադի և պատերազմից տուժած այլ քաղաքների ղեկավարման համար։

Այսօր նացիստների ժամանակակից հետևորդները Եվրոպայի մի քանի երկրներում փորձում են պատմությունը խեղաթյուրել և անարգել Հայաստանի ապագայի համար կյանքը տված մեր հայրենակիցների հիշատակը։ Այդ պատճառով ամեն օր մենք պարտավոր ենք հիշել մեր հայրենակիցների հերոսությունը՝ մեր հերոսների նկատմամբ բարբարոս վերաբերմունք թույլ չտալու և ֆաշիզմի մասին ընդհանուր հիշողությունը պահպանելու համար։

Comments (2)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև